Ի՞նչ է Քրիստոսի ատեանը:



Հարց. Ի՞նչ է Քրիստոսի ատեանը:

Պատասխան.
Հռոմայեցիս 14.10-12-ում կարդում ենք. «...Որովհետեւ բոլորս էլ Քրիստոսի ատեանի առաջ ենք կանգնելու... Ուրեմն մեզանից ամէն մէկն իր անձի համար Աստծուն պէտք է հաշիւ տայ»: Բ Կորնթացիս 5.10-ը ասում է. «Որովհետեւ մենք բոլորս պէտք է ներկայանանք Քրիստոսի ատեանի առաջ, որպէսզի ամէն մէկն ընդունի իր մարմնով, ինչ որ կատարել է՝ թէ՛ բարի եւ թէ՛ չար»: Բառաշարից պարզ է, որ զոյգ հատուածն էլ վերաբերում է քրիստոնեաներին, այլ թէ ոչ անհաւատներին: Քրիստոսի ատեանը, ուրեմն, վերաբերում է իրենց կեանքի համար Քրիստոսին հաշուետու քրիստոնեաներին: Քրիստոսի ատեանով չի որոշւում փրկութիւնը. դա որոշուած է մեզ համար Քրիստոսի փոխանորդ զոհով (Ա Յովհաննէս 2.2) եւ Նրա հանդէպ մեր հաւատով (Յովհաննէս 3.16): Մեր բոլոր մեղքերը ներուած են, մենք երբեք այլեւս չենք դատապարտուելու դրանց համար (Հռոմայեցիս 8.1): Ըստ այդմ Քրիստոսի ատեանը չպէտք է դիտել որպէս մեր մեղքերի դատաստան, այլ որպէս մեր կեանքի համար Աստուծոյ կողմից տրուող հատուցում: Այո, Աստուածաշունչն ասում է, որ հաշիւ ենք տալու մեր ապրած կեանքի համար, որի մի մասն էլ վստահաբար լինելու է հաշուետւութիւնը մեր գործած մեղքերի համար: Այդուհանդերձ, դա չի լինելու Քրիստոսի ատեանի խնդրո առարկան:

Քրիստոսի ատեանի առաջ հաւատացեալները պարգեւներ են առնելու այն բանի հիման վրայ, թէ որքան հաւատարմօրէն են ծառայել Քրիստոսին (Ա Կորնթացիս 9.4-27. Բ Տիմոթէոս 2.5): Գնահատուելու է թերեւս այն, թէ որքանով ենք հնազանդուել «մեծ յանձնարարութեանը» (Մատթէոս 28.18-20), որքանով ենք յաղթել մեղքին (Հռոմայեցիս 6.1-4) եւ որքանով ենք կառավարել մեր լեզուն (Յակոբոս 3.1-9): Աստուածաշունչը խօսում է հաւատացեալներին տարբեր բաների համար սպասուող պսակների մասին՝ ըստ Քրիստոսին մատուցած նրանց հաւատարիմ ծառայութեան (Ա Կորնթացիս 9.4-27, Բ Տիմոթէոս 2.5): Այդ զանազան պսակները նկարագրուած են Բ Տիմոթէոս 2.5, Բ Տիմոթէոս 4.8, Յակոբոս 1.12, Ա Պետրոս 5.4 եւ Յայտնութիւն 2.10 հատուածներում: Յակոբոս 1.12-ը թերեւս լաւագոյնս ամփոփում է Քրիստոսի ատեանի վերաբերեալ մեր ճշմարիտ պատկերացումը. «Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձութեան, որովհետեւ եթէ փորձուելով ընտիր գտնուի, կեանքի պսակը կստանայ, որ Տէրը խոստացաւ իրեն սիրողներին»:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է Քրիստոսի ատեանը: