Ի՞նչ է ասում Աստուածաշունչը պոռնկագրութեան մասին: Արդեօք պոռնկագրութիւն նայելը մեղք է:



Հարց. Ի՞նչ է ասում Աստուածաշունչը պոռնկագրութեան մասին: Արդեօք պոռնկագրութիւն նայելը մեղք է:

Պատասխան.
Ակնյայտ է, որ համացանցում ամենափնտրուող թեմաներն առնչւում են պոռնկագրութեանը: Պոռնկագրութիւնն այսօր հեղեղել է աշխարհը: Թերեւս առաւել, քան որեւէ այլ բանում, Սատանային յաջողուել է աղաւաղել ու այլասերել սեքսը: Նա առել է ճիշտն ու բարին (սիրոյ սեքսը ամուսնների միջեւ) եւ փոխարինել ցանկասիրութեամբ, պոռնկագրութեամբ, շնութեամբ, բռնաբարութեամբ եւ համասեռամոլութեամբ: Պոռնկագրութիւնը թերեւս առաջին քայլն է յարաճուն չարագործութեան եւ անբարոյականութեան խիստ դիւրասահ զառիվայրին (Հռոմայեցիս 6.19): Պոռնկագրութեան մոլեկան բնոյթը քաջ յայտնի է: Ինչպէս որ թմրամոլն է աւելի շատ եւ աւելի ուժեղ թմրանիւթ ընդունում նոյն ազդեցութեանը հասնելու համար, պոռնկագրութիւնը նոյնպէս քաշում է մարդուն աւելի ու աւելի խոր սեռական կախեալութեան ու անբարոյ ցանկութիւնների ճահիճը:

Մեղքի երեք հիմնական դասերն են՝ մարմնի ցանկութիւնը, աչքի ցանկութիւնը եւ կեանքի ամբարտաւանութիւնը (Ա Յովհաննէս 2.16): Պոռնկագրութիւնը, անկասկած, դրդում է մեզ մարմնի ցանկութեան եւ անժխտելիօրէն՝ աչքի ցանկութեան: Սա վստահաբար այն չէ, որ պիտի խորհենք ըստ Փիլիպպեցիս 4.8-ի: Պոռնկագրութիւնը մոլեկան (Ա Կորնթացիս 6.12, Բ Պետրոս 2.19) եւ կործանարար է (Առակաց 6.25-28, Եզեկիէլ 20.30, Եփեսացիս 4.19): Մտովի ուրիշի ցանկալը, որ պոռնկագրութեան էութիւնն է, անարգանք է Աստծուն (Մատթէոս 5.28): Եթէ մարդու կեանքը սովորութիւն դարձած հակում է դէպի այս մոլուցքը, սա նշան է, որ տուեալ անձը փրկուած չէ (Ա Կորնթացիս 6.9):

Պոռնկագրութեամբ տարուած մարդկանց Աստուած կարող է օգնել՝ յաղթահարելու այս մոլութիւնը: Եթէ տառապում ես այս մոլուցքով եւ ցանկանում ես ազատուել դրանից, ահա մի քանի քայլ դէպի յաղթանակ: 1) Խոստովանի՛ր մեղքդ Աստծուն (Ա Յովհաննէս 1.9): 2) Խնդրի՛ր Աստծուն, որ մաքրի, նորոգի եւ փոխի քո միտքը (Հռոմայեցիս 12.2): 3) Խնդրի՛ր Աստծուն՝ լցնելու միտքդ Փիլիպպեցիս 4.8 խօսքով: 4) Սովորի՛ր սրբութեան մէջ պահել մարմինդ (Ա Թեսաղոնիկեցիս 4.3-4): 5) Հասկացի՛ր սեքսի ճշմարիտ նշանակութիւնը եւ միմիայն կողակցի՛դ վստահիր այս ցանկութեան բաւարարումը (Ա Կորնթացիս 7.1-5): 6) Գիտակցի՛ր, որ Հոգու մէջ քայլելով միայն կարող ես զերծ մնալ մարմնի ցանկութիններին տրուելուց (Գաղատացիս 5.16): 7) Գործնական քայլե՛ր արա տարփալի պատկերներից խուսափելու: Պոռնկագրական պատկերների արգե՛լք տեղադրիր համակարգչիդ մէջ, խիստ սահմանափակի՛ր հեռատեսիլի, տեսաֆիլմերի դիտումը: Ընտրի՛ր մի քրիստոնեայ ընկերոջ, որն աղօթի քեզ հետ եւ հաշուետու պահի քեզ:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է ասում Աստուածաշունչը պոռնկագրութեան մասին: Արդեօք պոռնկագրութիւն նայելը մեղք է: