Ո՞րն է քրիստոնեաների «շաբաթը», շաբա՞թ, թէ՞ կիրակի օրը: Արդեօ՞ք քրիստոնեաները պէտք է պահեն շաբաթը:



Հարց. Ո՞րն է քրիստոնեաների «շաբաթը», շաբա՞թ, թէ՞ կիրակի օրը: Արդեօ՞ք քրիստոնեաները պէտք է պահեն շաբաթը:

Պատասխան.
Յաճախ ասում են՝ «Աստուած շաբաթը հաստատեց Եդեմում», նկատի ունենալով շաբաթի եւ արարչագործութեան կապն ըստ Ելից 20.11-ի: Թէեւ եօթերորդ օրուայ հանգիստը (Ծննդոց 2.3) նախանշում էր շաբաթը պահելու գալիք օրէնքը, սակայն շաբաթի վերաբերեալ աստուածաշնչեան յիշատակութիւն չկայ մինչեւ Իսրայէլի որդիների ելքը Եգիպտոսի երկրից: Որեւէ ակնարկ իսկ չկայ, որ Ադամից մինչեւ Մովսէս երբեւէ շաբաթը պահել են:

Աստուծոյ Խօսքը պարզորոշ ասում է, որ հանգստութեան օրը պահելը յատուկ նշան էր Աստուծոյ եւ Իսրայէլի միջեւ. «Եւ Իսրայէլի որդիները պէտք է պահեն շաբաթը, որ շաբաթը յաւիտենական ուխտ անեն իրենց ազգերի մէջ: Նա յաւիտենական նշան է իմ եւ Իսրայէլի որդիների միջեւ, որովհետեւ Տէրը վեց օրուայ մէջ ստեղծեց երկինքն ու երկիրը եւ եօթերորդ օրը դադարեց եւ հանգստացաւ» (Ելից 31.16–17):

Բ Օրինաց 5 գլխում Մովսէսը վերահաստատում է «Տասը պատուիրանները» իսրայէլացիների յաջորդ սերնդի համար: 12-14 համարներում պատուիրելով շաբաթը պահել՝ Մովսէսը բերում է Իսրայէլի ազգին շաբաթը տալու պատճառը. «Եւ յիշի՛ր, որ ծառայ էիր Եգիպտոսի երկրում, եւ քո Տէր Աստուած զօրաւոր ձեռքով եւ բարձր բազուկով հանեց քեզ այնտեղից. դրա համար քո Տէր Աստուած քեզ պատուիրեց, որ հանգստութեան օրը պահես» (Բ Օրին. 5.15):

Իսրայէլին հանգստութեան օր տալու պատճառն այն չէր, որ յիշէին արարչագործութիւնը, այլ որ յիշէին իրենց ստրկութիւնը Եգիպտոսում եւ Տիրոջ բերած ազատագրումը: Ուշագրաւ է հանգստութեան օրուայ յատուկ պահանջները. շաբաթի օրէնքի ներքոյ գտնուողը չէր կարող տնից հեռանալ շաբաթ օրը (Ելից 16.29), կրակ վառել (Ելից 35.3) եւ որեւէ մէկին աշխատեցնել (Բ Օրինաց 5.14): Շաբաթը խախտողը պէտք մահուան մատնուէր (Ելից 31.15, Թուոց 15.32–35):

Նորկտակարանային հատուածների քննութիւնից չորս կարեւոր բան ենք իմանում: 1) Երբ էլ որ Քրիստոս երեւում է Իր յարուցեալ տեսքով, եւ օրը նշւում է, դա միշտ շաբաթուայ առաջին օրն է (Մատթէոս 28.1, 9, 10, Մարկոս 16.9, Ղուկաս 24.1, 13, 15, Յովհաննէս 20.19, 26): 2) Միակ անգամը, որ Գործքից մինչեւ Յայտնութիւն շաբաթը նշւում է, զուտ հրեաներին աւետարանելու նպատակով է, եւ միջավայրն էլ սովորաբար հրէական ժողովարանն (սինագոգ) է (Գործք 13–18 գլխ.): Պօղոսն ասում էր՝ «Հրեաների համար հրեայի պէս եղայ, որ հրեաներին շահեմ» (Ա Կորնթ. 9.20): Պօղոսը նրա համար չէր ժողովարան գնում, որ շփուի ու շինութիւն տայ սրբերին, այլ որ քարոզի եւ փրկի կորսուողներին: 3) Այն պահից, երբ Պօղոսն ասում է՝ «Սրանից յետոյ հեթանոսներին եմ գնում» (Գործք 18.6), շաբաթը չի յիշատակւում այլեւս: 4) Շաբաթը պահելու փոխարէն Նոր Կտակարանի մնացած մասում հակառակն է ենթադրւում (ներառեալ միակ բացառութիւնն ըստ վերոյիշեալ 3) կէտի, որ կարդում ենք Կողոսացիս 2.16-ում):

Վերն ասուածը ցոյց է տալիս, որ շաբաթը պահելը պարտաւորութիւն չէ Նոր Կտակարանի հաւատացեալի համար, նաեւ կիրակիի՝ որպէս «քրիստոնէական շաբաթի» գաղափարը նոյնպէս սուրբգրային չէ: Ինչպէս ասացինք, հեթանոսներին քարոզելու առաքելութեանը դառնալուց յետոյ միայն մէկ անգամ է յիշատակւում շաբաթը, «արդ՝ թող մէկը ձեզ չդատի ուտելու կամ խմելու համար, կամ տօնի կամ ամսագլխի կամ շաբաթի համար: Սրանք նոր գալիք բաների ստուէրներն են, բայց մարմինը Քրիստոսի մէջ է» (Կողոսացիս 2.16–17): Հրէից շաբաթը վերացաւ խաչի մօտ, ուր Քրիստոս աւարտեց ծիսական օրէնքը՝ «ջնջեց հրամաններով ձեռագիրը... ու խաչափայտի վրայ գամեց» (Կողոսացիս 2.14):

Սոյն գաղափարը մի քանի անգամ կրկնւում է Նոր Կտակարանում. «Մէկը օրն օրից աւելին է համարում, իսկ միւսն ամէն օրը մէկ է համարում. ամէն մէկը թող իր մտքի համոզմամբ վարուի: Օրերը զանազանողը Տիրոջ համար է զանազանում» (Հռոմ. 14.5–6ա): «Բայց հիմա որ Աստծուն ճանաչեցիք, մանաւանդ որ Աստծուց ճանաչուեցիք, ինչպէ՞ս էք դառնում դէպի այն տկար ու աղքատ սկզբունքները, որոնց ուզում էք դարձեալ ծառայել: Օրեր էք զանազանում, ամիսներ, ժամանակներ ու տարիներ» (Գաղ. 4.9–10):

Ոմանք պնդում են, սակայն, որ հանգստութեան օրը շաբաթից կիրակի է «փոխադրուել» Կոնստանտինոս կայսեր հրովարտակով մ. թ. 321 թուականին: Վաղ եկեղեցին ո՞ր օրն է ժողովուել պաշտամունքի: Աստուածաշունչը ոչ մի տեղ չի նշում հաւատացեալների շաբաթօրեայ ժողովքներ հաղորդակցութեան եւ երկրպագութեան նպատակով: Փոխարէնը յստակ յիշատակում կայ շաբաթուայ (եօթնօրեայի) առաջին օրուայ մասին: Օրինակ՝ Գործք 20.7-ն ասում է, որ «միաշաբթի օրը , երբ դեռ հաւաքուած էինք հաց կտրելու»: Ա Կորնթացիս 16.2-ում Պօղոսը յորդորում է կորնթացի հաւատացեալներին. «Ամէն միաշաբաթ օր ձեզանից ամէն մէկը թող իր մօտ հաւաքի, ինչ որ յաջողուի»: Եւ քանի որ Բ Կորնթացիս 9.12-ում Պօղոսը այս հանգանակութիւնը «ծառայութիւն» է կոչում, ապա այս դրամահաւաքը պէտք է որ առնչուի քրիստոնէական ժողովքի կիրակնօրեայ երկրպագութեան հետ: Պատմականօրէն կիրակին (միաշաբաթը), այլ ոչ թէ շաբաթն է եղել քրիստոնեաների հաւաքուելու օրը եկեղեցում, եւ այս սովորոյթը գալիս է դեռեւս առաջին դարից:

Հանգստութեան օրը՝ շաբաթը, Իսրայէլին տրուեց, ոչ եկեղեցուն: Այդ օրը տակաւին եօթնօրեայի շաբաթ օրն է, ոչ թէ կիրակին, եւ երբեք էլ չի փոխուել: Հանգստութեան օրը մնում է հինկտակարանային օրէնքի մի մասը, իսկ քրիստոնեաներն ազատ են օրէնքի պարտադրանքից (Գաղատացիս 4.1-26, Հռոմայեցիս 6.14): Քրիստոնեայից չի պահանջւում հանգստութան օրը պահել՝ լինի շաբաթ, թէ կիրակի: Շաբաթուայ առաջին օրը՝ կիրակին, Տէրունական օրը (Յայտնութիւն 1.10) յիշատակւում է նոր արարածը՝ մեր յարուցեալ Գլուխ Քրիստոսով: Ուստի մենք պարտաւորուած չենք մովսիսական շաբաթը պահելու՝ հանգիստ առնելով, հապա այլեւս ազատ ենք հետեւելու յարուցեալ Քրիստոսին՝ ծառայելու: Պօղոս առաքեալն ասում է, որ ամէն անհատ քրիստոնեայ ինքը պիտի վճռի՝ պահել կամ չպահել շաբաթը. «Մէկը օրն օրից աւելին է համարում, իսկ միւսն ամէն օրը մէկ է համարում. ամէն մէկը թող իր մտքի համոզմամբ վարուի» (Հռոմ. 14.5): Աստծուն պիտի երկրպագենք ամէն օր, ոչ միայն շաբաթ կամ կիրակի:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ո՞րն է քրիստոնեաների «շաբաթը», շաբա՞թ, թէ՞ կիրակի օրը: Արդեօ՞ք քրիստոնեաները պէտք է պահեն շաբաթը: