Որտե՞ղ էր Յիսուս երեք օր Իր մահուան եւ յարութեան միջեւ:



Հարց. Որտե՞ղ էր Յիսուս երեք օր Իր մահուան եւ յարութեան միջեւ:

Պատասխան.
Ա Պետրոս 3.18-19-ը ասում է. «Որովհետեւ Քրիստոսն էլ մէկ անգամ մեղքերի համար չարչարուեց, այն Արդարը՝ անարդարների համար, որպէսզի ձեզ Աստծուն մօտեցնի. թէեւ Նա մեռաւ մարմնով, բայց կենդանի եղաւ հոգով, որով գնաց բանտում եղող հոգիներին էլ քարոզեց»: «Հոգով» բառը քերականական ճիշտ նոյն կառուցուածքն ունի, ինչպէս «մարմնով» բառը, ուստի ճիշտ կլինի դիտարկել դրանք նոյն տիրոյթում: «Մարմինն» ու «հոգին» Քրիստոսի մարմինն ու հոգին են: «Կենդանի եղաւ հոգով» բառերը նշում են այն փաստը, որ Քրիստոսի մեղսակրութիւնը եւ մահը բաժանեց Նրա մարդեղէն հոգին Հօրից (Մատթ. 27.46): Հակադրութիւնը մարմնի եւ հոգու միջեւ է, ինչպէս գրուած է Մատթ. 27.46 եւ Հռոմ. 1.3-4-ում, այլ ոչ թէ Քրիստոսի մարմնի եւ Սուրբ Հոգու միջեւ: Երբ Քրիստոս իրագործեց քաւութիւնը, Նրա հոգին վերականգնեց խախտուած յարաբերութիւնն Աստուծոյ հետ:

Ա Պետր. 3.18-22-ը նկարագրում է Քրիստոսի չարչարանքի (3.18) եւ փառաւորման (3.22) միջեւ անհրաժեշտ կապը: Միայն Պետրոսն է տեղեկութիւն տալիս այն մասին, թէ ինչ է եղել այս երկու իրադարձութիւնների միջեւ: 3.19-ում «քարոզեց» բառը նոյն բառը չէ, որ սովորաբար գործածւում է Նոր Կտակարանում աւետարանի քարոզութեան համար: Բառացիօրէն նշանակում է «ազդարարել»: Յիսուս չարչարուեց եւ մեռաւ խաչի վրայ, Նրա մարմինը մեռցուեց եւ Նրա հոգին մեռաւ, երբ Նա մեղք դարձաւ: Սակայն Նրա հոգին կենդանացաւ, եւ Նա հոգին աւանդեց Հօրը: Ըստ Պետրոսի՝ մահուան եւ յարութեան միջեւ ինչ-որ ժամանակ Յիսուս յատուկ պատգամ է յղել «բանտի մէջ եղող հոգիներին»:

Նախ ասենք, որ Պետրոսը մարդկանց «անձեր» է անուանում, այլ ոչ «հոգիներ» (3.20): Նոր Կտակարանում «հոգիներ» բառը գործածւում է հրեշտակների կամ դեւերի համար, այլ ոչ մարդ էակների, եւ 3.22 համարը կարծես հաստատում է բառի այս նշանակութիւնը: Ապա՝ Աստուածաշնչում ոչ մի տեղ չի ասւում, թէ Յիսուս եղել է դժոխքում: Գործք 2.31-ն ասում է «հադէս», բայց «հադէսը» դժոխքը չէ: «Հադէս» բառը նշում է գերեզմանը, մեռեալների տիրոյթը, ժամանակաւոր մի վայր, որտեղ մեռեալները սպասում են յարութեանը: Յայտնութեան 20.11-15 հատուածում այդ երկուսը յստակ տարբերակւում են: Դժոխքը կորսուծաների պատժի մշտական ու վերջնական վայրն է, մինչդեռ հադէսը ժամանակաւոր կացարան է:

Մեր Տէրն Իր հոգին աւանդեց Հօրը, մեռաւ եւ Իր մահուան ու յարութեան միջեւ ինչ-որ պահի այցելեց մեռեալների տիրոյթը եւ լուր տուեց հոգեղէն էակների (հաւանաբար ընկած հրեշտակների, տե՛ս Յուդա 6), որոնք ինչ-որ իմաստով կապուած են Նոյի օրերի նախաջրհեղեղեան ժամանակաշրջանին: Այդ է ասում 3.20 համարը: Պետրոսը չի ասում մեզ, թէ Յիսուս ինչ է խօսել այս բանտուած հոգիներին, սակայն դա չէր կարող փրկութեան պատգամ լինել, քանի որ հրեշտակները չեն կարող փրկուել (Եբր. 2.16): Ամենայն հաւանականութեամբ՝ յաղթանակի հռչակումն էր Սատանայի եւ նրա զորքերի դէմ (Ա Պետր. 3.22, Կող. 2.15): Եփես. 4.8-10-ը կարծես նոյնպէս ցոյց է տալիս, որ Քրիստոս «դրախտ» էր գնացել (Ղուկ. 16.20; 23.43) եւ Իր հետ երկինք տարաւ բոլոր նրանց, որոնք հաւատացել էին Իրեն Իր մահից առաջ: Հատուածը շատ մանրամասներ չի տալիս, սակայն մատենագետների մեծամասնութիւնը համաձայն է, որ հէնց սա նկատի ունի, երբ ասում է «գերութիւնը գերի բռնեց»:

Միով բանիւ՝ Աստուածաշունչը պարզորոշ չի ասում, թէ Քրիստոս իսկապէս ինչ է արել Իր մահուան եւ յարութեան միջեւ երեք օրուայ ընթացքում: Ըստ երեւոյթին՝ ընկած հրեշտակներին կամ անհաւատներին աւետել է յաղթութեան պատգամը: Մի բան վստահաբար գիտենք, որ Յիսուս փրկութեան երկրորդ հնարաւորութիւն չէր տալիս նրանց: Սուրբ Գիրքը պարզ ասում է, որ մահից յետոյ մեզ դատաստան է սպասում (Եբր. 9.27), եւ ոչ երկրորդ կարելիութիւն: Իրականում յստակ եւ վէրջնական պատասխան չկայ, թէ Յիսուս ինչ է արել Իր մահուան եւ յարութեան միջեւ: Միգուցէ սա այն առեղծուածներից մէկն է, որը կհասկանանք, երբ փառաւորութեան հասնենք:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Որտե՞ղ էր Յիսուս երեք օր Իր մահուան եւ յարութեան միջեւ: