Մենք երկո՞ւ, թէ՞ երեք մաս ունենք: Մարմին, շունչ, հոգի՞, թէ՞ մարմին եւ շունչ կամ հոգի:



Հարց. Մենք երկո՞ւ, թէ՞ երեք մաս ունենք: Մարմին, շունչ, հոգի՞, թէ՞ մարմին եւ շունչ կամ հոգի:

Պատասխան.
Ծննդոց 1.26-27-ը նշում է, որ մարդկութիւնը որոշակիօրէն տարբերւում է բոլոր միւս արարածներից: Մարդ էակները նախատեսուած էին յարաբերուելու Աստուծոյ հետ, եւ որպէս այդպիսին Աստուած մեզ ստեղծել է ե՛ւ նիւթական, ե՛ւ աննիւթական մասերով: Նիւթականն ակներեւաբար այն է, ինչը շօշափելի է՝ ֆիզիկական մարմինը, ոսկրերը, օրգանները եւ այլն, եւ գոյութիւն ունի, քանի դեռ անձը կենդանի է: Աննիւթական մասը նրանք են, որոնք անշօշափելի են՝ շունչը, հոգին, բանականութիւնը, կամքը, խղճմտանքը եւ այլն: Սրանք գոյութիւն ունեն անհատի ֆիզիկական կեանքից անդին:

Բոլոր մարդ էակներն ունեն ե՛ւ նիւթական, ե՛ւ աննիւթական բնութագրիչներ: Պարզ է, որ բոլոր մարդիկ ունեն մարմին՝ մկաններից, ոսկրերից, արիւնից, օրգաններից, բջիջներից բաղկացած: Խնդրոյ առարկայ մասը, սակայն, մարդու աննիւթական յատկանիշներն են: Ի՞նչ է ասում Աստուածաշունչը դրանց մասին: Ծննդոց 2.7-ն ասում է, որ մարդն ստեղծուել է որպէս կենդանի հոգի: Թուոց 16.22-ն Աստծուն անուանում է բոլոր մարդկանց «հոգիների Աստուած»: Առակաց 4.23-ն ասում է. «Ամէն զգուշութիւնից առաւել սրտի՛դ զգուշացիր, որովհետեւ նրանից է կեանքի աղբիւրը»: Գործք 23.1-ն ասում է. «Պօղոսը սեւեռուն նայեց ատեանին եւ ասաց. “Եղբայրնե՛ր, ես մինչեւ այսօր Աստուծոյ առաջ բարի խղճմտանքով եմ ապրել”»: Պօղոսը նկատի ունի մտքի այն կողմը՝ մարդու խիղճը, որ զանազանում է ճիշտն ու սխալը: Հռոմայեցիս 12.2-ը յորդորում է. «Մի՛ կերպարանուէք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգուեցէ՛ք ձեր մտքի նորոգութեամբ»: Այս եւ շատ այլ հատուածներ վերաբերում են մարդու աննիւթական մասի տարբեր կողմերին: Մենք բոլորս էլ օժտուած ենք նիւթական եւ աննիւթական նոյն յատկանիշներով:

Սուրբ Գիրքն, այսպիսով, ներկայացնում է շատ աւելին, քան սոսկ շունչը եւ հոգին: Ինչ-որ կերպ շունչը (նաեւ անձը, ոգին), հոգին, սիրտը, խղճմտանքը, միտքը փոխկապակցուած ու յարաբերակից են: Շունչը եւ հոգին ընդսմին հաստատապէս մարդու աննիւթական բաղադրիչի հիմնական կերպն են եւ հաւանաբար ներառում են միւս կերպերը նոյնպէս: Ահա այս բացատրութիւնն ի մտի առնելով՝ պատասխանենք հարցին, թէ մարդը, այդուհանդերձ, երկմասն է (մարմին եւ հոգի/շունչ), թէ եռամասն (մարմին, հոգի եւ շունչ): Անհնար է միանշանակ պատասխան տալ. երկու տեսակէտներն էլ բաւարար փաստարկուած են: Բանալին թերեւս Եբրայեցիս 4.12 համարն է. «Աստուծոյ խօսքը կենդանի է ու զօրաւոր եւ ամէն երկսայրի սրից աւելի կտրուկ է ու թափանցում է մինչեւ շնչի եւ ոգու, զօդուածների եւ ծուծի բաժանումը, եւ սրտի մտքերն ու խորհուրդները քննող է»: Այս հատուածից առնուազն երկու բան ենք իմանում խնդրոյ առարկայի մասին: Հոգին եւ շունչը բաժանելի են, եւ այդ բաժանումը միայն Աստուած կարող է տարբերել: Անիմանալիի վրա սեւեռուելու փոխարէն աւելի լաւ է մեր հայեացքը յառենք Արարչին, ով «ահաւոր եւ զարմանալի» (Սաղմոս 139.14) կերպով է ստեղծել մեզ:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Մենք երկո՞ւ, թէ՞ երեք մաս ունենք: Մարմին, շունչ, հոգի՞, թէ՞ մարմին եւ շունչ կամ հոգի: