Ի՞նչ է նշանակում՝ մարդն ստեղծուած է Աստուծոյ պատկերով եւ նմանութեամբ (Ծննդոց 1.26-27):



Հարց. Ի՞նչ է նշանակում՝ մարդն ստեղծուած է Աստուծոյ պատկերով եւ նմանութեամբ (Ծննդոց 1.26-27):

Պատասխան.
Արարչագործութեան վերջին օրը Աստուած ասաց. «Մեր պատկերով եւ մեր նմանութեան պէս մարդ շինենք» (Ծննդ. 1.26): Աստուած այսպէս աւարտեց իր գործը անձնական մի «հպումով»: Մարդուն ստեղծեց երկրի հողից եւ կեանք տուեց իր սեփական շնչով (Ծննդոց 2.7): Ահա թէ ինչու մարդը իւրայատուկ է Աստուծոյ բոլոր ստեղծածների մէջ՝ նիւթական մարմնով եւ աննիւթական հոգով:

Աստուծոյ «պատկերը» կամ «նմանութիւնն» ունենալ նշանակում է, պարզ ասած, ստեղծուած լինել Աստծուն նմանուելու համար: Ադամը նման չէր Աստծուն այն առումով, որ Աստուած մարմին եւ արիւն չէ: Սուրբ Գիրքն ասում է՝ «Աստուած հոգի է» (Յովհ. 4.24), հետեւաբար գոյութիւն ունի առանց մարմնի: Իսկ Ադամի մարմինը արտացոլում էր Աստուծոյ կեանքը այնքանով, որ ստեղծուած էր կատարեալ առողջ եւ ոչ ենթակայ մահուան:

Աստուծոյ պատկերը վերաբերում է մարդու աննիւթական մասին: Դրանով է մարդն առանձնանում կենդանական աշխարհից եւ տիրում երկրին, ինչպէս Աստուած կանխատեսել էր (Ծննդոց 1.28), եւ հաղորդակցւում իր Արարչի հետ: Դա մտաւոր, բարոյական եւ ընկերային նմանութիւն է:

Մտաւոր առումով՝ մարդն ստեղծուել է որպէս բանական, կամային գործակալ: Այլ կերպ ասած՝ մարդը կարող է մտածել, մարդը կարող է ընտրել: Սա արտացոլում է Աստուծոյ բանականութիւնը եւ ազատութիւնը: Ամէն անգամ, երբ որեւէ մէկը մի սարք է յօրինում, գիրք է գրում, տեսարան է նկարում, սիմֆոնիա է վայելում, գումար է հաշւում կամ կենդանուն անուն է դնում, արտայայտում է այն փաստը, որ մենք ստեղծուած ենք Աստուծոյ պատկերով:

Բարոյական առումով՝ մարդն ստեղծուել է արդար եւ կատարելապէս անմեղ, որ արտացոլում է Աստուծոյ սրբութիւնը: Աստուած տեսաւ այն ամենը, որ ստեղծել էր (ներառեալ մարդուն), եւ գնահատեց «շատ բարի» (Ծննդ. 1.31): Մեր խղճմտանքը կամ «բարոյական կողմնացոյցը» այդ նախածին վիճակի «հետքն» է: Երբ մարդը օրէնք է գրում, խորշում է չարից, դրուատում է բարի վարքը կամ մեղաւոր է զգում իրեն, հաստատում է այն իրողութիւնը, որ մենք ստեղծուած ենք Աստուծոյ իսկ պատկերով:

Ընկերային առումով՝ մարդն ստեղծուել է հաղորդակցուելու համար: Սա արտայայտում է Աստուծոյ եռամի բնութիւնը եւ իր սէրը: Եդէմի պարտէզում մարդու հիմնական յարաբերութիւնն Աստուծոյ հետ էր (Ծննդոց 3.8-ը ենթադրում է հաղորդակցութիւն Աստուծոյ հետ), եւ Աստուած առաջին կնոջն ստեղծեց, որովհետեւ «լաւ չէ, որ մարդը մէնակ լինի» (Ծննդ. 2.18): Ամէն մարդ, որ ամուսնանում է, ընկերանում է, գրկում է մանկանը կամ եկեղեցի է յաճախում, ցոյց է տալիս, որ մենք ստեղծուած ենք Աստուծոյ նմանութեամբ:

Աստուծոյ պատկերով ստեղծուած լինելու մաս է նաեւ այն, որ Ադամը ի վիճակի էր ազատ ընտրութիւն անելու: Թէեւ արդար բնութիւն էր տրուած նրան, բայց չար ընտրութիւն կատարեց իր Արարչի դէմ ապստամբելու: Այդ անելով Ադամը խաթարեց Աստուծոյ պատկերն իր մէջ եւ այդ աղճատուած նմանութիւնը փոխանցեց իր բոլոր սերունդներին (Հռոմայեցիս 5.12): Այսօր էլ մենք տակաւին կրում ենք Աստուծոյ պատկերը (Յակոբոս 3.9), բայց կրում ենք նաեւ մեղքի սպիները: Մտաւոր, բարոյական, ընկերային եւ ֆիզիկական առումներով մենք արտայայտում ենք մեղքի հետեւանքները:

Բարի լուրն այն է, սակայն, որ երբ Աստուած փրկագնում է որեւէ անհատի, սկսում է վերականգնել Աստուծոյ նախածին պատկերը՝ նոր մարդ կերտելով, որը «Աստուծոյ պատկերի պէս է ստեղծուած՝ ճշմարտութեան արդարութեամբ եւ սրբութեամբ» (Եփեսացիս 4.24): Փրկութիւնը հնարաւոր է միայն Աստուծոյ շնորհով՝ Յիսուս Քրիստոսի՝ մեր Փրկչի հանդէպ հաւատքով, մեղքից, որ բաժանում է մեզ Աստծուց (Եփեսացիս 2.8-9): Քրիստոսով մենք նոր արարած ենք Աստուծոյ նմանութեամբ (Բ Կորնթացիս 5.17):



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է նշանակում՝ մարդն ստեղծուած է Աստուծոյ պատկերով եւ նմանութեամբ (Ծննդոց 1.26-27):