Ի՞նչ է լինում մահից յետոյ:



Հարց. Ի՞նչ է լինում մահից յետոյ:

Պատասխան.
Քրիստոնէական հաւատի մէջ որոշ շփոթ է այն հարցի շուրջը, թէ ինչ է լինում մահից յետոյ: Ոմանք ասում են, որ մեռնողը «քնում է» մինչեւ վերջին դատաստանը, որից յետոյ` դրախտ կամ դժոխք: Այլք համոզուած են, որ մահուան պահին իսկ մարդը անմիջապէս դատւում է եւ ուղարկւում իր յաւիտենական կացարանը: Մինչ ուրիշներ էլ պնդում են, որ մեռած մարդու հոգին գնում է «ժամանակաւոր» դրախտ կամ դժոխք, որտեղ եւ սպասում է վերջնական յարութեանը, ապա եւ արժանանում է իր յաւիտենական ճակատագրին: Իսկ ի՞նչ է ասում Աստուածաշունչը:

Նախ՝ Յիսուս Քրիստոսին հաւատացողների համար Աստուածաշունչն ասում է, որ մահից յետոյ հաւատացեալի հոգին տարւում է երկինք, որովհետեւ Քրիստոսին Փրկիչ ընդունած լինելու շնորհիւ նրա մեղքերը ներուած են (Յովհ. 3.16, 18, 36): Հաւատացեալի համար մահը նշանակում է «այս մարմնից դուրս գալ եւ Տիրոջ մօտ մտնել» (Բ Կորնթ. 5.6-8, Փիլիպ. 1.23): Ուրիշ հատուածներ էլ, ինչպէս Ա Կորնթ. 15.50-54 եւ Ա Թես. 4.13-17, ասում են, որ հաւատացեալները յարութիւն են առնում եւ փառաւորեալ մարմին առնում: Եթէ հաւատացեալները մահից անմիջապէս յետոյ գնում են Քրիստոսի մօտ, ապա ի՞նչ իմաստ ունի այս յարութիւնը: Եւ մինչ հաւատացեալի հոգին մահից անմիջապէս յետոյ գնում է Քրիստոսի մօտ, մարմինը ֆիզիկապէս մնում է գերեզմանում «քնած»: Հաւատացեալների յարութեան ժամանակ նիւթական մարմինը յարութիւն է առնում, փառաւորւում եւ միանում հոգուն: Այս վերամիացեալ եւ փառաւորեալ հոգին ու մարմինը լինելու է հաւատացեալների կեցութեան վիճակը յաւիտենապէս՝ նոր երկնքում եւ նոր երկրում (Յայտ. 21-22):

Երկրորդ. նրանց համար, ովքեր Փրկիչ չեն ընդունում Յիսուս Քրիստոսին, մահը նշանակում է յաւիտենական պատիժ: Բայց, հաւատացեալների ճակատագրի պէս, անհաւատները նոյնպէս կարծես թէ ուղարկւում են անմիջապէս մի ժամանակաւոր կացարան իրենց վերջնական յարութեանը, դատաստանին ու յաւիտենական ճակատագրին սպասելու: Ղուկաս 16.22-23 պատմում է մի հարուստի մասին, որը տանջւում էր մահից անմիջապէս յետոյ: Յայտնությիւն 20.11-15 ասում է, որ մահացած բոլոր անհաւատները յարութիւն են առնելու, դատաստանի են ենթարկուելու սպիտակ մեծ գահի առաջ, ապա գցուելու են կրակէ լիճը: Անհաւատները, հետեւաբար, մահից անմիջապէս յետոյ դժոխք (կրակէ լիճը) չեն գցւում, այլ պահւում են դատաստանի ու դատապարտութեան ժամանակաւոր մի տիրոյթում: Բայց նոյնիսկ եթէ իսկոյն կրակէ լիճը չեն գցւում, անհաւատների վիճակը մահից յետոյ երանելի չէ: Հարուստը աղաղակում էր՝ «Այս կրակի բոցի մէջ տանջւում եմ» (Ղուկ. 16.24):

Հետեւապէս, մարդը մահից յետոյ բնակվում է «ժամանակաւոր» դրախտում կամ դժոխքում: Առժամեայ այս տիրոյթից յետոյ վերջնական յարութեան ժամանակ յաւիտենութեան մէջ նրա ճակատագիրը չի փոխւում, փոխւում է սոսկ յաւիտենութեան «վայրը»: Հաւատացեալներին արտօնւում է մտնել նոր երկինք եւ նոր երկիր (Յայտ. 21.1): Անհաւատներն ի վերջոյ գցւում են կրակէ լիճը (Յայտ. 20.11-15): Այս է բոլոր մարդկանց վերջնական, յաւիտենական ճակատագիրը՝ ամբողջովին հիմնուած այն բանի վրայ, թե արդեօք իրենց փրկութեան համար վստահել են միմիայն Յիսուս Քրիստոսին, թէ ոչ (Մատթ. 25.46, Յովհ. 3.36):



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է լինում մահից յետոյ: