Ի՞նչ է ասում Աստուածաշունչը հրեշտակների մասին:



Հարց. Ի՞նչ է ասում Աստուածաշունչը հրեշտակների մասին:

Պատասխան.
Հրեշտակները անձնական, հոգեւոր էակներ են, ունեն բանականութիւն, զգացումներ եւ կամք: Սա ճշմարիտ է թէ՛ բարի, թէ՛ չար հրեշտակների (դեւերի) վերաբերեալ: Հրեշտակներն օժտուած են բանականութեամբ (Մատթէոս 8.29, Բ Կորնթացիս 11.3, Ա Պետրոս 1.12), արտայայտում են զգացումներ (Ղուկաս 2.13, Յակոբոս 2.19, Յայտնութիւն 12.17) եւ դրսեւորւում են կամք (Ղուկաս 8.28-31, Բ Տիմոթէոս 2.26, Յուդա 6): Հրեշտակները հոգեւոր էակներ են (Եբրայեցիս 1.14) առանց իսկական, ֆիզիկական մարմնի: Ու թէեւ նիւթեղէն մարմին չունեն, այդուհանդերձ անձնաւորութիւն են:

Քանի որ նրանք արարուած էակներ են, նրանց իմացութիւնը սահմանափակ է: Սա նշանակում է, որ նրանք ամենագէտ չեն, ինչպէս Աստուած (Մատթէոս 24.36): Աւելի մեծ իմացութիւն ունեն կարծես, քան մարդիկ, որը թէրեւս երեք պատճառ ունի: Նախ՝ հրեշտակները ստեղծուել են որպէս աւելի բարձր կարգի արարածներ, քան մարդիկ: Հետեւաբար, ինքնին աւելի մեծ իմացութեամբ են օժտուած: Երկրորդ՝ հրեշտակներն աւելի խորազնին գիտեն Աստուածաշունչը և աշխարհը, քան մարդիկ, եւ գիտութիւն են քաղում դրանից (Յակոբոս 2.19, Յայտնութիւն 12.12): Երրորդ՝ հրեշտակներն իմացութիւն են առնում մարդու գործունէութեան տեւական զննութիւնից: Ի տարբերութիւն մարդկանց հրեշտակները կարիք չունեն հետազօտելու անցեալը, որովհետեւ նրանք ապրել են դա: Հետեւաբար գիտեն, թէ ուրիշներն ինչպէս են գործել եւ վարուել տարբեր իրավիճակներում եւ կարող են շատ աւելի ստոյգ կանխասել, թէ մենք ինչպէս կվարուենք նման իրավիճակներում:

Հրեշտակները, ինչպէս բոլոր արարածները, թէեւ կամք ունեն, բայց ենթակայ են Աստուծոյ կամքին: Բարի հրեշտակներն Աստծուց ուղարկւում են հաւատացեալներին օգնելու (Եբրայեցիս 1.14): Ահա թէ ինչպիսի գործունէութիւն է Աստուածաշունչը վերագրում հրեշտակներին: Նրանք փառաբանում են Աստծուն (Սաղմոս 148.1-2, Եսայիա 6.3), երկրպագում են Աստծուն (Եբրայեցիս 1.6, Յայտնութիւն 5.8-13): Ցնծում են այն ամենում, ինչում ցնծում է Աստուած (Յոբ 38.6-7), ծառայում են Աստծուն (Սաղմոս 103.20, Յայտնութիւն 22.9), յայտնւում են Աստուծոյ առջեւ (Յոբ 1.6; 2.1): Իրականացնում են Աստուծոյ դատաստանները (Յայտնութիւն 7.1; 8.2): Պատասխան են բերում աղօթքին (Գործք 12.5-10), օգնում են՝ շահելու մարդկանց Քրիստոսի համար (Գործք 8.26; 10.3): Զննում են քրիստոնէական կարգը, գործը, տառապանքը (Ա Կորնթացիս 4.9; 11.10, Եփեսացիս 3.10, Ա Պետրոս 1.12): Քաջալերում են վտանգի պահին (Գործք 27.23-24), հոգում են արդարների համար մահուան պահին (Ղուկաս 16.22) եւ այլն:

Հրեշտակները բոլորովին այլ կարգի էակներ են, մարդկանցից տարբեր: Մարդիկ երբեք հրեշտակ չեն դառնում մահից յետոյ, իսկ հրեշտակներն էլ մարդ չեն դառնում եւ երբեք էլ չեն եղել: Աստուած հրեշտակներին ստեղծել է, ինչպէս ստեղծել է մարդուն: Սուրբ Գիրքը որեւէ տեղ չի ասում, թէ հրեշտակներն ստեղծուած են Աստուծոյ պատկերով եւ նմանութեամբ, ինչպէս մարդիկ (Ծննդոց 1.26): Հրեշտակներն, ինչպէս ասացինք, հոգիներ են, որոնք որոշակիօրէն կարող են մարմնեղէն ձեւ առնել: Մարդիկ գլխաւորապէս մարմնեղէն էակներ են, բայց օժտուած են հոգեւոր կերպարով: Ամենակարեւոր բանը, որ կարող ենք սովորել սուրբ հրեշտակներից, նրանց անմիջական, անսակարկ հնազանդութիւնն է Աստուծոյ հրամաններին:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է ասում Աստուածաշունչը հրեշտակների մասին: