Յիսուս միա՞կ ճանապարհն է Երկինք:



Հարց. Յիսուս միա՞կ ճանապարհն է Երկինք:

Պատասխան.
«Ընդհանուր առմամբ ես բարի մարդ եմ, ինչո՞ւ պիտի Երկինք չգնամ»: «Լաւ, երբեմն վատ բաներ անում եմ, բայց չէ՞ որ աւելի շատ լաւ բաներ եմ անում, ուրեմն արժանի եմ Երկնքին»: «Աստուած ինձ դժոխքը չի ուղարկի՝ ինչ է թէ Աստուածաշնչի համեմատ չեմ ապրում: Ժամանակները փոխուել են»: «Միայն իսկական չարագործներն են դժոխքի արժանի, օրինակ՝ մանկապիղծներն ու մարդասպանները»:

Շատերից ենք լսում այսպիսի դատողութիւններ, բայց ճշմարտութիւնն այն է, որ այս ամենը միայն խաբէութիւն է: Սատանան՝ այս աշխարհի իշխանը, այսպիսի մտքեր է սերմանում մեր գլխում: Նա եւ ամէն ոք, որ հետեւում է նրան, Աստուծոյ թշնամիներ են (Ա Պետր. 5.8): Սատանան խաբեբայ է եւ յաճախ ծպտւում է բարութեան քօղի տակ (Բ Կորնթ. 11.14), բայց նա է վերահսկում բոլոր նրանց մտքերը, ովքեր Աստծուն չեն պատկանում. «Այս աշխարհի աստուածը անհաւատների մտքերը կուրացրել է, որպէսզի նրանց վրայ չծագի Քրիստոսի փառաւոր աւետարանի լոյսը, որ Աստուծոյ պատկերն է» (Բ Կորնթ. 4.4):

Սուտ է, թէ Աստուած անտեսում է մեր փոքր մեղքերը, կամ իբր դժոխքը միայն «չար մարդկանց» համար է: Ամէն մեղք հեռացնում է մեզ Աստծուց: Բոլորը մեղանչել են, եւ որեւէ մէկը այնչափ բարի չէ, որ ինքնուրոյն կերպով Երկինք հասնի (Հռոմ. 3.23): Երկինք գնալը հիմնուած չէ նրա վրայ, որ մեր լավ բաները գերակշռեն վատ բաներին: Եթէ այդպէս լինէր, բոլորս էլ պիտի կորսուէինք. «Բայց եթէ շնորհով է, այլեւս գործերից չէ. ապա թէ ոչ՝ շնորհը այլեւս շնորհ չէ» (Հռոմ. 11.6): Մենք ոչ մի բարիք չենք կարող անել, որով մեր Երկինք գնալը վաստակենք (Տիտ. 3.5):

«Նեղ դռնո՛վ ներս մտէք, որովհետեւ լայն է դուռը եւ ընդարձակ այն ճանապարհը, որ դէպի կործանում է տանում, եւ դրանով գնացողները շատ են» (Մատթ. 7.13): Նոյնիսկ եթէ բոլորն էլ մեղաւոր կեանքով են ապրում մի մշակոյթում, ուր Աստծուն հաւատալն ընդունուած չէ, Աստուած չի ներելու դա: «Եւ դուք, որ մեռած էիք յանցանքների ու մեղքերի մէջ, որոնց մէջ մի ժամանակ գնում էիք այս աշխարհի սովորութեան համաձայն՝ օդի իշխանութեան իշխանի պէս, այն հոգու պէս, որ հիմա ներգործում է ապստամբութեան որդիների մէջ» (Եփես. 2.1-2):

Աստուած կատարեալ ու բարի ստեղծեց երկիրը: Ապա ստեղծեց Ադամին ու Եւային եւ տուեց նրանց իրենց ազատ կամքը, որպէսզի ընտրութեան հնարաւորութիւն ունենան՝ հետեւելու եւ հնազանդելու Աստծուն կամ ոչ: Սակայն Ադամն ու Եւան գայթակղուեցին Սատանայից՝ չհնազանդելու Աստծուն եւ մեղանչեցին: Մեղքը բաժանեց նրանց (նաեւ ամէն մարդու, որ աշխարհ եկաւ նրանցից յետոյ, ներառեալ եւ մենք) Աստծուց եւ զրկեց Աստուծոյ հետ մտերիմ յարաբերութիւնից: Աստուած կատարեալ եւ սուրբ է եւ պէտք է դատի մեղքը: Քանի որ մենք մեղաւոր ենք, չէինք կարող մեր ուժերով հաշտուել Աստուծոյ հետ: Հետեւաբար Աստուած ճանապարհ հարթեց, որպէսզի միանանք Նրան Երկնքում: «Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհը, մինչեւ Իր միածին Որդուն տուեց, որպէսզի ամէն Նրան հաւատացողը չկորսուի, հապա յաւիտենական կեանք ունենայ» (Յովհ. 3.16): «Քանզի մեղքի վարձքը մահ է, բայց Աստուծոյ ձրի պարգեւը յաւիտենական կեանք է մեր Տէր Յիսուս Քրիստոսում» (Հռոմ. 6.23): Յիսուս ծնուեց, որ մեռնի մեր մեղքերի համար, որպէսզի մենք չմեռնենք: Իր մահից երեք օր անց յարութիւն առաւ գերեզմանից (Հռոմ. 4.25)՝ Իր յաղթանակը փաստելով մահուան հանդէպ: Նա կամրջեց վիհը Աստուծոյ եւ մարդու միջեւ, որպէսզի մենք անձնական յարաբերութիւն ունենանք Նրա հետ, եթէ միայն հաւատանք:

«Սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն Քեզ միակ ճշմարիտ Աստուած եւ Նրան, որին ուղարկել ես՝ Յիսուս Քրիստոսին» (Յովհ. 17.3): Մարդկանց մեծ մասը հաւատում է Աստծուն, նոյնիսկ Սատանան է հաւատում: Բայց փրկութիւն ստանալու համար մենք պէտք է դառնանք առ Աստուած, անձնական յարաբերութիւն հաստատենք Նրա հետ, շրջուենք մեր մեղքերից եւ Նրան հետեւենք: Պէտք է վստահենք Յիսուսին մեր ամէն բանով, ունեցածով եւ արածով: «Աստուծոյ արդարութիւնը Յիսուս Քրիստոսին հաւատալով է բոլոր նրանց համար, ովքեր հաւատում են. խտրութիւն չկայ» (Հռոմ. 3.22): Աստուածաշունչը սովորեցնում է՝ Քրիստոսից բացի փրկութեան ուրիշ ճանապարհ չկայ: Յովհ. 14.6-ում Յիսուս ասում է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտութիւնը եւ կեանքը. ոչ ոք Հօր մօտ չի գալիս, եթէ ոչ՝ Ինձնով»:

Յիսուս փրկութեան միակ ճանապարհն է, որովհետեւ Նա միակն է, ով կարող է վճարել մեր մեղքի գինը (Հռոմ. 6.23): Ուրիշ որեւէ կրօն այսչափ խոր եւ լրջօրէն չի խօսում մեղքի եւ դրա հետեւանքների մասին: Ուրիշ որեւէ կրօն չի առաջարկում մեղքի այն անսահման գինը, որը միայն Յիսուս Քրիստոս կարող է հատուցել: Ուրիշ ոչ մի «կրօնի հիմնադիր» մարդացեալ Աստուած չէ (Յովհ. 1.1,14)՝ միակ ճանապարհը, որով հնարաւոր է քաւել անսահման մեղքը: Յիսուս պէտք է Աստուած լինէր, որպէսզի ի զօրու լինէր հատուցելու մեր պարտքը: Յիսուս պէտք է մարդանար, որպէսզի մեռնէր: Փրկութիւնը մատչելի է միայն հաւատքով առ Յիսուս Քրիստոս: «Ուրիշ ոչ մէկով փրկութիւն չկայ, որովհետեւ երկնքի տակ մարդկանց տրուած ուրիշ անուն էլ չկայ, որով հնարաւոր լինի մեզ փրկուել» (Գործք 4.12):

Քրիստոսին դառնալու վճիռդ այս էջը կարդալու պատճառո՞վ է: Եթէ այո՝ սեղմիր «Այսօր ընդունեցի Քրիստոսին» կոճակը ստորեւ:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Յիսուս միա՞կ ճանապարհն է Երկինք: