Ի՞նչ է ասում Աստուածաշունչը դիւահարութեան՝ դեւով բռնուելու մասին:



Հարց. Ի՞նչ է ասում Աստուածաշունչը դիւահարութեան՝ դեւով բռնուելու մասին:

Պատասխան.
Աստուածաշունչը դիւահարութեան կամ դեւի ազդեցութեան մի քանի օրինակ է տալիս: Այս օրինակներից կարող ենք դիւային ազդեցութեան որոշ ախտանիշեր գտնել եւ գաղափար կազմել, թէ ինչպէս է դեւը բռնում մարդուն: Ահա աստուածաշնչեան մի քանի հատուած. Մատթէոս 9.32-33; 12.22; 17.18, Մարկոս 5.1-20; 7.26-30, Ղուկաս 4.33-36; 22.3, Գործք 16.16-18: Դիւահարութիւնն այս հատուածներում մարմնական ախտ է պատճառում, ինչպէս՝ յամրութիւն, ընկնաւորութիւն, կուրութիւն եւ այլն: Այլ դէպքերում մարդուն դրդում է չարագործութեան, որի կարկառուն օրինակը Յուդան է: Գործք 16.16-18-ում ոգին ստրկուհի աղջկան ակնյայտօրէն որոշ ունակութիւն է տալիս նրա գիտեցածից աւելի բաներ իմանալու: Գերգեսացի դիւահարը, որը բռնուած էր դեւերի բազմութեամբ (լեգէոն), գերմարդկային ուժ ունէր եւ մերկ ապրում էր գերեզմաններում: Սաւուղ թագաւորը Տիրոջ դէմ ըմբոստանալուց յետոյ չար ոգու յարձակման էր ենթարկւում (Ա Թագաւորաց 16.14-15; 18.10-11; 19.9-10) հոգեմաշ տրամադրութեան եւ Դաւթին մահուան մատնելու ակնյայտ հետեւանքով:

Դիւահարութեան հնարաւոր ախտանիշերը բազմազան են. օրինակ՝ մարմնական ախտ, որ հնարաւոր չէ վերագրել բնախօսական (ֆիզիոլոգիա) որեւէ արատի, անհատականութեան փոփոխութիւն, ինչպէս՝ ընկճախտ կամ ագրեսիա, գերմարդկային ուժ, անհամեստութիւն, հակասոցիալական տրամադրութիւն եւ, հաւանաբար, իմացութիւն, որ բնականօրէն հնարաւոր չէ: Կարեւոր է նշել նաեւ, որ այս ախտանիշերից շատերը, եթէ ոչ բոլորը, կարող է այլ բացատրութիւն ունենալ, ուստի չի կարելի ամէն մի ընկճուած կամ ընկնաւոր մարդու պիտակաւորել իբրեւ դիւահարի: Միւս կողմից, արդի աշխարհիկ հասարակութիւնը լրջօրէն հակուած չէ սատանայական միջամտութիւն փնտրելու մարդկանց կեանքում:

Ի լրումն այս մարմնական կամ յուզական տարբերակումների՝ դիւական ազդեցութիւնը կարող է երեւալ նաեւ հոգեւոր յատկանիշներից. օրինակ՝ աններողամտութիւնը (Բ Կորնթացիս 2.10-11), կեղծ վարդապետութեան հաւատալն ու քարոզելը, յատկապէս Յիսուս Քրիստոսի եւ Նրա քաւչարար գործի վերաբերեալ (Բ Կորնթացիս 11.3-4, 13-15, Ա Տիմոթէոս 4.1-5, Ա Յովհաննէս 4.1-3):

Ինչ վերաբերում է քրիստոնեաների կեանքին դեւերի միջամտութեանը, ապա Պետրոս առաքեալը հաւատացեալի վրայ դեւի ազդեցութեան իրողութեան օրինակ է (Մատթէոս 16.23): Ոմանք քրիստոնեաների վրայ դիւական ուժգին ներգործութիւնն անուանում են «դիւականացում», սակայն այս կարծիքը քննութիւն չի բռնում, որովհետեւ Աստուածաշնչում չկայ Քրիստոսի հաւատացեալի գէթ մէկ օրինակ, որ դեւով բռնուած լինի: Աստուածաբանների ճնշող մեծամասնութիւնը համոզուած է, որ քրիստոնեան չի կարող դիւահարուել, որովհետեւ քրիստոնեան ներբնակուող Սուրբ Հոգի ունի (Բ Կորնթացիս 1.22; 5.5, Ա Կորնթացիս 6.19), իսկ Աստուծոյ Հոգին Իր բնակատեղին երբեք չի զիջի դեւին:

Մենք չգիտենք, թէ մարդն ինչպէս է բացւում դիւահարութեան համար: Եթէ Յուդայի օրինակը տիպական համարենք, ապա նա իր սիրտը բացեց չարիքի առջեւ. Յուդայի պարագայում այդ չարիքը ագահութիւնն էր (Յովհաննէս 12.6): Հետեւապէս հնարաւոր է, որ եթէ մարդ թոյլ է տալիս, որ իր սիրտը տարուի մոլի մեղքով, ապա դա իւրատեսակ «մուտքի հրաւէր» է դեւի համար: Միսիոներների փորձից գիտենք նաեւ, որ դիւահարութիւնը սերտ առնչւում է կուռքերի պաշտամունքին եւ գաղտնախորհուրդ (օկուլտային) նիւթերին: Աստուածաշունչը կռապաշտութիւնը շարունակ կապում է դեւերի պաշտամունքին (Ղեւտացոց 17.7, Բ Օրինաց 32.17, Սաղմոս 106.37, Ա Կորնթացիս 10.20), ուստի զարմանալի չէ, որ կռապաշտութիւնը կարող էր յանգեցնել դիւահարութեան:

Սուրբգրային վերոյիշեալ հատուածների եւ միսիոներների վկայութիւնների հիման վրայ կարող ենք եզրակացնել, որ շատ մարդիկ, կամայ թէ ակամայ, որեւէ մեղքի կամ կռապաշտութեան տրուելով՝ իրենց կեանքը բացում են դեւերի միջամտութեան առաջ. օրինակ՝ անբարոյականութիւն, հարբեցողութիւն, թմրամոլութիուն, գոռոզամտութիւն, չարասրտութիւն, վերանցական մտասեւեռում (տրանսցենդենտալ մեդիտացիա) եւ այլն:

Մէկ այլ նկատառում եւս: Սատանան եւ իր չար ոգիները չեն կարող որեւէ բան անել, եթէ Տէրը թոյլ չտայ նրանց անել (Յոբ 1-2): Այս դէպքում Սատանան, կարծելով, թէ իր սեփական նպատակներն է իրագործում, իրականում կատարում է Աստուծոյ նպատակը, ինչպէս, օրինակ, Յուդայի մատնութեան պարագայում: Ոմանք անառողջ հրապուրանք են տածում գաղտնախորհուրդ եւ դիւական գործողութիւնների նկատմամբ: Սա անխոհեմ եւ հակասուրբգրային արարք է: Եթէ մենք Աստծուն ենք հետեւում, եթէ հանդերձաւորւում ենք Աստուծոյ սպառազինութեամբ եւ ապաւինում ենք Նրա զօրութեանը (Եփեսացիս 6.10-18), ապա երբեք չպէտք է վախենանք չարից, քանզի Աստուած տիրում է ամէն բանի վրայ:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է ասում Աստուածաշունչը դիւահարութեան՝ դեւով բռնուելու մասին: