Ի՞նչ է նշանակում ընդունել Յիսուսին որպէս անձնական Փրկիչ:



Հարց. Ի՞նչ է նշանակում ընդունել Յիսուսին որպէս անձնական Փրկիչ:

Պատասխան.
Ընդունե՞լ ես Յիսուս Քրիստոսին որպէս քո անձնական Փրկիչը: Հարցը ճիշտ հասկանալու համար նախ հասկանանք «Յիսուս Քրիստոս», «անձնական» եւ «Փրկիչ» բառերը:

Ո՞վ է Յիսուս Քրիստոս: Շատերն ընդունում են Յիսուս Քրիստոսին որպէս բարի մարդ, մեծ ուսուցիչ, նոյնիսկ Աստուծոյ մարգարէ: Այս ամենը հաստատապէս վերաբերում է Յիսուսին, բայց լիովին չի բնորոշում, թէ իսկապէս ով է Նա: Աստուածաշունչը մեզ ասում է, որ Յիսուս Աստուած է մարմնի մէջ, Աստուած՝ մարդացած (տե՛ս Յովհ. 1.1,14): Աստուած աշխարհ եկաւ, որ մեզ սովորեցնի, բժշկի, ուղղի, ների եւ մեզ համար մեռնի: Յիսուս Քրիստոս Աստուած է, Արարիչ եւ ինքնիշխան Տէր: Ընդունե՞լ ես այս Յիսուսին:

Ի՞նչ է նշանակում «Փրկիչ», եւ ինչո՞ւ մենք Փրկչի կարիք ունենք: Աստուաշունչը մեզ ասում է, որ բոլորս էլ մեղանչել ենք, բոլորս էլ անօրէնութիւններ ենք գործել (Հռոմ. 3.10-18): Ի հետեւանս մեր մեղքի՝ արժանի ենք Աստուծոյ բարկութեանն ու դատաստանին: Անսահման եւ յաւիտենական Աստուծոյ դէմ գործած մեր մեղքերի միակ արդար դատաստանը անվերջանալի պատիժն է (Հռոմ. 6.23, Յայտ. 20.11-15): Ահա թէ ինչու Փրկչի կարիք ունենք:

Յիսուս Քրիստոս աշխարհ եկաւ եւ մեր փոխարէն մեռաւ: Յիսուսի մահը անսահման հատուցում էր մեր մեղքերի համար (Բ Կորնթ. 5.21): Յիսուս մեռաւ ի հատուցումն մեր մեղքերի (Հռոմ. 5.8): Յիսուս վճարեց գինը, որպէսզի մենք չվճարենք: Յիսուսի յարութիւնը ապացուցեց, որ Նրա մահը բաւարար էր, որպէսզի մեր մեղքերի պատիժը հատուցուեր: Ահա թէ ինչու Յիսուս է մէկ եւ միակ Փրկիչը (Յովհ. 14.6, Գործք 4.12): Հաւատո՞ւմ ես, որ Յիսուս քո Փրկիչն է:

Յիսուս քո «անձնական» Փրկի՞չն է: Շատերը քրիստոնէութիւնը հասկանում են իբրեւ եկեղեցի գնալ, արարողութիւններին մասնակցել եւ մեղքեր չգործել: Սա քրիստոնէութիւն չէ: Ճշմարիտ քրիստոնէութիւնը անձնական յարաբերութիւն է Յիսուս Քրիստոսի հետ: Յիսուսին որպէս անձնական Փրկիչ ընդունել նշանակում է անձնապէս հաւատալ եւ վստահել Նրան: Ուրիշի հաւատքով ոչ ոք չի փրկւում: Ինչ-ինչ բաներ անելով ոչ ոք մեղքերի թողութիւն չի առնում: Փրկուելու միակ միջոցը Յիսուսին անձնական Փրկիչ ընդունելն է՝ հաւատալով Նրա մահուանը որպէս հատուցումն քո մեղքերի եւ Նրա յարութեանը՝ որպէս երաշխիքը քո յաւիտենական կեանքի (Յովհ. 3.16): Արդեօ՞ք Յիսուս քո անձնական Փրկիչն է:

Եթէ ուզում ես ընդունել Յիսուս Քրիստոսին որպէս քո անձնական Փրկիչը, ասա՛ այս բառերն Աստծուն: Յիշի՛ր. այս կամ մէկ այլ աղօթքն արտասանելը չէ, որ փրկելու է քեզ: Յիսուս Քրիստոսին եւ խաչի վրայ կատարած Նրա գործին հաւատալով միայն կարող ես փրկուել: Այս աղօթքը սոսկ միջոց է, որ արտայայտես Աստծուն քո հաւատքը Նրա հանդէպ եւ շնորհակալութիւն յայտնես քո փրկութիւնը հոգալու համար: «Աստուա՛ծ իմ, գիտեմ, որ մեղանչել եմ Քո դէմ եւ արժանի եմ պատժի: Բայց Յիսուս Քրիստոս առաւ այն պատիժը, որ ես պիտի կրէի, որպէսզի Նրա հանդէպ իմ հաւատքով ներում լինի ինձ: Հաւատում եմ Քեզ փրկութեանս համար: Գոհանում եմ Քո սքանչելի շնորհի, ներումի եւ յաւիտենական կեանքի պարգեւի համար: Ամէն»:

Քրիստոսին դառնալու վճիռդ այս էջը կարդալու պատճառո՞վ է: Եթէ այո՝ սեղմիր «Այսօր ընդունեցի Քրիստոսին» կոճակը ստորեւ:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է նշանակում ընդունել Յիսուսին որպէս անձնական Փրկիչ: