settings icon
share icon
Հարց

Ի՞նչ է նշանակում՝ Հիսուսն Աստծո Որդին է:

Պատասխան


Հիսուս Աստծո Որդին չէ երկրային հայր և որդի հարաբերության նմանությամբ։ Աստված չի ամուսնացել ու որդի ունեցել։ Աստված չի հարաբերվել Մարիամի հետ, և նրանք միասին որդի չեն ծնել։ Հիսուս Աստծո Որդին է այն իմաստով, որ Նա հենց Ինքն Աստված է, Ով հայտնվեց մարդկային կերպարանքով (Հովհաննես 1․1,14)։ Հիսուս Աստծո Որդին է, քանի որ Մարիամի արգանդի մեջ Նրա մարդկային մարմնի սաղմնավորման հրաշքը տեղի ունեցավ Սուրբ Հոգու շնորհիվ։ Ղուկաս 1․35 խոսքում կարդում ենք․ «Հրեշտակը պատասխանեց նրան. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, դրա համար քեզնից ծնվողն էլ սուրբ է և Աստծու Որդի կկոչվի»։

Հրեա առաջնորդների առջև Նրա դատի ընթացքում քահանայապետը Հիսուսին այս հարցը տվեց․ «Կենդանի Աստծով եմ քեզ երդվեցնում, որ մեզ ասես, թե դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին» (Մատթեոս 26․63)։ «Հիսուսը նրան ասաց. «Դո՛ւ ասացիր. սակայն ասում եմ ձեզ. Այսուհետ կտեսնեք Մարդու Որդուն՝ նստած Զորության աջ կողմում և երկնքի ամպերի վրայով գալիս» (Մատթեոս 26․64)։ Հրեա առաջնորդների արձագանքը Նրան հայհոյության մեջ մեղադրելն էր (Մատթեոս 26․65-66)։ Ավելի ուշ Պոնտացի Պիղատոսի առջև «հրեաները նրան պատասխանեցին. «Մենք օրենք ունենք, և համաձայն մեր օրենքի՝ նա պետք է մեռնի, որովհետև իրեն Աստծու Որդի դարձրեց» (Հովհաննես 19․7)։ Ինչո՞ւ Հիսուսի կողմից Իր Աստծո Որդի լինելու հաստատումը պետք է հանգեցներ մահապատժի դատավճռի։ Հրեա առաջնորդները շատ լավ տեղյակ էին, թե ինչ ի նկատի ուներ Հիսուս՝ ասելով «Աստծո Որդի» արտահայտությունը։ Աստծո Որդի լինելը նշանակում էր լինել նույն բնույթի, ինչն ուներ Աստված։ Աստծո Որդին Աստված է։ Աստծո հետ նույն բնույթն ունենալու պնդումն, իրականում, Աստված լինելու պնդում էր, ինչը հայհոյություն էր հրեա առաջնորդների համար ըստ Ղևտացիս 24․15 խոսքի։ Եբրայեցիս 1․3 խոսքում շատ հստակ է խոսվում այս մասին․ «Նա [Որդին] է Նրա փառքի լույսն ու Նրա էության արտահայտումը․․․»։

Եվս մեկ օրինակ ենք գտնում Հովհաննես 17․12 խոսքում, որտեղ Հուդան որակվում է որպես «կարստյան որդի»։ Հովհաննես 6․71 խոսքում կարդում ենք, որ Հուդան Սիմիոնի որդին էր։ Ի՞նչ ի նկատի ուներ Հովհաննեսը, երբ նրան որպես «կորստյան որդի» էր բնորոշում։ «Կորուստ» բառը նշանակում է «ավերում, կործանում, կորսվածություն»։ Հուդան «ավերման, կործանման ու կորսվածության» որդին չէր բառացի իմաստով, այլ դրանք նկարագրում էին Հուդայի կյանքը։ Հուդան կորստի դրսևորումն էր։ Նույն կերպ, Հիսուս Աստծո Որդին է։ Աստծո Որդին Աստված է։ Հիսուս մարդկանց հայտնված Աստված է (Հովհաննես 1․1,14)։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ի՞նչ է նշանակում՝ Հիսուսն Աստծո Որդին է:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries