Ըստ Աստուածաշնչի՝ ձեռնաշարժութիւնը մե՞ղք է:



Հարց. Ըստ Աստուածաշնչի՝ ձեռնաշարժութիւնը մե՞ղք է:

Պատասխան.
Աստուածաշնչում ոչ մի տեղ յատուկ ձեռնաշարժութեան մասին չի խօսւում, ոչ էլ ասւում է՝ մեղք է, թէ ոչ: Ձեռնաշարժութեան վերաբերեալ յաճախ մէջբերուող հատուածը Օնանի պատմութիւնն է Ծննդոց 38.9-10-ում: Ոմանք այս հատուածը մեկնում են՝ իբր «սերմը գետնին թափելը» մեղք է: Մինչդեռ դա չէ այդ հատուածի ճիշտ իմաստը: Աստուած Օնանին դատապարտեց ոչ թէ «սերմը գետնին թափելու» համար, այլ որովհետեւ Օնանը մերժեց իր պարտականութիւնը կատարել եւ իր եղբօր համար ժառանգ ապահովել: Սուրբգրային վերոյիշեալ հատուածը ձեռնաշարժութեան մասին չէ, այլ ընտանեկան պարտաւորութիւնը կատարելու մասին է: Ձեռնաշարժութիւնը մեղք համարողները երբեմն մէջբերում են նաեւ Մատթէոս 5.27-30 հատուածը: Յիսուս խօսում է վաւաշոտ մտքերի մասին եւ ասում. «Եթէ աջ ձեռքդ գայթակղեցնում է քեզ, կտրի՛ր այն ու դէ՛ն գցիր»: Թերեւս զուգահեռներ կան այս հատուածի եւ ձեռնաշարժութեան միջեւ, բայց հազիւ թէ Յիսուս հէնց դա նկատի ունէր:

Այն, որ Աստուածաշունչը ուղղակիօրէն չի ասում, թէ ձեռնաշարժութիւնը մեղք է, չի նշանակում, որ ձեռնաշարժութեան հասցնող բաները մեղսալի չեն: Ձեռնաշարժութիւնը գրեթէ միշտ վաւաշոտ մտքերի, սեռական գրգռման կամ պոռնոգրաֆիկ պատկերների արդիւնք է: Այս խնդիրներն են, որ լուծում են պահանջում: Եթէ մարդը անբարոյ մտքերի, ցանկասիրութեան եւ պոռնոգրաֆիային տրուելու մեղքից ազատագրուի եւ յաղթահարի դրանք, ձեռնաշարժութիւնը խնդիր չի լինի այլեւս: Շատերը տառապում են ձեռնաշարժութեան յանցաւոր զգացումից, մինչդեռ իրականում դրան հասցնող գործողութիւններից է, որ մարդը պէտք է ապաշխարի:

Աստուածաշնչեան մի քանի սկզբունք կայ, որ կիրառելի է խնդրոյ առարկա երեւոյթի վերաբերեալ: Եփեսացիս 5.3-ը ասում է. «Պոռնկութեան, ամէն պղծութեան կամ ագահութեան անուն թող չլսուի ձեր մէջ, ինչպէս որ վայելում է սրբերին»: Ձեռնաշարժութիւնը գրեթէ նման մի բան է: Սուրբ Գիրքը սովորեցնում է մեզ. «Ուրեմն ուտէք թէ խմէք, ինչ էլ որ անէք, ամէն բան Աստուծոյ փառքի համար արէք» (Ա Կորնթ. 10.31): Եթէ քո արածով չես կարող փառք բերել Աստծուն, ուրեմն պիտի չանես: Եթէ լիովին վստահ չես, որ որեւէ բան, գործունէութիւն հաճելի չէ Աստծուն, ապա արածդ մեղք է: «Ամէն բան, որ հաւատից չէ, մեղք է» (Հռոմ. 14.23): Այնուհետեւ, միշտ պիտի յիշել, որ մեր մարմինը փրկագնուել է եւ պատկանում է Աստծուն: «Չգիտէ՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որը ձեր մէջ է, եւ որն Աստծուց ունէք, եւ դուք ձերը չէք: Քանի որ մեծ գնով էք գնուել, ուստի փառաւորեցէք Աստծուն ձեր մարմնի եւ ձեր հոգու մէջ, որոնք Աստծունն են» (Ա Կորնթ. 6.19-20): Այս մեծ ճշմարտութիւնը պէտք է բացարձակ գերակայ լինի ամէն բանում, ինչ որ անում ենք մեր մարմնի հետ: Ահա այս սկզբունքների լոյսի ներքոյ կարող ենք եզրակացնել, որ ձեռնաշարժութիւնը, ըստ Աստուածաշնչի, մեղք է: Ձեռնաշարժութիւնը, անկասկած, չի փառաւորում Աստծուն, չի խորշում անբարոյականութիւնից եւ չի ապացուցում, որ Աստուած է մեր մարմնի տէրը:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ըստ Աստուածաշնչի՝ ձեռնաշարժութիւնը մե՞ղք է: