settings icon
share icon
Հարց

Արդյոք աստված խոսո՞ւմ է մեր օրերում:

Պատասխան


Աստվածաշունչը բազմաթիվ դեպքերի մասին է խոսում, որոնց ժամանակ Աստված լսելի ձայնով է խոսել (Ելից 3․14, Հեսու 1․1, Դատավորաց 6․18, Ա Թագավորաց 3․11, Բ Թագավորաց 2․1, Հոբ 40․1, Եսայիա 7․3, Երեմիա 1․7, Գործք 8․26, 9․15 և սա միայն մի փոքր մասն է այդ հատվածների ցանկի)։ Ոչ մի աստվածաշնչյան պատճառ գոյություն չունի պնդելու համար, թե ինչու Աստված չի կարող այսօր էլ լսելի ձայնով խոսել։ Աստվածաշնչում Աստծո խոսելու հարյուրավոր անգամները տեղի են ունեցել դրանում նկարագրվող պատմության 4000 տարիների ընթացքում։ Աստծո լսելի ձայնով խոսելը բացառություն է և ոչ թե կանոն։ Անգամ Աստծո խոսելու Աստվածաշնչի շատ նկարագրություններում հստակ չէ, թե Աստված լսելի՞ ձայնով էր խոսում, ներքի՞ն ձայնով, թե՞ մտային տպավորությամբ։

Աստված այսօր էլ խոսում է մարդկանց հետ։ Նախ, Աստված խոսում է մեզ հետ Իր խոսքի միջոցով (Բ Տիմոթեոս 3․16–17)։ Եսայիա 55․11 խոսքում կարդում ենք․ «Այնպես էլ կլինի Իմ բերանից դուրս եկած խոսքը. նա ապարդյուն չի վերադառնա Ինձ մոտ, այլ կկատարի Իմ փափագը և հաջողություն կունենա այն բանում, ինչի համար Ես ուղարկել եմ նրան»։ Աստվածաշունչն Աստծո Խոսքն է՝ այն ամենն, ինչ մենք կարիք ունենք իմանալու, որպեսզի փրկվենք ու ապրենք քրիստոնեական կյանքով։ Բ Պետրոս 1․3 խոսքում կարդում ենք․ «Նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց կյանքին և աստվածապաշտությանը վերաբերող ամեն ինչ՝ ճանաչեցնելով Նրան, ով մեզ կանչեց փառքով ու առաքինությամբ»։

Աստված կարող է նաև մեզ հետ «խոսել» իրադարձությունների միջոցով և կարող է մեզ առաջնորդել մեզ մեր կյանքի իրավիճակների միջոցով։ Աստված մեր խղճի միջոցով օգնում է մեզ հասկանալու ճիշտն ու սխալը (Ա Տիմոթեոս 1․5, Ա Պետրոս 3․16)։ Աստված նպատակ ունի նորոգելու մեր մտքերը, որպեսզի Նրա խոհերն ունենանք (Հռոմեացիս 12․2)։ Աստված որոշ իրադարձություններ թույլ է տալիս, որ տեղի ունենան մեր կյանքում, որպեսզի դրանցով ուղղորդի մեզ, փոխի մեզ և օգնի մեզ հոգևոր աճի հարցում (Հակոբոս 1․2–5, Եբրայեցիս 12․5–11)։ Ա Պետրոս 1․6–7 հատվածը մեզ հիշեցնում է․ «Նրանով կուրախանաք, թեև հիմա պետք է որ տարատեսակ փորձություններից փոքր-ինչ տրտմած լինեք, որպեսզի ձեր հավատի փորձառությունն ավելի արժեքավոր լինի, քան կորստյան ենթակա ոսկին, որ կրակով է փորձվում, ձեռք բերի գովք, պատիվ ու փառք Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ»։

Աստված կարող է երբեմն լսելի ձայնով խոսել մարդկանց հետ։ Սակայն հավանական չէ, որ դա հաճախ տեղի ունենա, ինչպես ոմանք պնդում են։ Կրկին նշենք, որ անգամ Աստվածաշնչի մեջ Աստծո կողմից լսելի ձայնով խոսելը շատ հազվադեպ նկարագրվող երևույթ է։ Եթե որևէ մեկը պնդում է, թե Աստված լսելի ձայնով խոսում է Իր հետ, ապա միշտ այդ մարդու ասածը ստուգեք Աստվածաշնչի հետ համապատասխանության առումով։ Եթե Աստված այսօր էլ խոսի, ապա Նրա ասածը միանշանակ համահունչ է լինելու այն ամենին, ինչը Նա ասել է Աստվածաշնչի էջերում (Բ Տիմոթեոս 3․16–17)։ Աստված չի կարող Ինքն Իրեն հակասել։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Արդյոք աստված խոսո՞ւմ է մեր օրերում:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries