Ե՞րբ եւ ինչպէ՞ս է ստեղծուել Աստուածաշնչի կանոնը:



Հարց. Ե՞րբ եւ ինչպէ՞ս է ստեղծուել Աստուածաշնչի կանոնը:

Պատասխան.
«Կանոն» եզրը գործածւում է այն գրքերի համար, որոնք գերբնականօրէն ներշնչուած են, հետեւաբար եւ պատկանում են Աստուածաշնչին: Սուրբգրային կանոնը որոշելու բարդութիւնն այն է, որ Աստուածաշունչը չի թուարկում այն գրքերը, որոնք սուրբգրային են: Աստուածաշնչեան կանոնը որոշելը տեւական գործընթաց է եղել, որը վարել են նախ հրեայ ռաբբիները, յետագայում՝ վաղ քրիստոնեաները: Ի վերջոյ Աստուած է որոշել, թէ որ գրքերն են կանոնական, որոնք ոչ: Աստուածաշնչեան որեւէ գիրք կանոնական է եղել այն պահից, երբ Աստուած ներշնչել է դրա գրի առնելը: Աստուած պարզապէս համոզել է Իր հետեւորդ մարդկանց, թէ որ գրքերը պէտք է ընդգրկուեն սուրբգրային կանոնի մէջ:

Նոր Կտակարանի հետ համեմատած՝ շատ քիչ տարաձայնութիւն է եղել Հին Կտակարանի կանոնի հարցում: Եբրայեցի հաւատացեալները ճանաչել են Աստուծոյ պատգամաբերներին եւ նրանց գրուածքներն ընդունել են որպէս Աստուծոյ կողմից ներշնչեալ: Հին Կտակարանի կանոնի վերաբերեալ անկասկած որոշ բանավէճից յետոյ, այնուամենայնիւ, մինչեւ մ. թ. 250 թուականը գրեթէ համընդհանուր համաձայնութիւն կար եբրայական Սուրբ Գրքի կանոնի հարցում: Միակ չլուծուած խնդիրը «ապոկրիֆն» էր, որի շուրջ որոշակի բանավէճ եւ քննարկում շարունակւում է մինչ օրս: Հրեայ մատենագէտների ճնշող մեծամասնութիւնը ապոկրիֆը համարում է կրօնա-պատմական օգտակար գրականութիւն, բայց ոչ հեղինակութեան այն մակարդակով, ինչպէս եբրայական Աստուածաշունչը:

Նոր Կտակարանի պարագայում վաւերագրերի ճանաչումն ու ժողովումն սկսուել են քրիստոնեական եկեղեցու առաջին դարերում: Նոր Կտակարանի որոշ գրքեր շատ վաղ ճանաչուել են: Պօղոսը Ղուկասի գրուածքները նոյնքան հեղինակաւոր էր համարում, որքան Հին Կտակարանը (Ա Տիմոթէոս 5.18, տե՛ս նաեւ Բ Օրինաց 25.4 եւ Ղուկաս 10.7): Պետրոսը սուրբգրային էր ճանաչում Պօղոսի գրուածքները (Բ Պետրոս 3.15-16): Նոր Կտակարանի որոշ գրքեր շրջանառւում էին եկեղեցիներում (Կողոսացիս 4.16, Ա Թեսաղոնիկեցիս 5.27): Կղեմէս Հռոմայեցին նշում է (մ. թ. 95) Նոր Կտակարանի առնուազն ութ գիրք: Իգնատիոս Անտիոքցուն յայտնի էր շուրջ եօթ գիրք (մ. թ. 185): Պողիկարպոսը՝ Յովհաննէս առաքեալի աշակերտը, ճանաչում էր տասնհինգ գիրք (մ. թ. 108): Յետագայում Իրենէոսը նշում է քսանմէկ (մ. թ. 185), Հիպոլիտոսը՝ քսաներկու գիրք (մ. թ. 170-235): Ամենաշատը վիճելի են եղել Եբրայեցիս, Յակոբոսի, Բ Պետրոս, Բ եւ Գ Յովհաննէս Թղթերը:

Առաջինը այսպէս կոչուած «Մուրատորեան կանոնն» է, որը կազմուել է մ. թ. 170 թուականին: «Մուրատորեան կանոնը» ներառում է Նոր Կտակարանի բոլոր գրքերը, բացառութեամբ Եբրայեցիս, Յակոբոսի եւ Գ Յովհաննէս Թղթերը: Մ. թ. 363 թուին Լավոդիկէի ժողովը ընդունեց, որ միայն Հին Կտակարանը (ներառեալ ապոկրիֆը) եւ Նոր Կտակարանի քսանեօթ գրքերը պէտք է ընթեցուէին եկեղեցիներում: Հիպոնի ժողովը (393) եւ Կարթագէնի ժողովը (397) նոյնպէս հաստատեցին նոյն քսանեօթ գրքերը որպէս կանոնական:

Նոր Կտակարանի գրքերը Սուրբ Հոգով ներշնչուած լինելը որոշելիս եկեղեցական ժողովները հետեւում էին մօտաւորապէս այսպիսի սկզբունքների: 1) Արդեօ՞ք տուեալ գրքի հեղինակը առաքեալ է կամ առաքելամերձ անձնաւորութիւն: 2) Արդեօ՞ք տուեալ գիրքն ընդունւում է Քրիստոսի մարմնի կողմից ընդհանուր առմամբ: 3) Արդեօ՞ք տուեալ գիրքը հետեւողական է վարդապետութեան և ուղղադաւանութեան առումով: 4) Արդեօ՞ք տուեալ գիրքը բարձր բարոյական եւ հոգեւոր արժէքներ է վկայում, որոնք արտայայտում են Սուրբ Հոգու գործը: Դարձեալ հարկ է յիշել, որ կանոնը որոշողը եկեղեցին չէր: Ոչ մի վաղ եկեղեցի վճիռ չի կայացրել կանոնի հարցում: Աստուած եւ միմիայն Աստուած է, ով որոշել է, թէ որ գրքերն են աստուածաշունչ: Նա պարզապէս փոխանցել է Իր վճիռը Իր հետեւորդներին: Աստուածաշնչի գրքերը ժողովելու գործընթացը թերի էր, սակայն Աստուած Իր գերիշխան կամքով եւ ի հեճուկս մեր տգիտութեան ու յամառութեան, յանգեցրել է վաղ եկեղեցին՝ ճանաչելու այն գրքերը, որոնք Նա ինքը ներշնչել է:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ե՞րբ եւ ինչպէ՞ս է ստեղծուել Աստուածաշնչի կանոնը: