Ինչպէ՞ս կարող եմ լցուել Սուրբ Հոգով:



Հարց. Ինչպէ՞ս կարող եմ լցուել Սուրբ Հոգով:

Պատասխան.
Սուրբ Հոգով լցուելու վերաբերեալ կարեւոր համար է Յովհաննէս 14.16-ը, որտեղ Յիսուս խոստանում է, որ Հոգին պիտի բնակուի հաւատացեալների մէջ, եւ որ այդ ներբնակութիւնը լինելու է մշտատեւ: Կարեւոր է նաեւ տարբերել ներբնակութիւնը Հոգով լցուելուց: Հոգու մշտատեւ ներբնակութիւնը փոքրաթիւ ընտրեալ հաւատացեալների համար չէ սոսկ, այլ բոլոր հաւատացեալների: Սուրբգրային մի քանի հատուածներում հաստատւում է այս եզրակացութիւնը: Նախ՝ Սուրբ Հոգին պարգեւ է Յիսուսում բոլոր հաւատացեալներին տրուած, առանց բացառութեան, եւ որեւէ պայման չկայ այս պարգեւի համար, բացի հաւատն առ Քրիստոս (Յովհաննէս 7.37-39): Երկրորդ՝ Սուրբ Հոգին տրւում է փրկութեան պահին (Եփեսացիս 1.13): Գաղատացիս 3:2-ը շեշտում է նոյն ճշմարտութիւնը՝ ասելով, որ Հոգու կնիքն ու ներբնակութիւնը եղան հաւատալու իսկ պահին: Երրորդ՝ Սուրբ Հոգին բնակւում է հաւատացեալների մէջ մշտապէս: Սուրբ Հոգին հաւատացեալներին տրւում է որպէս կանխավճար կամ երաշխիք գալիք փառաւորման Քրիստոսում (Բ Կորնթացիս 1.22, Եփեսացիս 4.30):

Սա տարբերւում է Հոգով լցուելուց, ինչպէս ասւում է Եփեսացիս 5.18-ում: Մենք պէտք է այնքա՜ն տրուած լինենք Սուրբ Հոգուն, որ Նա ամբողջովին տիրի մեզ եւ այդ իմաստով լցնի մեզ: Հռոմայեցիս 8.9 եւ Եփեսացիս 1.13-14 հատուածները հաւաստում են, որ Նա բնակւում է իւրաքանչիւր հաւատացեալի մէջ, բայց կարող է եւ տրտմել (Եփեսացիս 4.30), եւ Նրա գործունէութիւնը մեր մէջ կարող է մարել (Ա Թեսաղոնիկեցիս 5.19): Երբ այս բանը թոյլ ենք տալիս, չենք վայելում Հոգու գործի լեցունութիւնը, Նրա զօրութիւնը մեր մէջ եւ մեր միջոցով: Հոգով լցուած լինելը ենթադրում է ազատութիւն Նրա համար՝ գրաւելու մեր կեանքի ամէն մասնիկը, ուղղորդելու եւ հսկելու մեզ: Այնժամ Նրա զօրութիւնը կարող է գործադրուել մեր միջոցով, որպէսզի մեր ամէն արածը բարեբեր լինի Աստուծոյ համար: Հոգով լցուելը սոսկ արտաքին գործողութիւններին չի վերաբերում, այն ներառում է մեր խորունկ մտքերն ու մեր գործողութիւնների դրդապատճառները: Սաղմոս 19.14-ն ասում է՝ «Թող հաճոյ լինեն քեզ իմ բերանի խօսքերը, եւ սրտիս խորհուրդը՝ քո առջեւ, իմ Վէ՛մ եւ իմ Փրկի՛չ»:

Մեղքն է, որ խանգարում է Սուրբ Հոգով լցուելուն, իսկ հնազանդութիւնն Աստծուն այն պայմանն է, որ թոյլ է տալիս Հոգով լցուել: Եփեսացիս 5.18-ը պատուիրում է մեզ Հոգով լցուել, բայց լցուելը սոսկ աղոթելով չի լինում: Միմիայն Աստուծոյ պատուիրաններին մեր հնազանդութեամբ թոյլ կտանք Հոգուն ազատօրէն գործել մեր մէջ: Բայց քանի որ տակաւին վարակուած ենք մեղքով, անհնար է մշտապէս լցուել Հոգով: Երբ մեղք ենք գործում, պիտի անյապաղ խոստովանենք Աստծուն եւ նորոգենք մեր նուիրուածութիւնը Հոգով լցուելուն եւ Հոգով ընթանալուն:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ինչպէ՞ս կարող եմ լցուել Սուրբ Հոգով: