Ո՞րն է Փրկութեան ծրագիրը/ճանապարհը:



Հարց. Ո՞րն է Փրկութեան ծրագիրը/ճանապարհը:

Պատասխան.
Քաղցա՞ծ ես: Ոչ ֆիզիկապէս, այլ կեանքից աւելին առնելու իմաստով: Հոգուդ խորքում կա՞յ մի բան, որ կարծես երբեք յագուրդ չի ստանում: Եթէ այո, գիտցի՛ր, որ Յիսուսն է ելքը: Յիսուս ասաց. «Ես եմ կենաց հացը. ինձ մօտ եկողը չի քաղցի, եւ ինձ հաւատացողը բնաւ չի ծարաւի» (Յովհ. 6.35):

Մոլորուա՞ծ ես: Թւում է՝ այդպէս էլ մի արահետ կամ նպատակ չե՞ս գտնելու կեանքում: կարծես մէկը մարել է լոյսը, եւ չե՞ս կարող գտնել անջատիչը: Եթէ այո, գիտցի՛ր. Յիսուսն է ելքը: Յիսուս հռչակեց. «Ես եմ աշխարհի լոյսը. ով իմ յետեւիցւ գայ, նա խաւարի մէջ չի գնայ, հապա կեանքի լոյսը կունենայ» (Յովհ. 8.12):

Երբեւէ ունեցե՞լ ես այն զգացումը, թէ կեանքից դուրս ես գցուած: Իբր շատ դռներ ես բախում, բայց տեսնում ես, որ դրանց յետեւում դատարկութիւն ու անիմաստութիւն է: Փնտրում ես այն մուտքը, որից անդին լիարժէք կեանք է: Եթէ այդպէս է, ապա Յիսուսն է ելքը: Նա ասում է. «Ես եմ դուռը. եթէ մէկը ինձնով ներս մտնի, կփրկուի ու կմտնի եւ դուրս կգա ու արօտ կգտնի» (Յովհ. 10.9):

Մարդկանցից հիասթափուե՞լ ես երբեւէ: Յարաբերութիւններդ եղել են սին ու մակերեսայի՞ն: Մարդիկ փորձում են շահագործե՞լ քեզ: Եթէ պատասխանդ «այո» է, ապա Յիսուսն է ելքը: Նա ասաց. «Ես եմ բարի հովիւը. բարի հովիւն իր կեանքը դնում է ոչխարների համար: ...Ես եմ բարի հովիւը, ես ճանաչում եմ իմ ոչխարներին, ու նրանք էլ ճանաչում են ինձ» (Յովհ. 10.11,14):

Խորհում ես, թէ ինչ կայ մահից յետո՞յ: Ձանձրացե՞լ ես ապրել բաների համար, որոնք միայն փչանում ու ժանգոտում են: Երբեմն կասկածում ես, թէ կեանքը բնաւ իմաստ չունի՞: Ուզո՞ւմ ես ապրել մահից յետոյ: Եթէ այո, ապա Յիսուսն է ելքը: Յիսուս ասաց. «Ես եմ յարութիւնն ու կեանքը. ինձ հաւատացողը թէկուզ մեռնի էլ, կապրի: Եւ ամէն ոք, ով կենդանի է ու ինձ հաւատում է, չի մեռնի.» (Յովհ. 11.25-26):

Ո՞րն է ճանապարհը: Ո՞րն է ճշմարտութիւնը: Ի՞նչ է կեանքը: Յիսուս պատասխանում է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտութիւնը եւ կեանքը. ոչ ոք Հօր մօտ չի գալիս, եթէ ոչ՝ ինձնով» (Յովհ. 14.6):

Քաղցը, որ զգում ես, հոգեւոր սով է, որ միայն Յիսուս կարող է յագեցնել: Միայն Յիսուս է, որ կարող է ցրել խաւարը: Յիսուս է դուռը դէպի լիարժէք կեանք: Յիսուս է այն բարեկամը եւ հովիւը, որին փնտրում ես: Յիսուս է կեանքը՝ այս եւ անդրերկրային աշխարհում: Յիսուս է փրկութեան ճամփան:

Պատճառը, որ հոգեւոր սով ես զգում, պատճառը, որ խաւարի մէջ խարխափում ես, որ չես գտնում կեանքի իմաստը, այն է, որ հեռացած ես Աստծուց: Աստուածաշունչը ասում է, որ բոլորս էլ մեղանչել ենք և բաժանուած ենք Աստծուց (Ժող. 7.20, Հռոմ. 3.23): Հոգիդ կեղեքող դատարկութեան պատճառն այն է, որ քո կեանքից բացակայում է Աստուած: Մենք ստեղծուած ենք Աստուծոյ հետ հաղորդակցուելու համար: Մեր մեղքի պատճառով զրկուած ենք Աստուծոյ հետ մտերմութիւնից: Աւելին, մեր մեղքը յաւիտեան կհեռացնի մեզ Աստծուց՝ այս եւ գալիք կեանքում (Հռոմ. 6.23, Յովհ. 3.36):

Արդ՝ ո՞րն է այս խնդրի լուծումը: Յիսուսն է ճանապարհը: Յիսուս Իր վրայ կրեց մեր մեղքերը (Բ Կորնթ. 5.21): Յիսուս մեռաւ մեր փոխարէն (Հռոմ. 5.8)՝ առնելով պատիժը, որին մենք ենք արժանի: Իր մահից երեք օր անց Յիսուս յարութիւն առաւ մեռեալներից եւ ապացուցեց, որ յաղթել է մեղքին ու մահին (Հռոմ. 6.4-5): Ինչո՞ւ մեռաւ մեր փոխարէն: Նա Ինքը պատասխանեց այս հարցին. «Ոչ ոք աւելի մեծ սէր չունի նրանից, քան այս, եթէ մէկը իր կեանքը դնում է բարեկամների համար» (Յովհ. 15.13): Յիսուս մեռաւ, որ մենք կեանք ունենանք: Եթէ հաւատանք եւ վստահենք Յիսուսին, հաւատանք, որ Իր մահով վճարել է մեր մեղքերի համար, այնժամ կներուեն ու կսրբուեն մեր բոլոր մեղքերը: Այնժամ կյագենայ մեր հոգեւոր քաղցը: Լոյսը կվառուի: Կբացուի լիարժէք կեանքի դուռը: Մենք կճանաչենք մեր ճշմարիտ ու լաւագոյն բարեկամին եւ բարի հովուին: Կհասկանանք, որ մահից յետոյ կեանք ենք ունենալու՝ յարուցեալ կեանք երկնքում, յաւիտեան Յիսուսի հետ:

«Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհը, մինչեւ Իր միածին Որդուն տուեց, որպէսզի ամէն Նրան հաւատացողը չկորսուի, հապա յաւիտենական կեանք ունենայ» (Յովհ. 3.16):

Քրիստոսին դառնալու վճիռդ այս էջը կարդալու պատճառո՞վ է: Եթէ այո՝ սեղմիր «Այսօր ընդունեցի Քրիստոսին» կոճակը ստորեւ:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ո՞րն է Փրկութեան ծրագիրը/ճանապարհը: