Աստուած ինչո՞ւ է թոյլ տալիս, որ վատ բաներ լինեն լաւ մարդկանց:



Հարց. Աստուած ինչո՞ւ է թոյլ տալիս, որ վատ բաներ լինեն լաւ մարդկանց:

Պատասխան.
Թերեւս ամենադժուարին հարցերից մէկը ողջ աստուածաբանութեան մէջ: Աստուած յաւիտենական է, անսահման, ամենագէտ, ամենահաս եւ ամենազօր: Ինչո՞ւ պիտի մարդ արարածները (ամենեւին ոչ յաւիտենական, ոչ անսահման, ոչ ամենագետ կամ ամենազօր) ակնկալեն, թէ ի զօրու են լիովին հասկանալ Աստուծոյ բաները: Յոբի գիրքը անդրադառնում է այս հարցին: Աստուած Սատանային թոյլ էր տուել Յոբի հետ վարուել ինչպէս կամենար, բացի նրան կեանքից զրկելուց: Իսկ ինչպէ՞ս է պատասխանում Յոբը: «Թէկուզ ինձ սպանի՝ Նրան եմ յուսալու» (Յոբ 13.15): «Տէրը տուեց, Տէրն առաւ. թող փառաւորուի՛ Նրա անունը» (Յոբ 1.21): Յոբը չէր հասկանում՝ Աստուած ինչու էր թոյլ տուել այդ բաները, բայց համոզուած էր, որ Տէրը բարի է, եւ շարունակում էր վստահել Նրան: Ահա այսպէս պիտի լինի մեր պատասխանը նոյնպէս:.

Ինչո՞ւ են վատ բաներ պատահում լաւ մարդկանց: Աստուածաշնչեան պատասխանն է՝ «լաւ» մարդիկ չկան: Սուրբ Գիրքը միանշանակ պնդում է՝ բոլորս էլ ապականուած ենք մեղքի վարակով (Ժողովող 7.20, Հռոմայեցիս 6.23, Ա Յովհաննէս 1.8): Հռոմայեցիս 3.10-18 հատուածը պարզ ասում է, որ «լաւ» մարդ չկայ. «Արդար չկայ, մէկն էլ չկայ: Չկայ իմացող, չկայ Աստծուն փնտրող: Ամենքը խոտորել են, միասին անպիտանացել. բարութիւն անող չկայ, մէ՛կն էլ չկայ: Նրանց կոկորդը բաց գերեզման է, եւ իրենց լեզուներով նենգութիւն են անում. նրանց շրթունքի տակ իժերի թոյն կայ: Նրանց բերանն անէծքով ու դառնութեամբ է լի: Նրանց ոտքերն արիւն թափելու համար են արագընթաց: Նրանց ճամփաներին կործանում եւ թշուառութիւն է, եւ խաղաղութեան ճանապարհը չճանաչեցին: Աստուծոյ երկիւղը նրանց աչքերի առաջ չէ»: Երկիր մոլորակի վրայ բնակուող ամէն մարդ էակ արժանի է դժոխք գցուելու այս իսկ պահին: Մեր կենդանութեան ամէն վայրկեանը Աստուծոյ շնորհով ու ողորմածութեամբ է միայն: Ամենասոսկալի թշուառութիւնը, որ կարող էինք կրել այս աշխարհում, ողորմութիւն է նրա համեմատ, ինչին արժանի ենք՝ յաւիտենական դժոխք կրակէ լճում:

Աւելի ճիշտ կլինի հարցնել՝ «Աստուած ինչո՞ւ է լաւ բաներ թոյլ տալիս վատ մարդկանց»: Հռոմայեցիս 5.8-ը ասում է. «Բայց Աստուած մեր նկատմամբ Իր սէրը յայտնեց. երբ մենք դեռ մեղաւոր էինք, Քրիստոս մեզ համար մեռաւ»: Չնայած մեր չար, անիրաւ, մեղսալի բնութեանը՝ Աստուած տակաւին սիրում է մեզ: Սիրում է մեզ այնքան, որ մեռաւ՝ մեր մեղքերի պատիժը կրելով (Հռոմայեցիս 6.23): Եթէ ընդունենք Յիսուս Քրիստոսին որպէս մեր Փրկիչը (Յովհաննէս 3.16, Հռոմայեցիս 10.9), ներում կստանանք եւ յաւիտենական երկնային բնակութեան խոստում կառնենք (Հռոմայեցիս 8.1): Մեզ արժանին դժոխքն է: Իսկ մեզ տրւում է յաւիտենական կեանք երկնքում, եթէ հաւատքով գանք Քրիստոսին:

Այո, երբեմն վատ բաներ են պատահում մարդկանց, որոնք կարծես արժանի չէին դրան: Բայց Աստուած դրանք թոյլ է տալիս Իր պատճառներով՝ հասկանալի լինեն մեզ համար, թէ ոչ: Ամէն ինչից առաւել, սակայն, պէտք է յիշենք, որ Աստուած բարի է, արդարադատ, սիրող եւ ողորմած: Յաճախ բաներ են լինում մեզ, որ պարզապէս չենք կարող հասկանալ: Բայց Աստուծոյ բաութեանը կասկածելու փոխարէն մեր պատասխանը պիտի լինի վստահել Նրան: «Տիրո՛ջն ապաւինիր քո ամբողջ սրտով, եւ քո հասկացողութեանը մի՛ վստահիր: Քո բոլոր ճամփաներում ճանաչի՛ր Նրան, եւ Նա կուղղի քո ճամփաները» (Առակաց 3.5-6):



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Աստուած ինչո՞ւ է թոյլ տալիս, որ վատ բաներ լինեն լաւ մարդկանց: