Ի՞նչ է ասում Աստուածաշունչը դինոզաւրերի մասին: Աստուածաշնչում դինոզաւրերի մասին որեւէ բան կա՞յ:



Հարց. Ի՞նչ է ասում Աստուածաշունչը դինոզաւրերի մասին: Աստուածաշնչում դինոզաւրերի մասին որեւէ բան կա՞յ:

Պատասխան.
Սուրբ Գրքում դինոզաւրերի թեման երկրի տարիքի, Ծննդոց գրքի ճիշտ մեկնութեան եւ մեր օրերում յայտնաբերուող գտածոները բացատրելու վերաբերեալ քրիստոնէական շրջանակներում ընթացող տեւական բանաւէճի մի մասն է: Նրանք, ովքեր հաւատում են երկրի աւելի մեծ տարիքի, հակուած են ընդունելու, որ Աստուածաշունչը ոչնիչ չի ասում դինոզաւրերի մասին, որովհետեւ, իրենց տրամաբանութեամբ, դինոզաւրերը վերացել էին՝ երկրի վրայ առաջին մարդու յայտնուելուց միլիոնաւոր տարիներ առաջ: Մարդիկ, ովքեր գրել են Աստուածաշունչը, չէին կարող դինոզաւրեր տեսնել:

Իսկ նրանք, ովքեր հաւատում են, որ երկիրը աւելի երիտասարդ է, հակուած են կարծելու, որ Աստուածաշնչում իրօք յիշատակւում է դինոզաւրերի մասին, թէեւ չի գործածւում հէնց «դինոզաւր» բառը: Դրա փոխարէն գործածւում է եբրայերէն թանիյն բառը, որն Աստուածաշնչում թարգմանւում է երբեմն «ծովահրէշ», երբեմն՝ «օձ»: Ամենից յաճախ հանդիպում է «վիշապ» թարգմանութիւնը: Թանիյն-ը, ըստ երեւոյթին, ահռելի սողունի տեսակ է: Այս էակները մօտ երեսուն անգամ նշւում են Հին Կտակարանում՝ որպէս թէ՛ ջրային, թէ՛ ցամաքային կենդանիներ:

Այս հսկայ սողուններից զատ, Աստուածաշնչում եւս մէկ-երկու էակներ են նկարագրւում, որոնք շատ մատենագէտներ համարում են դինոզաւրեր: «Բեհեմովթը», օրինակ, Աստուծոյ արարածներից ամենաուժեղը, հսկայ, որի պոչը նմանեցւում է եղեւնու (Յոբ 40.15,17): Որոշ գիտնականներ փորձել են «բեհեմովթը» նոյնացնել փղի կամ գետաձիու հետ: Ուրիշներ էլ պնդում են, որ գետաձին ու փիղը շատ բարակ պոչ ունեն. ոչ մի համեմատութիւն եղեւնու հետ: Միւս կողմից, այնպիսի դինոզաւրեր, ինչպիսիք են բրախիոզաւրը եւ դիպլոդոկոսը, հսկայական պոչ են ունեցել, որ դիւրութեամբ համեմատելի էր եղեւնու ծառի հետ:

Հնամեայ գրեթէ բոլոր քաղաքակրթութիւններում այս կամ այն կերպ պատկերուել են հսկայական զեռուններ: Հիւսիսային Ամերիկայում յայտնաբերուած ժայռապատկերներ, պեղածոներ, նոյնիսկ կաւէ փոքր արձանիկներ նման են դինոզաւրերի ժամանակակից պատկերներին: Հարաւային Ամերիկայ ի ժայռափոր պատկերներում երեւում են դիպլոդոկոսի նման կենդանի հեծած մարդիկ եւ, զարմանալիօրէն, մեծ ծանօթ պատկերներ տրիկերատոպսի (եռեղջիւր), պտերոդակտիլի (մատնաթեւ) և տիրանոզաւրի նման էակներ: Հռոմէական խճանկարները, մայաների կաւեղէն անօթները, բաբելոնեան պարիսպները՝ այս ամենը վկայում են այդ էակների հանդէպ մարդու անդրմշակութային, աշխարհագրօրէն չպայմանաւորուած հետաքրքրութեան մասին: Սուղ յիշատակումներ, ինչպէս Մարկո Պոլոյի Il Milione-ն, խառն են գանձեր հսկող գազանների մասին մտացածին հեքիաթներով: Դինոզաւրերի եւ մարդու համագոյութիւնը վկայող մարդաբանական ու պատմական նշանակալի ապացոյցներից բացի կան նաեւ ֆիզիկական ապացոյցներ, ինչպէս մարդու եւ դինոզաւրի համատեղ ոտնահետքերը, որ յայտնաբերուել են Հիւսիսային Ամերիկայում եւ արեւմտեան Կենտրոնական Ասիայում:

Ի վերջոյ, Աստուածաշնչում դինոզաւրեր կա՞ն, թէ՞ ոչ: Հարցը դեռեւս սպառիչ պատասխան չունի. նայած թէ ինչպէս ենք մեկնում առկայ ապացոյցները եւ ինչպէս ենք տեսնում շրջակայ աշխարհը: Եթէ բառացի մեկնենք Աստուածաշունչը, ապա պիտի հաւատանք երկրագնդի «աւելի երիտասարդ» տարիքին, եւ ընդունենք, որ դինոզաւրերն ու մարդիկ գոյակցել են: Իսկ եթէ գոյակցել են, ապա ի՞նչ է պատահել դինոզաւրերին: Աստուածաշունչը չի խօսում սրա մասին. հաւանական է, որ ջրհեղեղից յետոյ ինչ-որ ժամանակ դինոզաւրերը վերացել են շրջակայ միջավայրի կտրուկ փոփոխութիւններից, կամ էլ մարդն է բնաջնջել անխնայ որսալու հետեւանքով:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է ասում Աստուածաշունչը դինոզաւրերի մասին: Աստուածաշնչում դինոզաւրերի մասին որեւէ բան կա՞յ: