Յիսուս գոյութիւն ունեցե՞լ է: Պատմական որեւէ ապացոյց կա՞յ Յիսուս Քրիստոսի գոյութեան վերաբերեալ:



Հարց. Յիսուս գոյութիւն ունեցե՞լ է: Պատմական որեւէ ապացոյց կա՞յ Յիսուս Քրիստոսի գոյութեան վերաբերեալ:

Պատասխան.
Այս հարցը տալիս սովորաբար նկատի ունեն «Աստուածաշնչից դուրս»: Մեզ համար ընդունելի չէ այն գաղափարը, թէ Աստուածաշունչը չի կարելի Յիսուսի գոյութեան վերաբերեալ վկայութեան աղբիւր համարել: Նոր Կտակարանը հարիւրաւոր յղումներ է պարունակում Յիսուս Քրիստոսի մասին: Ոմանք Ավետարանները թուագրում են մեր թուարկութեան երկրորդ դարով, Յիսուսի մահից աւելի քան 100 տարի ուշ: Նոյնիսկ եթէ այդպէս լինէր (որին կտրականապէս համաձայն չենք), իրադարձութիւններից նուազ քան 200 տարի յետոյ արձանագրուած աղբիւրները, հնագոյն վկայութիւնների առումով, համարւում են արժանահաւատ ապացոյցներ: Աւելին, մատենագէտների ճնշող մեծամասնութիւնը, քրիստոնեայ թէ ոչ քրիստոնեայ, համաձայն են, որ Պօղոսի Թղթերը (գոնէ մի քանիսը) իսկապէս գրուել են Պօղոսի կողմից մ. թ. առաջին դարի կեսին, Յիսուսի մահից նուազ քան 40 տարի անց: Հնագոյն ձեռագրերի համար սա չափազանց զօրեղ ապացոյց է, որ Յիսուս անունով անձնաւորութիւն իսկապէս եղել է Իսրայէլում մ. թ. առաջին դարի սկզբին:

Կարեւոր է յիշել նաեւ, որ մ. թ. 70 թուականին հռոմէացիները ներխուժեցին Պաղեստին եւ կործանեցին Երուսաղեմը, Իսրայէլի մեծ մասը եւ կոտորեցին բնակիչներին: Ամբողջ քաղաքներ բառացիօրէն այրուեցին ու մոխրացան: Ուստի զարմանալի չէ, որ Յիսուսի գոյութեան շատ ապացոյցներ թերեւս ոչնչացել են: Յիսուսի շատ ականատեսներ սպանուել են: Սա նոյնպէս նուազեցրել է Յիսուսի մասին մեզ հասած վկայութիւնների քանակը:

Հաշուի առնելով, որ Յիսուսի գործունէութիւնը հիմնականում սահմանափակուած էր Հռոմէական կայսրութեան համեմատաբար աննշան մի «անկիւնում», զարմանալիօրէն որոշ տեղեկութիւն պահպանուել է աշխարհիկ պատմական աղբիւրներում: Ահա Յիսուսի վերաբերեալ ամենակարեւոր վկայութիւններից մի քանիսը:

Հռոմէացի պատմիչ Տակիտոսը, ով համարւում է հին աշխարհի ամենաստոյգ հեղինակներից մէկը, յիշատակում է «սնահաւատ քրիստոնեաների», որոնց առաջնորդ Քրիստոսը (լատիներէն՝ Քրիստուս) մահապատժի էր ենթարկուել Պոնտացի Պիղատոսի օրօք, Տիբերիոսի գահակալութեան տարիներին: Սուետոնիոսը՝ Ադրիանոս կայսեր ատենադպիրը, գրում է «ոմն Քրեստուսի» (կամ Քրիստոսի) մասին, ով ապրել էր առաջին դարում (Annals 15.44):

Յովսեփոս Փլաւիոսը՝ հրեայ ամենաականաւոր պատմիչը, իր «Հնախօսութիւնում» (Antiquities) յիշատակում է Յակոբոսին՝ «Յիսուսի եղբօրը, որ Քրիստոս էր կոչւում»: Իր աշխատութեան վիճայարոյց մի խատուածում (18.3) նա ասում է. «Ահա այդ ժամանակ էր Յիսուսը, իմաստուն մի մարդ, եթէ օրինաւոր է նրան մարդ անուանել, քանզի զարմանահրաշ գործեր էր անում... Նա Քրիստոսն էր... Երրորդ օրը կենդանի երեւաց նրանց դարձեալ, ինչպէս նրա մասին կանխասել էին աստուածային մարգարէները այս եւ բիւր այլ հրաշքներ գործողը»: Նոյն հատուածի մէկ այլ տարբերակում ասւում է. «Այս ժամանակ ի յայտ եկաւ Յիսուսը՝ իմաստուն մի մարդ: Նրա վարքը բարի էր, նա յայտնի էր իր առաքինութեամբ: Եւ շատերը հրեաներից ու այլազգիներից դարձան նրա աշակերտը: Պիղատոսը դատապարտեց նրան ու խաչը հանեց: Բայց նրանք, որ աշակերտել էին նրան, չլքեցին իրենց աշակերտութիւնը: Ասացին, որ նա կենդանի յայտնուել է իրենց, խաչելութիւնից երեք օր անց, հետեւաբար նա Մեսիան է հաւանաբար, որի մասին մարգարէները հրաշագործութիւններ են աւանդել»:

Յուլիոս Ափրիկացին մէջբերում է պատմիչ Թալլոսին, որը յիշատակել է Քրիստոսի խաչելութեանը յաջորդած խաւարը (Extant Writings, 18):

Պլինիոս Կրտսերն իր «Նամակներում» (10.96) արձանագրել է քրիստոնէական վաղ պաշտամունքային ծէսերը, ներառեալ այն փաստը, որ քրիստոնեաները երկրպագում էին Յիսուսին որպէս իրենց Աստուած եւ խիստ բարոյական էին: Յիշատակում է նաեւ սիրոյ խնջոյքները եւ Տէրունական ընթրիքը:

«Բաբելոնեան թալմուդը» (Sanhedrin 43a) հաւաստում է Յիսուսի խաչելութիւնը Զատկի նախօրէին եւ կախարդութեան ու հրեաներին ուրացում քարոզելու ամբաստանութիւնը Քրիստոսի դէմ:

Ղուկիանոս Սամոսատցին երկրորդ դարի յոյն հեղինակ է: Նա ընդունում է, որ քրիստոնեաները պաշտում էին Յիսուսին, որ Յիսուս ի թիւս այլ բաների ուսուցանում էր հաւատացեալների եղբայրութիւն, դարձ եւ այլ աստուածների մերժում: Քրիստոնեաներն ապրում էին Յիսուսի սովորեցրած օրէնքներով, իրենց համարում էին անմահ եւ արհամարհում էին մահը, նրանց բնորոշ էր յօժարակամ նուիրումը եւ նիւթական բարիքներից հրաժարումը:

Մարա Բար-Սերապիոնը հաստատում է, որ Յիսուսին համարում էին իմաստուն ու առաքին այր, շատերի կողմից ընդունւում էր իբրեւ Իսրայէլի թագաւոր: Նա մահուան մատնուեց հրեաներից, բայց ապրում էր իր հետեւորդների ուսմունքի մէջ:

Ունենք նաեւ գնոստիկ հեղինակների գրուածքները (Աւետարան ճշմարտութեան, Ապոկրիֆոն Յովհաննէսի, Աւետարան ըստ Թովմասի, Քննախօսութիւն Յարութեան եւ այլն), որոնք բոլորն էլ նշում էին Յիսուսին:

Ըստ էութեան՝ կարող ենք գրեթէ ամբողջութեամբ վերաշարադրել աւետարանը զուտ վաղ ոչ-քրիստոնէական աղբիւրների հիման վրայ: Այսպէս. Յիսուսին կոչում են Քրիստոս (Յովսեփոս), նա հրաշքներ գործեց, նոր ուսմունք տուեց Իսրայէլին, եւ Զատկին մեռաւ նրանց համար (Բաբելոնեան թալմուդ) Հրէաստանում (Տակիտոս), բայց պնդում էր, որ Աստուած է եւ պիտի վերադառնայ (Եղիազար), որին իր հետեւորդնեը հաւատում էին՝ երկրպագելով նրան իբրեւ Աստուծոյ (Պլինիոս Կրտսեր):

Յիսուս Քրիստոսի գոյութեան համոզիչ վկայութիւններ կան թէ՛ աշխարհիկ, թէ՛ աստուածաշնչեան պատմագրութեան մէջ: Յիսուսի գոյութեան մեծագոյն ապացոյցը թերեւս այն է, որ բառացիօրէն հազարաւոր քրիստոնեաներ մ. թ. առաջին դարում, ներառեալ տասներկու առաքեալները, պատրաստ էին նահատակուելու յանուն Յիսուս Քրիստոսի: Մարդիկ յօժարակամ մեռնում են մի բանի համար, որի ճշմարտութեան մէջ համոզուած են, բայց ոչ ոք չի մեռնի ստի համար, երբ գիտի, որ սուտ է:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Յիսուս գոյութիւն ունեցե՞լ է: Պատմական որեւէ ապացոյց կա՞յ Յիսուս Քրիստոսի գոյութեան վերաբերեալ: