Ի՞նչ է սովորեցնում Աստուածաշունչը Երրոդութեան վերաբերեալ:



Հարց. Ի՞նչ է սովորեցնում Աստուածաշունչը Երրոդութեան վերաբերեալ:

Պատասխան.
Երրորդութեան մասին քրիստոնէական հայեցակարգում ամենադժուարն այն է, որ հնարաւոր չէ համարժէք բացատրել: Երրորդութիւնը հասկացութիւն է, որը որեւէ մարդ արարած չի կարող ամբողջութեամբ հասկանալ, առաւել եւս բացատրել: Աստուած անսահման մեծ է մեզնից, հետեւաբար պէտք չէ ակնկալել, թէ լիովին կըմռնենք Նրան: Աստուածաշունչը սովորեցնում է, որ Հայրը Աստուած է, որ Յիսուս Աստուած է, եւ Սուրբ Հոգին Աստուած է: Աստուածաշունչը դարձեալ սովորեցնում է, որ միայն մէկ Աստուած կայ: Թէեւ կարող ենք հասկանալ որոշ փաստեր Երրորդութեան երեք Անձերի փոխյարաբերութեան վերաբերեալ, այնուամենայնիւ, դա անընկալելի է մարդկային մտքին: Սա չի նշանակում, սակայն, որ Երրորդութեան գաղափարը ճիշտ չէ կամ էլ աստուածաշնչային չէ:

Երրորդութիւնը մէկ Աստուած է երեք Անձերում: Միանգամից ասենք, որ սա բնաւ չի նշանակում երեք Աստուածներ: Նաեւ ի մտի առնենք, որ «Երրորդութիւն» բառը չկայ Աստուածաշնչում: Այս եզրոյթով փորձում ենք պարզապէս նկարագրել Եռամի Աստծուն՝ երեք համագոյ, համայաւիտենական, մէկ Աստուած կազմող Անձեր: Աւելի հետքրքրականն այն է, որ «Երրորդութիւն» բառով ներկայացուող հասկացութիւնը իրօք կայ Սուրբ Գրքում: Ահա թէ ինչ է ասում Աստուծոյ Խօսքը Երրորդութեան մասին:

1) Միայն մէկ Աստուած կայ (Բ Օրին. 6.4, Ա Կորնթ. 8.4, Գաղ. 3.20, Ա Տիմ. 2.5):

2) Երրորդութիւնը բաղկացած է երեք Անձերից (Ծննդ. 1.1, 26; 3.22; 11.7, Եսայիա 6.8; 48.16; 61.1, Մատթ. 3.16-17; 28.19, Բ Կորնթ. 13.14): Ծննդոց 1.1-ում Էլոհիմ գոյականը յոգնակի թուով է: Ծննդոց 1.26; 3.22; 11.7 եւ Եսայիա 6.8 համարներում գործածւում են յոգնակի թուով դերանուններ՝ «մեր», «մեզ»: «Էլոհիմ» եւ «մեր-մեզ» բառերը յոգնակի ձեւեր են և եբրայերէնում ստուգապէս վերաբերում են աւելի քան երկու առարկաների: Միգուցէ սա ակնյայտ փաստարկ չէ յօգուտ Երրորդութեան, սակայն իսկապէս բնորոշում է յոգնակիութեան երեւոյթը Աստուծոյ մէջ: «Աստուած» բառի եբրայերէն համարժէքը՝ Էլոհիմ, ստուգապէս ենթադրում է Երրորդութիւն: Եսայիա 48.16 եւ 61.1-ում Որդին է խօսում՝ ակնարկելով Հօրը եւ Սուրբ Հոգուն: Համեմատեցէ՛ք Եսայիա 61.1-ը Ղուկաս 4.14-19-ի հետ եւ կհամոզուէք, որ Որդին է խօսում: Մատթէոս 3.16-17-ում նկարագրւում է Յիսուսի մկրտութիւնը: Այստեղ տեսնում ենք, որ Սուրբ Հոգի Աստուած իջնում է Որդի Աստուծոյ վրայ, մինչ Հայր Աստուած հռչակում է, որ Իր ողջ հաճութիւնը Որդու վրայ է: Մատթէոս 28.19-ը եւ Բ Կորնթացիս 13.14-ը Երրորդութեան երեք տարբեր Անձերին նշող օրինակներ են:

3) Երրորդութեան Անձերը մէկը միւսից տարբերակւում են տարբեր հատուածներում: Հին Կտակարանում «ՏԷՐԸ» տարբեր է «Տիրոջից» (Ծննդ. 19.24, Ովս. 1.4): «ՏԷՐԸ» ունի «Որդի» (Սաղմ. 2.7,12, Առակ. 30.2-4): «Սուրբ Հոգին» տարբեր է ՏԷՐ-ից (Թուոց 27.18) եւ «Աստծուց» (Սաղմ. 51.10-12): «Որդի Աստուած» տարբերւում է «Հայր Աստծուց» (Սաղմ. 45.6-7, Եբր. 1.8-9): Նոր Կտակարանում Յիսուս դիմում է Հօրը «Մխիթարիչը»՝ Սուրբ Հոգուն ուղարկելու համար (Յովհ. 14.16-17): Սա նշանակում է՝ Յիսուս Իրեն չի համարում Հայրը կամ Սուրբ Հոգին: Յիշենք նաեւ, որ Ավետարաններում Յիսուս բազմիցս խօսում է Հօր մասին: Ի՞ր մասին էր խօսում: Ոչ: Խօսում էր Երրորդութեան մէկ այլ Անձի՝ Հօր մասին:

4) Երրորդութեան ամէն Անձը Աստուած է: Հայրը Աստուած է (Յովհ. 6.27, Հռոմ. 1.7, Ա Պետր. 1.2), Որդին Աստուած է (Յովհ. 1.1,14, Հռոմ. 9.5, Կող. 2.9, Եբր. 1.8, Ա Յովհ. 5.20), Սուրբ Հոգին Աստուած է (Գործք 5.3-4, Ա Կորնթ. 3.16):

5) Ենթակարգութեան սկզբունքը գործում է Երրորդութեան մէջ: Աստուածաշունչը ցոյց է տալիս, որ Սուրբ Հոգին ենթարկւում է Հօրը եւ Որդուն, իսկ Որդին ենթարկւում է Հօրը: Սա ներքին փոխյարաբերութիւն է եւ բնաւ չի ժխտում Երրորդութեան որեւէ Անձի աստուածութիւնը: Սա պարզապէս այն մարզն է, որտեղ մեր սահմանափակ միտքը անզօր է ընդգրկելու անսահման Աստծուն: Որդու վերաբերեալ տե՛ս Ղուկ. 22.42, Յովհ. 5.36; 20.21, Ա Յովհ. 4.14: Սուրբ Հոգու վերաբերեալ տե՛ս Յովհ. 14.16, 26; 15.26; էւ.7 եւ յատկապէս Յովհ. 16.13-14:

6) Երրորդութեան անհատ անդամները տարբեր առաջադրանք ունեն: Հայր Աստուած սկզբնաղբիւրը եւ սկզբնապատճառն է տիեզերքի (Ա Կորնթ. 8.6, Յայտ. 4.11), աստուածային յայտնութեան (Յայտ. 1.1), փրկութեան (Յովհ. 3.16-17), եւ Յիսուսի մարդկային գործերի: Հայրը նախաձեռնում է այս բոլոր բաները:

Որդին գործակիցն է, որի միջոցով Հայրն իրագործում է հետեւեալ բաները. տիեզերքի արարչութիւնը եւ պահպանութիւնը (Ա Կորնթ. 8.6, Յովհ. 1.3, Կող. 1.16-17), աստուածային յայտնութիւնը (Յովհ. 1.1; 16.12-15, Մատթ. 11.27, Յայտ. 1.1) եւ փրկութիւնը (Բ Կորնթ. 5.19, Մատթ. 1.21, Յովհ. 4.42): Հայրը այս ամենը անում է Որդու՝ Իր գործակցի միջոցով:

Սուրբ Հոգին միջոցն է, որով Հայրը անում է հետեւեալ գործերը. տիեզերքի արարչութիւնը եւ պահպանութիւնը (Ծննդ. 1.2, Յոբ. 26.13, Սաղմ. 104.30), աստուածային յայտնութիւնը (Յովհ. 16.12-15, Եփես. 3.5, Բ Պետր. 1.21), փրկութիւնը (Յովհ. 3.6, Տիտ. 3.5, Ա Պետր. 1.2,) եւ Յիսուսի գործերը (Եսայիա 61.1, Գործք 10.38): Հայրը այս ամենը անում է Սուրբ Հոգու զօրութեամբ:

Բազմաթիւ փորձեր են արուել Երրորդութիւնը պատկերելու: Սակայն յայտնի նկարագրութիւններից որեւէ մէկը լրիւ ստոյգ չէ: Ձուի (կամ խնձորի) օրինակը թերի է նրանով, որ կճեպը, սպիտակուցը եւ դեղնուցը ձուի մասերն են, ոչ թէ ինքնին ձու են, ինչպէս որ խնձորի կեղեւը, պտղամիսն ու կորիզները խնձորի մասերն են, ոչ թէ ինքնին խնձորը: Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին Աստուծոյ մասերը չէն, նրանցից ամէն մէկը Աստուած է: Աւելի յաջող է ջրի օրինակը, բայց դարձեալ համարժէք պատկեր չէ Երրորդութեան: Հեղուկը, գոլորշին եւ սառոյցը ջրի տարբեր ձեւեր են: Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին Աստուծոյ տարբեր ձեւեր չեն. նրանցից ամէն մէկը Աստուած է: Այս պատկերաւոր համեմատութիւնները որոշ գաղափար տալիս են Երրորդութեան մասին, բայց ոչ ստոյգ:

Երրորդութեան վարդապետութիւնը երկպառակիչ խնդիր է եղել քրիստոնէական եկեղեցու ողջ պատմութեան ընթացքում: Մինչ Երրորդութեան առանցքային կողմերը պարզորոշ ներկայացուած են Սուրբ Գրքում, կողմնակի որոշ հարցեր մինչեւ վերջ պարզ չեն: Հայրը Աստուած է, Որդին Աստուած է, Սուրբ Հոգին Աստուած է՝ այս է Երրորդութեան աստուածաշնչեան վարդապետութիւնը: Դրանից աւելին հարցը որոշակիօրէն դառնում է վիճայարոյց եւ ոչ էական: Մեր մարդկային սահմանափակ մտքով Երրորդութիւնը սահմանելու ջանքերի փոխարէն աւելի ճիշտ կլինի մեր ուշադրութիւնը յառենք Աստուծոյ մեծութեան, Նրա անսահման բարձր բնութեան վրա: «Ո՜վ Աստուծոյ մեծութեան, իմաստութեան եւ գիտութեան խորութիւն, ի՜նչ անքննելի են Նրա դատաստանները ու անմեկնելի են Նրա ճամփաները: Քանզի ո՞վ իմացաւ Տիրոջ միտքը, կամ ո՞վ Նրան խորհրդական եղաւ» (Հռոմ. 11.33-34):



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է սովորեցնում Աստուածաշունչը Երրոդութեան վերաբերեալ: