Հաւատացի Յիսուս Քրիստոսին: Եւ ի՞նչ:



Հաւատացի Յիսուս Քրիստոսին: Եւ ի՞նչ:

Շնորհաւո՛ր: Դու կեանքդ փոխող վճիռ ես կայացրել: Գուցէ հիմա հարցնում ես՝ յետոյ ի՞նչ, ինչպէ՞ս սկսեմ ընթանալ Աստուծոյ հետ: Հինգ քայլ, որ կկարդաս ստորեւ, ուղղութիւն կտան քեզ Աստուածաշնչից: Եթէ հարց ունենաս քո «ճանապարհորդութեան» ընթացքում, այցելի՛ր http://www.gotquestions.org/Armenian կայքէջը:

1. Համոզուի՛ր, որ փրկութեան մասին ճիշտ պատկերացում ունես:

Ա Յովհաննէս 5.17-ում կարդում ենք. «Այս բաները գրեցի ձեզ՝ Աստուծոյ Որդու անունին հաւատացողներիդ, որպէսզի գիտենաք, որ Աստուծոյ Որդուն հաւատալով յաւիտենական կեանք կունենաք»: Աստուած ուզում է, որ հասկանանք փրկութիւնը: Աստուած ուզում է, որ վստահ լինենք մեր փրկութեան համար: Հակիրճ քննենք փրկութեան առանցքային պահերը:

ա) Բոլորս էլ մեղք ենք գործել: Բոլորս էլ բաներ ենք արել, որ հաճելի չեն Աստծուն (Հռոմ. 3.23):

բ) Մեր մեղքերի պատճառով արժանի ենք Աստծուց յաւիտեանս բաժանուելու պատժին (Հռոմ. 6.23)

գ) Յիսուս խաչի վրայ մեռաւ, որպէսզի վճարի մեր մեղքերի պատիժը (Հռոմ. 5.8, Բ Կորնթ. 5.21): Յիսուս մեռաւ մեր փոխարէն՝ կրելով մե՛ր պատիժը: Նրա յարութիւնը ապացուցեց, որ Իր մահը բաւարար էր՝ վճարելու մեր մեղքերի գինը:

դ) Աստուած ներում եւ փրկութիւն է շնորհում բոլորին, ովքեր հաւատում են Յիսուսին՝ վստահելով Իր մահուանն իբրեւ մեր մեղքերի հատուցումը (Յովհ. 3.16, Հռոմ. 5.1; 8.1):

Այս է փրկութեան պատգամը. Եթէ հաւատքով ընդունել ես Յիսուս Քրիստոսին որպէս քո Փրկիչը, ուրեմն փրկուած ես: Քո բոլոր մեղքերը ներուած են, եւ Աստուած խոստանում է երբեք չլքել ու չմոռանալ քեզ (Հռոմ. 8.38-39, Մատթ. 28.20): Յիշի՛ր, որ Յիսուս Քրիստոսով քո փրկութիւնը հաստատ է (Յովհ. 10.28-29): Եթէ ապաւինես Յիսուսին որպէս քո Փրկիչը, կարող ես վստահ լինել, որ յաւիտենութիւնը պիտի վայելես Աստուծոյ հետ:

2. Գտի՛ր մի լաւ եկեղեցի, ուր Աստուածաշունչ է ուսուցանւում, եւ սկսի՛ր յաճախել:

Մի կարծի՛ր, թէ եկեղեցին շէնք է: Եկեղեցին մարդիկ են: Շատ կարեւոր է, որ Յիսուս Քրիստոսում միաբանուած հաւատացեալները հաղորդակցուեն միմեանց հետ: Այս է եկեղեցւոյ հիմնական նպատակներից մէկը: Հիմա, երբ այլեւս ընդունել ես Յիսուս Քրիստոսին, սրտանց յորդորում ենք քեզ՝ գտնել Աստուածաշնչին հաւատարիմ մի եկեղեցի քո բնակութեան վայրում եւ խօսել հովուի հետ: Թող հովիւն իմանայ քո նորընծայ հաւատն առ Յիսուս Քրիստոս:

Եկեղեցւոյ նպատակներից մէկն էլ Աստուածաշնչի ուսուցումն է: Կսովորես՝ ինչպէս կիրառել Աստուծոյ պատգամները քո կեանքում: Աստուածաշունչը հասկանալը յաջող եւ յաղթական քրիստոնէական կեանք ապրելու բանալին է: Բ Տիմոթէոս 3.16-17-ում ասում է. «Ամբողջ Գիրքը աստուածաշունչ է ու օգտակար՝ սովորեցնելու եւ յանդիմանութեան, շտկելու եւ արդարութեան մէջ խրատելու համար, որպէսզի Աստուծոյ մարդը կատարեալ լինի, ամէն բարի գործի համար պատրաստուած»:

Եկեղեցւոյ մէկ ուրիշ նպատակ էլ երկրպագութիւնն է: «Երկրպագել» նշանակում է շնորհակալ լինել Աստծուն Նրա բոլոր արածների համար: Աստուած փրկել է մեզ: Աստուած սիրում է մեզ: Աստուած ապահովում է մեզ: Աստուած ուղղում եւ ուղղորդում է մեզ: Մի՞թէ կարելի երախտապարտ չլինել: Աստուած սուրբ, արդար, սիրող, ողորմած եւ շնորհաշատ է: Յայտնութիւն 4.11-ը հռչակում է. «Արժանի՛ ես, Տէ՛ր եւ մեր Աստուա՛ծ, որ ընդունես փառքը, պատիւը եւ զօրութիւնը, դու, որ բոլոր բաներն ստեղծեցիր, ու քո կամքով կան եւ ստեղծուեցին»:

3. Ամէն օր ժամանա՛կ յատկացրու Աստուծոյ հետ յարաբերուելու:

Մեզ համար շատ կարեւոր է ամէն օր ժամանակ անցկացնել Աստուծոյ հետ: Ոմանք այն կոչում են «մէնիկ պահ», ուրիշներ՝ «պաշտամունք» կամ «նուիրում», որովհետեւ դրանք այն պահերն են, երբ նուիրւում ենք Աստծուն: Ոմանք նախընտրում են ժամանակ յատկացնել առաւօտեան, ոմանք՝ երեկոյեան: Կարեւոր չէ, թէ ինչպէս ես կոչում կամ երբ ես նուիրւում: Կարեւորը պարբերաբար Աստուծոյ հետ լինելն է: Ինչի՞ց է բաղկացած Աստուծոյ հետ անցկացրած մեր ժամանակը:

ա) ԱՂՕԹՔ: Աղօթքը պարզապէս զրոյց է Աստուծոյ հետ: Զրուցի՛ր Աստուծոյ հետ քո խնդիրների, հոգսերի, քեզ յուզող հարցերի շուրջ: Խնդրի՛ր Աստծուն, որ հոգայ քո կարիքները: Ասա՛, թէ որքան ես սիրում Նրան, որքան եւս գնահատում այն ամենը, ինչ անում է քեզ համար: Ահա սա է աղօթքը:

բ) ԱՍՏՈՒԱԾԱՇՆՉԻ ԸՆԹԵՐՑՈՒՄ: Բացի եկեղեցում, կիրակնօրեայ դպրոցում կամ այլուր ընթացող աստուածաշնչեան սերտողութիւններից, դու պէտք է նաեւ ինքնուրոյն կարդաս Աստուածաշունչը: Սուրբ Գիրքը պարունակում է այն ամենը, ինչը քեզի հարկաւոր է քրիստոնէական բարեյաջող կեանք ապրելու համար: Այնտեղ պիտի գտնես Աստուծոյ առաջնորդութիւնը իմաստուն որոշումներ կայացնելու համար, կիմանաս՝ ինչպէս ճանաչել Աստուծոյ կամքը, ինչպէս ծառայել ուրիշներին եւ հոգեւորապէս աճել: Աստուածաշունչը Աստուծոյ Խօսքն է՝ մեզ համար գրուած: Աստուածաշունչը, ըստ էութեան, Աստուծոյ գործնական խրատներն են, թէ ինչպէս աստուածահաճոյ եւ գոհացուցիչ կեանք ապրենք:

4. Յարաբերութիւննե՛ր հաստատիր մարդկանց հետ, որոնք կարող են օգնել քեզ հոգեւորապէս:

Ա Կորնթացիս 15.33-ում ասում է. «Մի՛ խաբուէք. չար ընկերակցութիւնները բարի վարքը ապականում են»: Աստուածաշունչը լի է «չար» մարդկանց ազդեցութիւնից զգուշացումներով: Մեղսալի արարքներով տարուած մարդկանց հետ ժամանակ անցկանելը կարող է գայթակղել մեզ նոյն բաներն անելու: Շրջապատի վարքը կարող է վարակիչ լինել մեզ համար: Ահա թէ ինչու կարեւոր է, որ մեզ շրջապատենք այնպիսի մարդկանցով, որոնք սիրում են Տիրոջը եւ նուիրուած են Նրան:

Փորձի՛ր գտնել մէկ-երկու ընկեր, գուցէեւ քո եկեղեցուց, որոնք կարող են օգնել եւ քաջալերել քեզ (Եբր. 3.13; 10.24): Խնդրի՛ր ընկերներիդ, որ քեզ հաշուետու պահեն քո մէնիկ ժամանակի, Աստուծոյ հետ քո ընթացքի վերաբերեալ: Հարցրո՛ւ՝ արդեօք կուզեն, որ նոյնը դու անես իրենց համար: Սա չի նշանակում, որ պիտի հրաժարուես քո բոլոր այն ընկերներից ու բարեկամներից, որոնք Տէր Յիսուսին իրենց Փրկիչը չեն ընդունել: Շարունակիր բարեկա՛մ մնալ եւ սիրել նրանց: Պարզապէս թող իմանան, որ Յիսուս փոխել է քո կեանքը, եւ այլեւս չես կարող անել բաներ, որ սովորաբար անում էիր: Խնդրի՛ր Աստծուն՝ պատեհութիւն տայ քեզ քո բարեկամներին Յիսուսի մասին վկայելու:

5. Մկրտուի՛ր:

Շատ մարդիկ սխալ պատկէրացում ունեն մկրտութեան մասին: «Մկրտուել» բառը նշանակում է ջրի մէջ ընկղմուել: Մկրտութիւնը աստուածաշնչային ձեւ է Քրիստոսի հանդէպ հաւատքն ու Նրան հետեւելու նուիրումը հրապարակաւ հռչակելու համար: Ջրի մէջ ընկղմուելու գործողութիւնը խորհրդանշում է Քրիստոսի հետ թաղուելը, իսկ ջրից ելնելը՝ Քրիստոսի հետ յարութիւն առնելը: Մկրտուել՝ նշանակում է նոյնանալ Յիսուսի մահուանը, թաղումին եւ յարութեանը (Հռոմ. 6.3-4):

Մկրտութիւնը չէ, որ պիտի փրկի քեզ: Մկրտութիւնը չի մաքրում քեզ քո մեղքերից: Մկրտութիւնը պարզապէս հնազանդութեան քայլ է, հրապարակային ազդարարում, որ քո փրկութիւնը միմիայն հաւատքով է առ Քրիստոս: Մկրտութիւնը կարեւոր է որպէս հնազանդութեան եւ Քրիստոսին նուիրուելու խորհրդանշական քայլ: Եթէ պատրաստ ես մկրտուելու, խօսի՛ր քո հովուի հետ:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Հաւատացի Յիսուս Քրիստոսին: Եւ ի՞նչ: