settings icon
share icon
Հարց

Ի՞նչ է Տերունական աղոթքը և արդյոք պետք է աղոթել այդ աղոթքով:

Պատասխան


Տերունական աղոթքը մի աղոթք է, որը Տեր Հիսուսն է սովորեցրել Իր աշակերտներին։ Այն շարադրված է Մատթեոս 6․9-13 և Ղուկաս 11․2-4 հատվածներում։ Մատթեոս 6․9-13 հատվածում կարդում ենք․ «Արդ, դուք այսպե՛ս աղոթեք. Հա՛յր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի Քո անունը. Քո արքայությունը գա, Քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Տո՛ւր մեզ այսօր մեր հանապազօրյա հացը։ Եվ ների՛ր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին։ Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ ազատի՛ր մեզ չարից»։ Շատերը թյուրիմացաբար կարծում են, թե պետք է բառ առ բառ անգիր կրկնել այս աղոթքը, իսկ մյուսներն այն ընդունում են որպես կախարդական բանաձև, որն իբրև թե հատուկ զորություն կամ ազդեցություն է բերում Աստծուց։

Աստվածաշունչը մեզ հակառակն է սովորեցնում։ Աստված շատ ավելի հետաքրքրված է աղոթքի ժամանակ մեր սրտի դիրքով, քան մեր արտաբերած բառերով։ «Այլ երբ դու աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր դուռդ և ծածուկ աղոթի՛ր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, հայտնապես կհատուցի քեզ։ Երբ աղոթք եք անում, մի՛ շատախոսեք հեթանոսների պես, որոնք կարծում են, թե իրենց շատախոսությամբ լսելի պիտի լինեն (Մատթեոս 6․6-7)։ Աղոթքի ժամանակ մենք պետք է մեր սրտերը պետք է բացենք Աստծո առաջ (Փիլիպպեցիս 4․6-7), այլ ոչ թե պարզապես անգիր արած բառեր ասենք Աստծուն։

Տերունական աղոթքը պետք է ընկալել որպես աղոթքի օրինակ՝ աղոթելու կերպի ուղեցույց։ Այն մեզ փոխանցում է մեր աղոթքի կառուցվածքի «բաղադրիչները»։ Ահա թե ինչպես է այն բացվում։ «Հա՛յր մեր, որ երկնքում ես» արտահայտությունը մեզ սովորեցնում է, թե ում պետք է ուղղված լինեն մեր աղոթքները՝ մեր երկնային Հորը։ «Սուրբ լինի քո անունը» մասը մեզ ուղղորդում է Աստծուն երկրպագելուն և Նրան մեծարելուն Իր Ով լինելու համար։ «Քո արքայությունը գա, քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» նախադասությունը հիշեցնում է, որ պետք է աղոթենք այս երկրի վրա մեր կյանքերի վերաբերյալ Աստծո ունեցած ծրագրերի համար, այլ ոչ թե մեր ծրագրերի։ Մենք պետք է աղոթենք, որպեսզի Աստծո կամքը իրականանա, այլ ոչ թե մեր ցանկությունները բավարարվեն։ Այս աղոթքը մեզ քաջալերում է Աստծուց խնդրել մեզ անհրաժեշտ բաները՝ «Տո՛ւր մեզ այսօր մեր հանապազօրյա հացը»։ «Եվ ների՛ր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին» բաժինը հիշեցնում է մեզ խոստովանել մեր սեփական մեղքերն Աստծուն ու հեռանալ դրանցից, ինչպես նաև մյուսներին ներել այնպես, ինչպես Աստված է մեզ ներել։ Տերունական աղոթքն ամփոփվում է հետևյալ խնդրանքով․ «Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ ազատի՛ր մեզ չարից»։ Այս խնդրանքը մի աղաչանք է Աստծուն, որպեսզի Նա օգնի մեզ մեղքի հանդեպ հաղթական կյանք ապրելու հարցում և պաշտպանի մեզ չարի հարձակումներից։

Այսպիսով, Տերունական աղոթքը մի աղոթք չէ, որը պետք է անգիր սովորել և ուղղակի ասել այն Աստծուն։ Այն մի օրինակ ու չափանիշ է, որի հիման վրա պետք է կառուցված լինեն մեր աղոթքները։ Արդյոք սխա՞լ է Տերունական աղոթքը անգիր սովորելը։ Իհարկե ո՛չ։ Արդյոք սխա՞լ է Տերունական աղոթքով աղոթելն Աստծուն։ Անշուշտ, ո՛չ, եթե այն անում եք յուրաքանչյուր բառի իմաստը հասկանալով և սրտանց։ Հիշե՛նք, որ աղոթքի ժամանակ Աստված ավելի շատ ակնկալում է, որ սրտանց հաղորդակցվենք Նրա հետ, քան որ հատուկ ընտրված գեղեցիկ բառեր ասենք Նրան։ Փիլիպպեցիս 4․6-7 հատվածում կարդում ենք․ «Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի»։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ի՞նչ է Տերունական աղոթքը և արդյոք պետք է աղոթել այդ աղոթքով:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries