Ի՞նչ է նշանակում վերստին ծնուած քրիստոնեայ լինել:



Հարց. Ի՞նչ է նշանակում վերստին ծնուած քրիստոնեայ լինել:

Պատասխան.
Ի՞նչ ասել է վերստին ծնուած քրիստոնեայ լինել: Աստուածաշնչի դասական հատուածը, որ պատասխանում է այս հարցին, Յովհաննէս 3.1-21-ն է: Տէր Յիսուս Քրիստոս զրուցում է Նիկոդեմոս անունով նշանաւոր մի փարիսեցու հետ, որը նաեւ սինեդրիոնի՝ հրեաների ղեկավար ատեանի անդամ էր: Նիկոդեմոսը գիշերով եկել էր Յիսուսի մօտ՝ հարցեր տալու:

Զրուցելով Նիկոդիմոսին հետ՝ Յիսուս ասում է. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթէ մէկը վերստին չծնուի, չի կարող Աստուծոյ թագաւորութիւնը տեսնել»: Նիկոդեմոսը հարցրեց. «Մարդ ինչպէ՞ս կարող է ծնուել, երբ ծեր է. մի՞թէ կարող է երկրորդ անգամ մօր որովայնը մտնել ու ծնուել»: Յիսուս պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթէ մէկը ջրից ու Հոգուց չծնուի, չի կարող Աստուծոյ թագաւորութիւնը մտնել: Մարմնից ծնուածը մարմին է, իսկ Հոգուց ծնուածը հոգի է: Մի՛ զարմացիր, որ քեզ ասացի՝ պէտք է վերստին ծնուէք» (Յովհ. 3.3-7):

«Վերստին ծնուել» արտայայտութիւնը բառացիօրէն նշանակում է «վերից ծնուել»: Նիկոդեմոսն իրապէս մի բանի կարիք ունէր՝ հոգեւոր վերափոխման: Վերստին ծնունդը կամ նոր ծնունդը Աստուծոյ գործն է, որով յաւիտենական կեանք է տրւում նրան, ով հաւատում է (Բ Կորնթ. 5.17, Տիտոս 3.5, Ա Պետր. 1.3, Ա Յովհ. 2.29, 3.9, 4.7, 5.1-4,18): Յովհ. 1.12-13 նշում է, որ «վերստին ծնունդը» իր հետ կրում է նաեւ Յիսուս Քրիստոսի հաւատքի միջոցով «Աստուծոյ զաւակ դառնալու» գաղափարը:

Տրամաբանօրէն հարց է ծագում. «Ինչո՞ւ պէտք է մարդ վերստին ծնուի»: Պօղոս առաքեալը Եփեսացիս 2.1-ում ասում է. «Դուք յանցանքների ու մեղքերի մէջ մեռած էիք. Նա ձեզ կենդանացրեց»: Իսկ հռոմայեցիներին ուղղուած իր Թղթի 3.23-ում առաքեալն ասում է. «Վասն զի ամենքը մեղանչեցին եւ Աստուծոյ փառքից պակասեցին»: Մեղաւորները հոգեւորապէս «մեռած» են. երբ Քրիստոսի հանդէպ հաւատքով հոգեւոր կեանք են առնում, Սուրբ Գիրքը սա նմանեցնում է վերածննդի: Միայն վերածնուածներն են, որոնց մեղքերը ներուած են եւ հաղորդակցութիւն ունեն Աստուծոյ հետ:

Ինչպէ՞ս է լինում սա: Եփեսացիս 2.8-9-ում ասում է. «Վասն զի շնորհով էք փրկուած՝ հաւատքի միջոցով, եւ այս՝ ոչ թէ ձեզամնից է, հապա Աստուծոյ պարգեւն է. ոչ թէ գործերից, որ մէկը չպարծենայ»: Երբ մարդը փրկւում է, այդ պահին նա նորից է ծնւում, հոգով նորոգւում է եւ, համաձայն իր նոր ծննդեան իրաւունքի, Աստուծոյ զաւակ է այլեւս: «Վերստին ծնունդ» նշանակում է վստահել Յիսուս Քրիստոսին, Նրան, ով վճարեց մեր մեղքերի պատիժը՝ խաչի վրայ մեռնելով: «Ուրեմն եթէ մէկը Քրիստոսի մէջ է՝ նոր ստեղծուած է» (Բ Կորնթ. 5.17):

Եթէ չես վստահել Տէր Յիսուս Քրիստոսին որպէս քո Փրկչի, չէի՞ր ուզի խորհել, թէ Սուրբ Հոգին ինչ է յուշում քեզ՝ խօսելով քո սրտին: Դու պէտք է վերստին ծնուես: Կուզե՞ս ապաշխարութեան աղօթք ասել եւ նոր արարած դառնալ Քրիստոսում այսօր: «Բայց ովքեր Նրան ընդունեցին, նրանց, որ հաւատում են Իր անուանը, իշխանութիւն տուեց Աստուծոյ զաւակներ լինելու: Ովքեր ո՛չ արիւնից, ո՛չ մարմնից, ո՛չ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնուեցին» (Յովհ. 1.12-13):

Եթէ ուզում ես ընդունել Յիսուս Քրիստոսին որպէս քո Փրկիչը եւ վերստին ծնուել, ահա մի պարզ աղօթք քեզ համար: Յիշի՛ր. այս կամ մէկ ուրիշ աղօթք քեզ չեն փրկելու: Միայն Քրիստոսին հաւատալով է, որ կարող ես փրկուել մեղքից: Այս աղօթքը սոսկ միջոց է, որ արտայայտես քո հաւատը Աստուծոյ հանդէպ եւ շնորհակալութիւն յայտնես այն փրկութեան համար, որ Նա քեզ ընծայում է:

«Աստուա՛ծ իմ, գիտեմ, որ մեղաւոր եմ Քո առջեւ եւ արժանի՝ պատժուելու: Բայց Յիսուս Քրիստոս առաւ այն պատիժը, որ ես պիտի կրէի, որպէսզի Իր հանդէպ իմ հաւատով ներում գտնեմ: Քեզ եմ վստահում իմ փրկութեան համար: Շնորհակալ եմ Քո սքանչելի շնորհի, ներման եւ յաւիտենական կեանքի պարգեւի համար: Ամէն»:

Քրիստոսին դառնալու վճիռդ այս էջը կարդալու պատճառո՞վ է: Եթէ այո՝ սեղմիր «Այսօր ընդունեցի Քրիստոսին» կոճակը ստորեւ:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է նշանակում վերստին ծնուած քրիստոնեայ լինել: