Ինչպէ՞ս կարող եմ աղօթքիս պատասխան ստանալ Աստծուց:



Հարց. Ինչպէ՞ս կարող եմ աղօթքիս պատասխան ստանալ Աստծուց:

Պատասխան.
Շատերի համոզմամբ՝ պատասխանի արժանացած աղօթքն այն է, երբ Աստուած բաւարարում է իրեն ուղղուած աղօթքի խնդրանքը: Եթէ խնդրանքը բաւարարուած չէ, ապա դա հասկանում են իբրեւ «չպատասխանուած» աղօթք: Բայց սա աղօթքի սխալ ըմբռնում է: Աստուած պատասխանում է իրեն արուած ամէն աղօթքի. երբեմն պատասխանում է «ո՛չ», երբեմն՝ «սպասի՛ր»: Աստուած խոստանում է բաւարարել մեր այն աղօթքները, որոնք իր կամքի համաձայն են: «Եւ սա է այն համարձակութիւնը, որ Նրա նկատմամբ ունենք, թէ ինչ որ ըստ Նրա կամքի խնդրում ենք, լսում է մեզ: Եւ եթէ գիտենք, որ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք նաեւ, որ Նրանից ստանում ենք մեր խնդրածները» (Ա Յովհ. 5.14-15):

Ի՞նչ է նշանակում աղօթել Աստուծոյ կամքի համաձայն: Աստուծոյ կամքի համաձայն աղօթել՝ նշանակում է աղօթել այնպիսի բաների համար, որոնք պատւում եւ փառաւորում են Աստծուն, կամ որոնք յստակօրէն Աստուծոյ կամքն են ըստ Սուրբ Գրքի: Եթէ աղօթում ենք մի բանի համար, որ չի պատւում Աստծուն կամ Նրա կամքը չէ մեր կեանքի համար, Աստուած չի տայ մեր խնդրածը: Իսկ ինչպէ՞ս իմանանք՝ որն է Աստուծոյ կամքը: Աստուած մեզ խոստանում է իմաստութիւն տալ, եթէ խնդրենք այն: Յակոբոս 1.5-ն ասում է. «Եթէ ձեզանից մէկն իմաստութեան պակասութիւն ունի, թող խնդրի Աստծուց, որ բոլորին առատութեամբ տալիս է ու չի նախատում, ու նրան կտրուի»: Լաւ մեկնակէտ է Ա Թեսաղոնիկեցիս 5.12-24 հատուածը, որտեղ ամփոփ բերւում են շատ բաներ, որոնք Աստուծոյ կամքն են մեզ համար: Որքան լաւ հասկանանք Աստուծոյ Խօսքը, այնքան լաւ կիմանանք, թէ ինչի համար աղօթենք (Յովհաննէս 15.7): Որքան լաւ իմանանք՝ ինչի համար պիտի աղօթենք, այնքան յաճախ Աստուծոյ պատասխանը «այո» կլինի մեր խնդրանքներին:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ինչպէ՞ս կարող եմ աղօթքիս պատասխան ստանալ Աստծուց: