Ինչո՞ւ ինքնասպան չլինեմ:



Հարց. Ինչո՞ւ ինքնասպան չլինեմ:

Պատասխան.
Մեր սիրտը ցաւում է նրանց համար, ով մտածում է իր կեանքին վերջ տալու մասին: Եթէ այս պահին դա դու ես, հաւանաբար լի ես խռովայոյզ մտքերով, անյուսութեամբ, հիասթափութեամբ: Քեզ թւում է՝ խոր փոսի մէջ ես, եւ լոյսի շող չի երեւում: Ոչ ոք կարծես չի հասկանում քեզ, ոչ մէկի հոգը չես: Ո՞ւմ է պէտք այսպիսի կեանքը, ի՞նչ իմաստ ունի ապրելը...

Եթէ մի պահ խորհես եւ թոյլ տաս, որ Աստուած իրապէս քո կեանքի Աստուածը լինի, Նա կապացուցի, թէ որքա՜ն մեծ է, քանզի «Աստուծոյ մօտ անհնարին բան չկայ» (Ղուկ. 1.37): Միգուցէ անցեալի վիրաւորանքների սպինե՞րն են խոցում քեզ մերժուած ու լքուած լինելու ճնշող զգացումով: Դա կարող է քեզ ինքնախղճահարումի, բարկութեան, դառնութեան, վրէժխնդրութեան, անառողջ երկիւղածութեան հասցնել, իսկ այդ զգացումները լուրջ խնդիրներ կյարուցեն քեզ համար ամենակարեւոր յարաբերութիւններում:

Ինչու ինքնասպան չլինե՞ս: Բարեկա՛մս, անկախ այն բանից, թէ որքան տհաճութիւններ կան քո կեանքում, Սիրոյ Աստուածը սպասում է, որ թոյլ տաս Իրեն՝ առաջնորդելու քեզ յուսալքութեան բաւիղներից դէպի Իր սքանչելի լոյսը: Նա քո անդաւաճան յոյսն է: Նրա անունը Յիսուս է:

Այս Յիսուսը՝ Աստուծոյ անմեղ Որդին, մերժուածութեան ու նուաստացման պահերիդ ցաւակից է քեզ: Եսայիա մարգարէն Նրա մասին է գրում իր մարգարէութեան 53.2-6-ում՝ պատկերելով Նրան որպէս ամենքից «անարգուած ու մերժուած»: Նրա կեանքը լի էր վիշտ ու տառապանքով, բայց վիշտը, որ կրեց, Իրենը չէր, մերն էր: Նա խոցուեց, զարկուեց ու վիրաւորուեց մեր մեղքի համար: Նրա տառապանքի շնորհիւ մեր կեանքը փրկուեց:

Բարեկա՛մս, Յիսուս Քրիստոս համբերեց այս ամենին, որպէսզի քո մեղքերը ներուեն: Որքան էլ մեծ լինի մեղքդ, որքան էլ ծանր՝ յանցանքդ, գիտցի՛ր, Նա կների քեզ, եթէ խոնարհասիրտ ընդունես Նրան որպէս քո Փրկիչը: «Նեղութեանդ օրը կանչի՛ր ինձ, եւ ես քեզ պիտի ազատեմ, ու դու ինձ պիտի փառաւորես» (Սաղմ. 50.15): Ինչ էլ որ աարած լինես, չի կարող այնքան վատ լինել, որ Յիսուս քեզ չների: Նրա ընտիր ծառաներից ոմանք սարսափելի մեղքեր են գործել. սպանութիւն (Մովսէս), շնութիւն (Դաւիթ թագաւոր), բռնութիւն (Պօղոս առաքեալ): Բայց Աստուած նրանց ներել է. նրանք թողութիւն եւ առատ կեանք են գտել Տիրոջում: «Ուրեմն եթէ մէկը Քրիստոսի մէջ է, նա նոր ստեղծուած է: Հներն անցան, եւ ահա ամէն բան նոր եղաւ» (Բ Կորնթ. 5.17):

Ինչու ինքնասպան չլինե՞ս: Բարեկա՛մս, Աստուած պատրաստակամ է ուղղելու «կոտրուածը», այն է՝ ներկայ քո կեանքը, այն կեանքը, որ ուզում ես ինքնասպանութեամբ վերջ տալ: Եսայիա մարգարէն գրում է. «Տէր Աստուծոյ Հոգին իմ վրայ է. Տէրը օծել է ինձ, Նա ուղարկել է ինձ աղքատներին աւետիս տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներուն՝ ազատութիւն եւ կապեալներուն՝ արձակում. Տիրոջ ընդունելի տարին հռչակելու... բոլոր սգաւորներին մխիթարելու, Սիօնի սգաւորների համար որոշելու ու մոխրի տեղ՝ փառք, սուգի տեղ՝ ուրախութեան իւղ, կոտրած հոգու տեղ գովութեան պատմուճան տալու (Եսայիա 61.1-3):

Ե՛կ Յիսուսի մօտ եւ թո՛յլ տուր, որ վերականգնի քո խնդութիւնն ու լիութիւնը՝ վստահելով Նրան, որ նոր գործ սկսի քո կեանքում: Նա խոստանում է նորոգել քո կորցրած ուրախութիւնը եւ նոր ոգի տալ քեզ, որ ամուր մնաս: Քո փշրուած սիրտը թանկ է Նրա համար. «Աստուծոյ զոհը կոտրուած հոգին է. կոտրուած ու խոնարհ սիրտը դու չես անարգի, ո՛վ Աստուած» (Սաղմ. 51.12,15-17):

Կուզե՞ս ընդունել Յիսուսին որպէս քո Փրկիչն ու Հովիւը: Նա կհսկի քո մտքերն ու քայլերը օրէցօր՝ Իր Խօսքի՝ Աստուածաշնչի միջոցով: «Իմաստո՛ւն կանեմ քեզ եւ կսովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որով պիտի գնաս: Կխրատեմ քեզ. իմ աչքը քո վրայ կլինի» (Սաղմ. 32.8): «Եւ քո ժամանակների հաստատութիւնը կլինի փրկութեան առատութիւն, իմաստութիւն ու գիտութիւն. Տիրոջ երկիւղը կլինի նրա գանձը» (Եսայիա 33.6): Քրիստոսում լինելով՝ դարձեալ դժուարութիւններ կունենաս, բայց արդէն քեզ հետ կլինի յոյսը: Նա «եղբօրից աւելի մտերիմ բարեկամ» է (Առակ. 18.24): Թող Տէր Յիսուսի շնորհը քեզ հետ լինի քո վճռի պահին:

Եթէ ուզում ես ապաւինել Յիսուս Քրիստոսին որպէս քո Փրկչի, սրտիդ մէջ խօսի՛ր Աստուծոյ հետ. «Աստուա՛ծ իմ, ես քո կարիքն ունեմ իմ կեանքում: Խնդրում եմ ներես ինձ այն ամենի համար, որ արել եմ: Հաւատում եմ Յիսուս Քրիստոսին՝ իմ Փրկչին: Խնդրում եմ քեզ՝ մաքրի՛ր ու բժշկի՛ր ինձ, նորոգի՛ր խինդը իմ կեանքում: Շնորհակալ եմ քո սիրոյ եւ խաչի վրայ Յիսուսի մահուան համար, որ կրեց իմ փոխարէն: Ամէն»:

Քրիստոսին դառնալու վճիռդ այս էջը կարդալու պատճառո՞վ է: Եթէ այո՝ սեղմիր «Այսօր ընդունեցի Քրիստոսին» կոճակը ստորեւ:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ինչո՞ւ ինքնասպան չլինեմ: