Քրիստոնէական ծոմապահութիւն. ի՞նչ է ասում Աստուածաշունչը:



Հարց. Քրիստոնէական ծոմապահութիւն. ի՞նչ է ասում Աստուածաշունչը:

Պատասխան.
Աստուածաշունչը քրիստոնեաներին ծոմապահութիւն չի պատուիրում: Աստուած դա չի պահանջում կամ պարտադրում քրիստոնեաներին: Միեւնոյն ժաամանակ, Աստուածաշունչը ծոմապահութիւնը ներկայացնում է որպէս լաւ, օգտակար ու շահեկան: Գործքում կարդում ենք, որ հաւատացեալները ծոմ էին պահում կարեւոր վճիռներ կայացնելուց առաջ (Գործք 13.2; 14.23): Ծոմը յաճախ առնչւում է աղօթքին (Ղուկաս 2.37; 5.33): Աւելի յաճախ ծոմապահութիւն ասելով հասկանում են ոչինչ չուտելը: Մինչդեռ ծոմապահութեան նպատակը պէտք է լինի հայեացքը աշխարհի բաներից կտրելը եւ ամբողջովին Աստծուն յառելը: Ծոմը մի միջոց է Աստծուն եւ ինքներս մեզ ցոյց տալու, որ միանգամայն լուրջ ենք վերաբերւում Աստուծոյ հետ մեր յարաբերութեանը: Այն օգնում է նոր հեռանկար եւ նորոգ ապաւինութիւն գտնելու առ Աստուած:

Աստուածաշնչում ծոմապահութիւնը թէեւ գրեթէ միշտ պահեցողութիւն է սննդից, սակայն ծոմ պահելու այլ ձեւեր էլ կան: Որեւէ բան, որից առժամանակ հրաժարւում ենք մեր ողջ ուշադրութիւնն Աստծուն սեւեռելու, կարող է ծոմ համարուել (Ա Կորնթացիս 7.1-5): Ծոմապահութիւնը պէտք խիստ սահմանափակ լինի, յատկապէս սննդային պահեցողութիւնը: Տեւական ժամանակ ոչինչ չուտելը կարող է վնասել մարմինը: Ծոմապահութեան նպատակը մարմինը պատժելը չէ, այլ ուշադրութիւնը Աստծուն վերաուղղելը: Ծոմապահութիւնը չպէտք է նաեւ նիհարելու մեթոդի վերածել. աստուածաշնչային ծոմի նպատակը «քաշ գցելը» չէ, հապա Աստուծոյ հետ սերտ հաղորդակցութիւն հաստատելը: Ամէն ոք կարող է ծոմ պահել, բայց ոչ բոլորն են ի վիճակի սննդից հրաժարուել (օրինակ՝ շաքարային դիաբետով հիւանդները): Ամէն ոք կարող է ժամանակաւորապէս հրաժարուել որեւէ բանից, որպէսզի աւելի մօտենայ Աստծուն:

Կտրելով մեր աչքերը այս աշխարհի բաներից՝ աւելի լաւ կարող ենք սեւեռել մեր ուշադրութիւնը Քրիստոսի վրայ: Ծոմապահութիւնը Աստծուն մեր ուզածն անել ստիպելու միջոց չէ: Ծոմապահութիւնը մեզ է փոխում, ոչ թէ Աստծուն: Ծոմապահութիւնը ուրիշներից աւելի հոգեւոր երեւալու ձեւ չէ: Ծոմապահութիւնը պէտք է արուի խոնարհ հոգով եւ զուարթ սրտով: Մատթէոս 6.16-18-ում մեր Տէրն ասում է. «Երբ ծոմ էք պահում, տրտում մի՛ եղէք, ինչպէս կեղծաւորները, որովհետեւ նրանք իրենց երեսները տրտմեցնում են, որպէսզի մարդկանց ծոմ պահող երեւան: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրանք իրենց վարձքն ստացել են: Բայց դու ծոմ պահելիս գլուխդ օծի՛ր ու երեսդ լուա՛, որպէսզի մարդկա՛նց ծոմ պահող չերեւաս, այլ քո Հօրը, որ ծածուկ է, եւ քո Հայրը, որ ծածուկ տեսնում է, քեզ յայտնապէս կհատուցի»:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Քրիստոնէական ծոմապահութիւն. ի՞նչ է ասում Աստուածաշունչը: