Յիսուս Աստուա՞ծ է: Յիսուս երբեւէ ասե՞լ է, որ Աստուած է:



Հարց. Յիսուս Աստուա՞ծ է: Յիսուս երբեւէ ասե՞լ է, որ Աստուած է:

Պատասխան.
Աստուածաշնչում որեւէ տեղ գրուած չէ, որ Յիսուս ասի՝ «Ես Աստուած եմ»: Բայց սա չի նշանակում, որ Նա Աստուած չի հռչակել Իրեն: Վերցնենք, օրինակ, Յիսուսի խօսքը Յովհաննու 10.30-ում. «Ես եւ Հայրը մի ենք»: Բաւական է տեսնել հրեաների հակազդեցութիւնն այս խօսքին, որպէսզի հասկանանք, որ Յիսուս հռչակում էր Իր Աստուած լինելը: Դա էր պատճառը, որ ամբոխն ուզում էր քարկոծել Նրան. «...հայհոյութեան համար, որ դու, մարդ լինելով, քեզ Աստուած ես անում» (Յովհ. 10.33): Յիսուսի յայտարարութիւնը հրեաները ճիշտ հասկացան՝ որպէս աստուածութեան յաւակնութիւն: Նկատենք, որ Յիսուս չի ժխտում Իր Աստուած լինելը: «Ես եւ Հայրը մի ենք» ասելով՝ Յիսուս նկատի ունէր, որ Ինքը եւ Հայրը նոյն բնութիւնն ու էությունն են: Մէկ այլ օրինակ է Յովհաննու 8.58-ը: Յիսուս ասում է. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Աբրահամի լինելուց առաջ եմ ես»: Եւ դարձեալ, ի պատասխան Նրա այս խօսքի, հրեաները լսելուն պէս քարեր առան եւ ուզում էին սպանել Նրան, ինչպէս որ մովսիսական օրէնքն էր պատուիրում անելու (Ղեւտ. 24.15):

Յովհաննէս աւետարանիչը կրկնում է Յիսուսի աստուածութեան միտքը. «Բանն Աստուած էր» և «Բանը մարմին եղաւ» (Յովհ. 1.1,14): Այս համարները պարզ նշում են, որ Յիսուս մարմնացեալ Աստուած է: Գործք Առաքելոց 20.28-ում ասւում է. «Արդ զգո՛յշ եղէք ձեր անձերի, նաեւ ամբողջ հօտի համար, որի մէջ Սուրբ Հոգին ձեզ վերակացու կարգեց, որպէսզի Աստուծոյ եկեղեցին հովուէք, որ Նա Իր արիւնով ստացաւ»: Ո՞վ ստացաւ եկեղեցին Իր արիւնով: Յիսուս Քրիստոսը: Գործքի 20.28-ը յայտնում է, որ Աստուած Իր արիւնով գնեց եկեղեցին: Հետեւաբար, Յիսուս Աստուած է:

Թովմասա առաքեալը Յիսուսին դիմելով ասաց. «Իմ Տէ՛ր եւ իմ Աստուա՛ծ» (Յովհ. 20.28): Յիսուս չուղղեց նրան: Տիտոս 2.13-ը յորդորում է մեզ սպասել մեր մեծ Աստուծոյ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի գալստին (տե՛ս նաեւ Բ Պետր. 1.1): Եբրայեցիս 1.8-ում Հայր Աստուած Յիսուսի վերաբերեալ հռչակում է. «Քո գահը, ո՛վ Աստուած, յաւիտեանս յաւիտենից է. Քո թագաւորութեան գաւազանն արդարութեան գաւազան է»:

Յայտնութեան գրքում հրեշտակը հրահանգում է Յովհաննէս առաքեալին, որ միայն Աստծուն երկրպագի (Յայտ. 19.10): Աստուածաշնչում մի քանի անգամ Յիսուս երկրպագութիւն է ընդունում (Մատթ. 2.11; 14.33; 28.9,17, Ղուկ. 24.52, Յովհ. 9.38): Եւ երբեք որեւէ մէկին չի յանդիմանում Իրեն երկրպագելու համար: Եթէ Յիսուս Աստուած չլինէր, մարդկանց կասէր, որ Իրեն չերկրպագեն, ճիշտ ինչպէս Յայտնութեան գրքի հրեշտակն արեց: Սուրբգրային ուրիշ շատ համարներ եւ հատուածներ էլ կան, որ վկայում են Յիսուսի աստուածութիւնը:

Ամենակարեւոր պատճառը, որի համար Յիսուս պէտք է Աստուած լինէր, այն է, որ եթէ Աստուած չլինէր, Նրա մահը բաւարար չէր լինի՝ վճարելու աշխարհի մեղքերի պատիժը (Ա Յովհ. 2.2): Արարածը, ինչպիսին Յիսուս կլինէր, եթե Աստուած չլինէր, չէր կարող վճարել այն անսահման պատժի քաւութիւնը, որ պահանջւում էր անսահման Աստուծոյ դէմ մեղանչելու համար: Միայն Աստուած կարող էր վճարել այսպիսի անսահման պատիժ: Միայն Աստուած կարող էր Իր վրայ առնել աշխարհի մեղքերը (Բ Կորնթ. 5.21), մեռնել եւ յարութիւն առնել՝ ապացուցելով Իր յաղթութիւնը մահուան ու մեղքի վրայ:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Յիսուս Աստուա՞ծ է: Յիսուս երբեւէ ասե՞լ է, որ Աստուած է: