Ինչպէ՞ս կարող եմ վստահ լինել իմ փրկութեանը:



Հարց. Ինչպէ՞ս կարող եմ վստահ լինել իմ փրկութեանը:

Պատասխան.
Ինչպէս կարող ես վստահ լինել, որ փրկուած ես: Կարդանք Ա Յովհաննէս 5.11-13 հատուածը. «Եւ սա է վկայութիւնը, որ Աստուած մեզ յաւիտենական կեանք տուեց, եւ այս կեանքը Նրա Որդու մէջ է: Ով որ Որդուն ունի, նա կեանք ունի, եւ ով որ Աստուծոյ Որդուն չունի, նա կեանք չունի: Այս բաները գրեցի ձեզ՝ Աստուծոյ Որդու անունին հաւատացողներիդ, որպէսզի իմանաք, թէ Աստուծոյ Որդուն հաւատալով դուք յաւիտենական կեանք ունէք»: Իսկ ո՞վ է, որ Որդուն ունի: Նրանք, ովքեր հաւատացին եւ ընդունեցին Նրան (Յովհ. 1.12): Եթէ ունես Յիսուսին, ուրեմն կեանք ունես. ոչ ժամանակաւոր, հապա՝ յաւիտենական:

Աստուած կամենում է, որ հաւաստի լինենք մեր փրկութեան մէջ: Չենք կարող մեր քրիստոնէական կեանքն ապրել տարակուսելով ու տագնապելով ամէն օր, թէ իրապէս փրկուած ենք, թէ ոչ: Դրա համար էլ Աստուածաշունչը շատ յստակ ներկայացնում փրկութեան ծրագիրը. հաւատա՛ Յիսուս Քրիստոսին եւ կփրկուես (Յովհ. 3.16, Գործք 16.31): Հաւատո՞ւմ ես, որ Յիսուս Փրկիչն է, որ Նա մեռաւ քո մեղքերի պատիժը հատուցելու (Հռոմ. 5.8, Բ Կորնթ. 5.21): Միմիայն Նրա՞ն ես վստահում փրկութեան համար: Եթէ պատասխանդ «այո» է, ուրեմն փրկուած ես: Վստահութիւն նշանակում է «ամէն կասկածից վեր»: Աստուծոյ Խոսքը սրտիդ մէջ առնելով կարող ես «ամէն կասկածից վեր» փաստել քո յաւիտենական փրկութեան իրողութիւնը:

Յիսուս Ինքը հաստատում է սա Իրեն հաւատացողների նկատմամբ. «Եւ ես նրանց յաւիտենական կեանք եմ տալիս, եւ նրանք յաւիտեան չեն կորսուի, եւ ոչ ոք նրանց իմ ձեռքից չի յափշտակի: Իմ Հայրը, որ նրանց Ինձ տուեց, ամենից մեծ է, ու ոչ ոք չի կարող նրանց Իմ Հօր ձեռքից յափշտակել» (Յովհ. 10.28-29): Յաւիտենական կեանքը հէնց այն է, ինչ որ բառն ասում է՝ յաւիտենական: Ոչ ոք, նոյնիսկ դու ինքդ, չի կարող փրկութեան Քրիստոսի աստուածատուր պարգեւը խլել քեզնից:

Աստուծոյ Խօսքը թաքցնում ենք մեր սրտերում, որպէսզի չմեղանչենք Նրա դէմ (Սաղմոս 119.11), որպէսզի նաեւ կասկածի մեղքը չգործենք: Ուրա՛խ եղիր նրանով, ինչ Աստուծոյ Խօսքն ասում է քեզ, որ կասկածելու փոխարէն կարող ես վստահութեամբ ապրել: Կարող ենք Քրիստոսի իսկ Խօսքից հաւաստիանալ առ այն, որ մեր փրկութիւնը երբեք հարցականի տակ չէ: Մեր վստահութիւնը հիմնուած է մեր նկատմամբ Աստուծոյ սիրոյ վրայ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ինչպէ՞ս կարող եմ վստահ լինել իմ փրկութեանը: