Որո՞նք են Աստուծոյ յատկանիշները: Ինչպիսի՞ն է Աստուած::



Հարց. Որո՞նք են Աստուծոյ յատկանիշները: Ինչպիսի՞ն է Աստուած::

Պատասխան.
Աստուածաշունչը՝ Աստուծոյ Խօսքը, ասում է մեզ, թէ ինչպիսին է եւ ինչպիսին չէ Աստուած: Առանց Սուրբ Գրքի հեղինակութեան Աստուծոյ յատկանիշները բացատրելու որեւէ փորձ աւելին չէ, քան սոսկ կարծիք, որն ինքնին յաճախ սխալ է, յատկապէս աստուածճանաչողութեան մէջ (Յոբ 42.7): Ասել, թէ Աստծուն ճանաչելը մեզ համար շատ կարեւոր է, նշանակում է ոչինչ չասել: Եթէ թերանանք դրանում, շատ հնարաւոր է, որ մի կուռք շինենք, հետեւենք ու երկրպագենք չաստուածների՝ հակառակ Աստուծոյ կամքին (Ելից 20.3-5):

Աստուծոյ մասին մենք կարող ենք իմանալ միայն այն, ինչ Նա ընտրել է յայտնելու մեզ: Աստուծոյ յատկանիշներից կամ որակների մէկը «լոյսն» է, այսինքն՝ Աստուած Ինքը տեղեկութիւն է բացայայտում Իր մասին (Ես. 60.19, Յակ. 1.17): Չպէտք է անտեսել այս փաստը, որ Աստուած Իր մասին իմացութիւն է յայտնել մեզ (Եբր. 4.1): Արարչութիւնը, Աստուածաշունչը եւ մարմնացեալ Բանը (Յիսուս Քրիստոս) կօգնեն մեզ իմանալու, թէ ինչպիսին է Աստուած:

Սկսենք այն ըմբռնումով, որ Աստուած մեր Արարիչն է, իսկ մենք Նրա արարչութեան մի մասնիկն ենք (Ծննդ. 1.1, Սաղմ. 24.1) եւ ստեղծուած ենք Իր պատկերով: Մարդը բոլոր արարածներից վեր է, եւ Աստուած նրան իշխանութիւն է տուել արարչութեան վրա տիրելու (Ծննդ. 1.26-28): Արարչութիւնը խաթարուած է մարդու անկումով, սակայն տակաւին պահպանում է Աստուծոյ ստեղծագործութեան նշոյլը (Ծննդ. 3.17-18, Հռոմ. 1.19-20): Արարչութեան ահռելիութեան, բարդութեան, գեղեցկութեան եւ կարգուկանոնի շուրջ խորհելով կարող ենք հասկանալ Աստուծոյ ահազդու մեծութիւնը:

Աստծուն կարող ենք ճանաչել Նրա անուանումներից: Ահա դրանցից մի քանիսը.

Էլոհիմ - Զօրաւորը. Աստուածային (Ծննդ. 1.1)
Ադոնայ - Տէր. նկատի ունի Տէր - ծառա փոխյարաբերութիւնը (Ելից 4.10, 13)
Էլ Էլիոն – Բարձրեալը, Ամենազօրը (Ծննդ. 14.20)
Էլ Ռոյ – Զօրաւորը, Ամենատեսը (Ծննդ. 16.13):
Էլ Շադայ - Ամենակարող Աստուած (Ծննդ. 17.1):
Էլ Օլամ - Յաւիտենական Աստուած (Ես. 40.28):
Եահուէ - «ԵՍ ԵՄ» Տէրը. յաւիտենական եւ Ինքնագոյ Աստուած (Ելից 3.13,14):

Աստուած յաւիտենական է, այսինքն՝ չի ունեցել սկիզբ եւ չի ունենալու վերջ: Աստուած անմահ եւ անվերջ է (Բ Օրին. 33.27, Սաղմ. 90.2, Ա Տիմ. 1.17): Աստուած անփոփոխ է, սա նշանակում է, որ Նա բացարձակ վստահելի եւ ապավինելի է (Մաղ. 3.6, Թուոց 23.19, Սաղմ. 102.26-27): Աստուած անհամեմատելի է, այսինքն՝ Իր գործերով եւ էութեամբ Իր նմանը չունի, անզուգական է եւ կատարեալ (Բ Թագ. 7.22, Սաղմ. 86.8, Ես. 40.25, Մատթ. 5.48): Աստուած անքննելի է, աներեւակայելի եւ անմեկնելի. անհնար է ամբողջութեամբ ճանաչել ու հասկանալ Նրան (Ես. 40.28, Սաղմ. 145.3, Հռոմ. 11.33-34):

Աստուած Արդար է. Նա մարդկանց չի սիրաշահում աչառութիւն անելով (Բ Օրին. 32.4, Սաղմ. 18.30): Աստուած ամենակարող է. ամենազոր է եւ անում է այն, ինչ Իրեն հաճելի է, սակայն Աստուծոյ գործերը համահունչ են Իր բնաւորութեանը (Յայտ. 19.6, Երեմ. 32.17, 27): Աստուած ամէնուր է, որը սակայն չի նշանակում, թէ ամէն բան Աստուած է (Սաղմ. 139.7-13, Երեմ. 23.23): Աստուած ամենագետ է. Նա գիտէ անցեալը, ներկան եւ ապագան, ներառեալ ամէն պահի մեր մտածմունքները: Եւ քանի որ ամենագետ է, ապա Նրա արդարադատութիւնը մշտապէս ուղղամիտ է (Սաղմ. 139.1-5, Առակ. 5.21):

Աստուած մի է. այսինքն՝ ոչ միայն ուրիշ աստուածներ չկան, այլ նաեւ միայն Նա կարող է բաւարարել մեր սրտի խորին փափագներն ու կարիքները: Միայն Նա է արժանի մեր երկրպագութեանն ու նուիրումին (Բ Օրին. 6.4): Աստուած արդար է. Նա չի կարող եւ չի անտեսի յանցանքը: Նրա արդարութեան ու արդարադատութեան համար Յիսուս պիտի կրէր Աստուծոյ դատաստանը, երբ մեր մեղքերը Նրա վրայ դրուեցին (Ելից 9.27, Մատթ. 27.45-46, Հռոմ. 3.21-26):

Աստուած ինքնիշխան է. այսինքն՝ գերագոյն եւ բացարձակ Աստուած է: Նրա բոլոր արարածները միասին չեն կարող խափանել Նրա նպատակները (Սաղմ. 93.1, 95.3, Երեմ. 23.20): Աստուած Հոգի է. այսինքն՝ անտեսանելի է (Յովհ. 1.18, 4.24): Աստուած Երրորդութիւն է. երեք Անձեր՝ մէկ բնութեան մէջ. նոյն էութեամբ, զօրութեամբ եւ փառքով: Աստուած ճշմարտութիւն է. Նա կայ եւ կմնայ անեղծ (Սաղմ. 117.2, Ա Թագ. 15.29):

Աստուած սուրբ է, զերծ ամէն արատից եւ թշնամի՝ ամենայն պղծութեան: Աստուած տեսնում է ողջ չարիքը, եւ դա բարկացնում է Նրան: Սուրբ Գիրքը Նրան «կլլող (մաշող, սպառող) կրակ» է ասում (Ես. 6.35, Ամբ. 1.13, Ելից 3.2, 4-5, Եբր. 12.29): Աստուած շնորհառատ է, Նրա շնորհը ներառում է Իր բարութիւնը, գթասրտութիւնը, ողորմածութիւնը եւ սէրը: Եթէ Աստուծոյ շնորհը չլինէր, Նրա սրբութիւնը կբաժաներ մեզ Նրա ներկայութիւնից: Սակայն, գոհութի՜ւն Աստուոյ, որ Նա շնորհ է անում մեզ եւ ցանկանում է ճանաչել իւրաքանչիւրիս անձամբ (Ելից 34.6, Սաղմ. 31.19, Ա Պետր. 1.3, Յովհ. 3.16; 17.3):

Աստուած անվերջանալի Էակ է. ոչ մի մարդ արարած չի կարող սպառիչ պատասխան տալ վերոյիշեալ աստուածածիր հարցին, սակայն Աստուծոյ Խօսքի միջոցով շատ բան կարող ենք հասկանալ, թէ ով եւ ինչպիսին է Աստուած: Թող որ բոլորս էլ սրտանց շարունակենք փնտրել Նրան (Երեմ. 29.13):



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Որո՞նք են Աստուծոյ յատկանիշները: Ինչպիսի՞ն է Աստուած::