Աստուած գոյութիւն ունի՞:



Հարց. Աստուած գոյութիւն ունի՞:

Պատասխան.
Աստուծոյ գոյութիւնը հնարաւոր չէ ապացուցել կամ հերքել: Աստուածաշունչն ասում է, որ հաւատքով պէտք է ընդունենք Աստուծոյ գոյութիւնը. «Բայց առանց հաւատքի անկարելի է հաճոյ լինել Աստծուն, որովհետեւ Աստծուն մօտեցողը պէտք է հաւատայ, որ Նա կայ եւ Իրեն փնտրողներին վարձահատոյց կլինի» (Եբր. 11.6): Եթէ Աստուած ուզէր, պարզապէս կարող էր յայտնուել եւ ողջ աշխարհին ապացուցել Իր գոյութիւնը: Սակայն, եթէ այդպէս անէր, այլեւս հաւատքի կարիք չէր լինի: «Յիսուս ասաց նրան. «Քանի որ տեսար ինձ՝ հաւատացիր, երանի՜ նրանց, ովքեր չեն տեսել, բայց հաւատում են» (Յովհ. 20.29):

Սակայն սա չի նշանակում, որ Աստուծոյ գոյութեան ապացոյցներ չկան: Աստուածաշունչն ասում է. «Երկինքը պատմում է Աստուծոյ փառքը, երկնքի հաստատութիւնը իմացնւմ է Նրա ձեռքերի գործը: Օրը օրին յայտնում է խօսքը, ու գիշերը գիշերին ցոյց է տալիս գիտութիւնը: Չկայ զրոյց ու չկան խօսքեր, ուր նրանց ձայնը չլսուի: Բայց ամէն երկիր է ելնում նրանց հնչիւնը, ու մինչեւ աշխարհի ծայրը՝ նրանց խօսքը» (Սաղմ. 19.1-4): Երբ նայում ենք երկնքի աստղերին, փորձում ենք հասկանալ տիեզերքի մեծութիւնը, դիտում ենք բնութեան հրաշքները եւ զմայլւում մայրամուտի գեղեցկութեամբ. այդ ամենը ցոյց են տալիս Արարիչ Աստծուն: Իսկ եթէ սա էլ բաւարար չէ, մեր իսկ սիրտը վկայում է Աստուծոյ գոյութիւնը: Ժողովող 3.11 ասում է. «...Եւ մարդու մտքի մէջ յաւիտենութիւնը իմանալու փափագը դրեց»: Հոգու խորքում գիտակցում ենք, որ մի բան կայ այս կեանքից անդին, եւ մէկը կայ այս աշխարհից վեր: Մտքի մէջ կարող ենք մերժել այս իմացութիւնը, բայց Աստուծոյ ներկայութիւնը մեր մէջ եւ մեր շուրջը: Աստուածաշունչը, այսուհանդերձ, զգուշացնում է, որ ոմանք մերժելու են Աստուծոյ գոյութիւնը. «Անզգամն ասաց իր սրտում՝ Աստուած չկայ» (Սաղմ. 14.1): Քանի որ մարդկութեան պատմութեան մէջ բոլոր մշակոյթներում, բոլոր քաղաքակրթութիւններում, բոլոր աշխարհամասերում մարդկանց ճնշող մեծամասնութիւնը հաւատում է որեւէ աստուծոյ գոյութեանը, ապա մի բան (կամ անձ) պէտք է որ պատճառած լինի այս հաւատը:

Ի լրումն Աստուծոյ գոյութեան վերաբերեալ սուրբգրային փաստարկների՝ կան նաեւ տրամաբանական փաստարկներ: Առաջինը գոյաբանական (ontological) փաստարկն է: Սրա ամենայայտնի ձեւը Աստուծոյ գոյութիւնը ապացուցելու համար կիրառում է Աստուած հասկացութիւնը: Այս փաստարկն սկսւում է Աստուծոյ սահմանումով որպէս «էութիւն, որից աւելի մեծը անհնար է ըմբռնել»: Այնուհետեւ փաստարկւում է, որ գոյը աւելի մեծ է, քան չգոյը, հետեւաբար, ըմբռնելի ամենամեծ Էակը պէտք է գոյութիւն ունենա: Եթէ Աստուած գոյութիւն չունի, ուրեմն Նա ամենամեծ Էակը չէ, ինչը հակասում է Աստուծոյ վերոյիշեալ սահմանմանը:

Երկրորդը նպատակաբանական (teleological) փաստարկն է: Ըստ այս փաստարկի՝ քանի որ տիեզէրքը զարմանահրաշ կառուցուածք է ցուցնում, ապա այդ կառուցուածքը պէտք է որ իր աստուածային Ճարտարապետն ունենայ: Օրինակ, եթէ երկիրը որոշակիօրէն հեռու կամ մօտ լինէր արեգակին, ապա նրա վրայ կեանք չէր կարող լինել: Եթէ բնական տարրերը մեր մթնոլորտի մէջ նոյնիսկ մի քանի տոկոսով տարբեր լինէին, երկրի վրայ գրեթէ բոլոր կենդանի էակները կոչնչանային: Սպիտակուցի միայն մէկ մոլեկուլի պատահական սինթեզման հաւանականութիւնը 1-ը 10-ի 243 աստիճան (10 եւ 243 զրօ): Իսկ մէկ բջիջը կազմուած է սպիտակուցի միլիոնաւոր մոլեկուլներից:

Աստուծոյ գոյութեան երրորդ տրամաբանական փաստարկը տիեզերաբանական (cosmological) փաստարկն է: Ամէն հետեւանք պէտք է պատճառ ունենայ: Տիեզէրքը եւ նրանում եղող ամէն բան հետեւանք է: Մի բան պէտք է եղած լինէր, որ ամէն բան գոյացնէր: Հէնց այդ «անպատճառ» պատճառն էլ Աստուած է:

Չորրորդը բարոյաբանական (moral) փաստարկն է: Պատմութեան մէջ ամէն մշակոյթ օրէնքի որեւէ ձեւ ունեցել է: Ամէն մարդ չարի եւ բարու զգացում ունի: Սպանութիւնը, սուտը, գողութիւնը, անառակութիւնը բաներ են, որոնք գրեթէ բոլոր հասարակութիւնները մերժում են: Որտեղի՞ց է բարու եւ չարի, ճիշտ եւ սխալի համընդհանուր այս ըմբռնումը, եթէ ոչ՝ սուրբ Աստծուց:

Հակառակ այս ամենի՝ Աստուածաշունչը մեզ ասում է, որ մարդիկ Աստուծոյ մասին յստակ եւ անվիճելի իմացութիւնը մերժելու են եւ փոխարէնը կեղծիքին են հաւատալու: Հռոմայեցիս 1.25-ում ասւում է. «Նրանք Աստուծոյ ճշմարտութիւնը ստութեան հետ փոխեցին. եւ երկրպագեցին ու պաշտեցին ստեղծուածներին, քան թէ Ստեղծողին, որ յաւիտեանս օրհնեալ է. ամէն»: Աստուածաշունչը նաեւ հռչակում է, որ մարդը արդարացում չունի Աստծուն չհաւատալու համար. «Աշխարհի արարումից ի վեր Իր աներեւոյթ բնութիւնը, Իր մշտնջենաւոր զօրութիւնն ու աստուածութիւնը տեսնւում են ստեղծուածների միջոցով, այնպէս որ նրանք պատասխան չունենան տալու» (Հռոմ. 1.20):

Մարդիկ պնդում են, որ չեն հաւատում Աստծուն, քանի որ դա «գիտական» բան չէ կամ «ապացոյց չկայ»: Իրական պատճառն այն է, որ եթէ ընդունեն Աստուծոյ գոյութիւնը, պիտի ընդունեն նաեւ, որ պատասխանատու են Աստուծոյ առաջ եւ Նրա ներման կարիքն ունեն (Հռոմ. 3.23; 6.23): Եթէ Աստուած գոյութիւն ունի, ապա մենք հաշուետու ենք Նրան մեր արածների համար: Իսկ եթէ Աստուած գոյութիւն չունի, ապա ինչ որ ուզենք, կարող ենք անել առանց հոգալու, թէ Աստուած երբեւէ դատելու է մեզ: Ահա թէ ինչու շատերը, ովքեր մերժում են Աստուծոյ գոյութիւնը, ամուր կառչած են բնաշրջութեան (էվոլիւցիա) տեսութեանը, քանի որ յարմար այլընտրանք է Արարչի հանդէպ հաւատքին: Աստուած կայ, եւ բոլորն էլ գիտեն, որ կայ: Հէնց այն իրողութիւնը, որ ոմանք այդպէս թշնամաբար փորձում են հերքել Աստուծոյ գոյութիւնը, իրականում փաստում է հակառակը:

Իսկ մե՞նք ինչ գիտենք, որ Աստուած գոյութիւն ունի: Քրիստոնեաներս գիտենք Աստուծոյ գոյութիւնը, որովհետեւ ամէն օր զրուցում ենք Նրա հետ: Նրա ձայնը չենք լսում, բայց զգում ենք Նրա ներկայութիւնը, Նրա առաջնորդութիւնը, ճանաչում ենք Նրա սէրը, փափագում ենք Նրա շնորհը: Մեր կեանքում եղել են բաներ, որոնք հնարաւոր որեւէ այլ բացատրութիւն չունեն, քան այն, որ Աստուած կայ: Աստուած այնպէս հրաշալիօրէն փրկել է մեզ եւ փոխել մեր կեանքը, որ այլ բան չենք կարող անել, քան ընդունել եւ գոհանալ Նրա գոյութեամբ: Այս փաստարկներից ոչ մէկը չի կարող համոզել նրան, ով մերժում է ընդունել ակնյայտը: Ի վերջոյ, Աստուծոյ գոյութիւնը պէտք է ընդունուի հաւատքով (Եբր. 11.6): Աստծուն հաւատալը կոյր ցատկ չէ դէպի խաւարը, այլ վստահ ու ապահով քայլ է լուսավառ սրահում, որտեղ արդէն իսկ գտնւում է մարդկութեան մեծ մասը:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Աստուած գոյութիւն ունի՞: