Ի՞նչ է ճերմակ մեծ գահի ատեանը:



Հարց. Ի՞նչ է ճերմակ մեծ գահի ատեանը:

Պատասխան.
Ճերմակ մեծ գահի ատեանը նկարագրւում է Յայտնութիւն 20.11-15 հատուածում. սա վերջին դատաստանն է, որից յետոյ կորուսեալները պէտք է գցուեն կրակէ լիճը: Յայտնութիւն 20.7-15-ից գիտենք, որ այս դատաստանը լինելու է հազարամեայից յետոյ, երբ Սատանան, գազանը եւ սուտ մարգարէն կրակէ լիճը գցուեն (Յայտնութիւն 20.7-10): «Բացուող գրքերը» (Յայտ. 20.12) պատմում են իւրաքանչիւրի գործերը՝ բարի կամ չար, քանզի Աստուած գիտէ ամէն բան, որ երբեւէ ասուել, արուել կամ նոյնիսկ մտածուել է, եւ պիտի հատուցի կամ պատժի իւրաքանչիւրին ըստ արժանւոյն (Սաղմոս 28.4; 62.12, Հռոմայեցիս 2.6, Յայտնութիւն 2.23; 18.6; 22.12):

Մէկ ուրիշ գիրք էլ է բացւում այս ժամանակ՝ «կեանքի գիրքը» (Յայտ. 20.12): Սա այն գիրքն է, որ որոշում է, թէ տուեալ անձը յաւիտենական կեանք է ժառանգելու Աստուծոյ հետ, թէ յաւիտենական պատիժ է կրելու կրակէ լճում: Քրիստոնեաները թէեւ հաշուետու են լինելու իրենց արարքների համար, սակայն ներուած են Քրիստոսում, եւ նրանց անունները աշխարհի սկզբից ի վեր գրուած են լինելու կեանքի գրքում (Յայտնութիւն 17.8): Սուրբ Գրքից գիտենք նաեւ, որ այս դատաստանին են մեռեալները դատուելու են «իրենց գործերի համեմատ» (Յայտ. 20.12), «եւ ով որ կեանքի գրքի մէջ գրուած չգտնուեց, կրակէ լիճն է գցուելու» (Յայտ. 20.15):

Այն փաստը, որ վերջին դատաստան է լինելու բոլոր մարդկանց՝ հաւատացեալների եւ անհաւատների, պարզորոշ հաստատւում է աստուածաշնչեան բազմաթիւ հատուածներում: Ամէն ոք մի օր կանգնելու է Քրիստոսի առջեւ եւ դատուելու է իր արածների համար: Թէեւ միանգամայն պարզ է, որ ճերմակ մեծ գահի դատաստանը վերջին՝ ահեղ դատաստանն է, քրիստոնեաները, սակայն, տարակարծիք են, թէ ինչ առնչութիւն ունի այն Աստուածաշնչում նշուող միւս դատաստանների հետ, մասնաւորապէս այն հարցում, թէ ովքեր են դատուելու ճերմակ մեծ ատեանի առջեւ:

Քրիստոնեաների մի մասը կարծում է, որ Աստուածաշնչում խօսւում է գալիս երեք տարբեր դատաստանների մասին: Առաջինը «ոչխարների ու այծերի» կամ ազգերի դատաստանն է (Մատթէոս 25.31-36): Սա լինելու է նեղութեան շրջանից յետոյ, բայց նախքան հազարամեան, սրա նպատակն է որոշել՝ ով է մտնելու հազարամեայ թագաւորութիւն: Երկրորդը հաւատացեալների գործերի դատաստանն է, որ յաճախ անուանում են «Քրիստոսի [բեմա] ատեան» (Բ Կորնթ. 5.10): Այս դատաստանին քրիստոնեաները պարգեւի տարբեր աստիճաններ են ստանալու իրենց գործերի կամ Աստծուն մատուցած ծառայութեան համար: Երրորդը ճերմակ մեծ գահի ատեանն է հազարամեայի վերջում (Յայտնութիւն 20.11-15): Սա անհաւատների դատաստանն է, որտեղ նրանք դատուելու են ըստ իրենց գործերի եւ դատապարտուելու են կրակէ լճի յաւիտենական պատժի:

Այլ քրիստոնեաներ ասում են, որ բոլոր այս երեքն էլ խօսում են վերջին դատաստանի մասին, այլ ոչ թէ երեք տարբեր դատաստանների: Այլ կերպ ասած՝ Յայտնութիւն 20.11-15-ի ճերմակ մեծ գահի ատեանը այն պահն է, երբ դատուելու են ե՛ւ հաւատացեալները, ե՛ւ անհաւատները: Ում անունը որ գրուած լինի կեանքի գրքում, պիտի դատուի իր գործերի համեմատ, որպէսզի որոշուի նրա ստանալիք կամ չստանալիք պարգեւը: Իսկ ում անունը որ գրուած չլինի կեանքի գրքում, դատուելու է ըստ իր գործերի, որպէսզի որոշուի նրա կրելիք պատժի աստիճանը կրակի լճում: Այս տեսակէտին յարողները պնդում են, որ Մատթէոս 25.31-46-ը ճերմակ մեծ գահի ատեանի մէկ այլ նկարագրութիւն է, եւ մատնացոյց են անում այն փաստը, որ այս դատաստանի արդիւնքը նոյնն է, ինչ որ տեսնում ենք ճերմակ մեծ գահի դատաստանից յետոյ՝ ըստ Յայտնութիւն 20.11-15-ի: «Ոչխարները» (հաւատացեալները) մտնում են յաւիտնենական կեանք, մինչ «այծերը» (անհաւատները) գցւում են «յաւիտնեական տանջանքը» (Մատթ. 25.46):

Ինչ տեսակէտ էլ որդեգրենք ճերմակ մեծ ատեանի մասին, չի կարելի անտեսել գալիք դատասատնի իրողութիւնը. այն է՝ Յիսուս Քրիստոս է դատաւորը, Նա դատելու է բոլոր անհաւատներին, եւ իւրաքանչիւրը պատժուելու է իր արած գործերի համեմատ: Աստուածաշունչը պարզ ասում է, որ անհաւատները բարկութիւն են կուտակում իրենց վրայ (Հռոմայեցիս 2.5), եւ որ Աստուած «ամէն մէկին հատուցում է տալու իր գործերի համեմատ» (Հռոմայեցիս 2.6): Քրիստոս դատելու է նաեւ հաւատացեալներին, բայց քանի որ Քրիստոսի արդարութիւնը վերագրուած է մեզ, եւ մեր անունները գրուած են կեանքի գրքում, մենք ոչ թէ պատիժ, այլ պարգեւ ենք առնելու մեր գործերի համեմատ: Հռոմայեցիս 14.10-12-ն ասում է, որ բոլորս կանգնելու ենք Քրիստոսի ատեանի առջեւ, եւ իւրաքանչիւրս իր անձի համար հաշիւ է տալու Աստծուն:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է ճերմակ մեծ գահի ատեանը: