Ի՞նչ է նախասահմանութիւնը: Արդեօ՞ք այն սուրբգրային է:



Հարց. Ի՞նչ է նախասահմանութիւնը: Արդեօ՞ք այն սուրբգրային է:

Պատասխան.
Հռոմայեցիս 8.29-30 հատուածում կարդում ենք. «Որովհետեւ նրանց, ում առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահմանեց իր Որդու պատկերին կերպարանակից լինելու, որպէսզի Նա անդրանիկը լինի շատ եղբայրների մէջ: Եւ որոնց առաջուց սահմանեց, նրանց կանչեց էլ, ում որ կանչեց, նրանց արդարացրեց էլ, իսկ որոնց արդարացրեց, նրանց փառաւորեց էլ»: Եփեսացիս 1.5 եւ 11-ն ասում են. «Մեզ առաջուց սահմանեց, որ Յիսուս Քրիստոսի միջոցով իրեն որդեգիր լինենք՝ իր կամքի հաճութեամբ... Նրանով մենք էլ ժառանգութիւնն ստացանք՝ առաջուց որոշուած լինելով, որ ամէն բան յաջողում է իր կամքի խորհուրդների համաձայն»: Շատ մարդիկ խստիւ առարկում են նախասահմանութեան վարդապետութեան դէմ: Եւ այդուհանդերձ, նախասահմանութիւնը սուրբգրային ուսմունք է: Գաղտնիքը նախասահմանութեան աստուածաշնչային իմաստը հասկանալու մեջ է:

Աստուածաշնչեան վերոյիշեալ հատուածում «նախասահմանել» թարգմանուած բառը յունարէն պրոորիզո բառն է, որ նշանակում է «կանխորոշել», «սահմանել», «կանխաւ վճռել»: Այսինքն՝ նախասահմանութիւնը Աստուծոյ վճիռն է որոշ բաներ կանխաւ սահմանելու: Հռոմայեցիս 8.29-30-ի համաձայն՝ Աստուած նախասահմանել է, որ որոշ անհատներ պէտք է կերպարանակից լինեն իր Որդուն, պիտի կանչուեն, արդարացուեն եւ փառաւորուեն: Ըստ էութեան՝ Աստուած կանխորոշում է, որ որոշ անհատներ պէտք է փրկուեն: Սուրբգրային բազմաթիւ հատուածներ խօսում են Քրիստոսի հաւատաւորների ընտրուած լինելու մասին (Մատթէոս 24.22, 31, Մարկոս 13.20, 27, Հռոմայեցիս 8.33; 9.11; 11.5-7, 28, Եփեսացիս 1.11, Կողոսացիս 3.12, Ա Թեսաղոնիկեցիս 1.4, Ա Տիմոթէոս 5.21, Բ Տիմոթէոս 2.10, Տիտոս 1.1, Ա Պետրոս 1.1-2; 2.9, Բ Պետրոս 1.10): Նախասահմանութիւնը սուրբգրային վարդապետութիւն է առ այն, որ Աստուած իր ինքնիշխանութեամբ որոշ անհատների ընտրում է փրկելու:

Նախասահմանութեան վարդապետութեան դէմ բերուող ամենատարածուած առարկութիւնն այն է, որ նախասահմանութիւնը անարդար է: Աստուած ինչո՞ւ պիտի ոմանց ընտրի, ոմանց՝ ոչ: Սակայն հարկ է յիշել կարեւոր մի բան. ոչ ոք արժանի չէ փրկուելու: Մենք բոլորս էլ մեղանչել ենք (Հռոմայեցիս 3.23) եւ բոլորս էլ արժանի ենք յաւիտենական պատժի (Հռոմայեցիս 6.23): Յարդիւնս՝ Աստուած կատարելապէս արդար կլինէր հէնց թէկուզ թոյլ տալով, որ ամենքս էլ յաւիտենութիւնն անցկացնէինք դժոխքում: Բայց Աստուած ընտրում է փրկել մեզնից ոմանց. Նա անարդար չի վարւում նրանց հանդէպ, ում չի ընտրում, որովհետեւ նրանք ստանում են այն, ինչի արժանի են: Ոմանց հանդէպ ողորմած լինելու Աստուծոյ ընտրութիւնը այլոց նկատմամբ անարդարացի չէ: Ոչ ոք որեւէ բանի արժանի չէ Աստծուց, հետեւապէս ոչ ոք չի կարող առարկել, եթէ ոչինչ չստանայ Նրանից: Օրինակ. ոմն անձնաւորութիւն քսան հոգանոց մի խմբից իր կամքով ընտրում է հինգ հոգու եւ փող է տալիս նրանց: Մնացած տասնհինգը դժգո՞հ կմնան: Հաւանաբար՝ այո: Բայց իրաւունք ունե՞ն դժգոհ լինելու: Ամէնեւին: Ինչո՞ւ, որովհետեւ այդ մարդը ոչ մէկին ոչինչ պարտք չէր. նա պարզապէս կամեցաւ ողորմած լինել մի քանիսի հանդէպ:

Եթէ Աստուած ընտրում է, թէ ով է փրկուած, արդեօք դա անտեսում է Քրիստոսին ընտրելու եւ հաւատալու մեր ազատ կամքը: Աստուածաշունչն ասում է, որ ընտրութիւնը մերն է՝ ով որ հաւատայ Յիսուս Քրիստոսին, կփրկուի (Յովհաննէս 3.16, Հռոմայեցիս 10.9-10): Երբեք չի ասում, թէ Աստուած մերժում է նրան, ով հաւատում է Իրեն, կամ երես է թեքում նրանից, ով փնտրում է Իրեն (Բ Օրինաց 4.29): Ինչ-որ կերպ, աստուածային առեղծուածով, նախասահմանութիւնը ձեռք ձեռքի տուած գործում է անհատի՝ Աստծուն ձգտելու (Յովհաննէս 6.44) եւ հաւատալու հետ ի փրկութիւն (Հռոմայեցիս 1.16): Աստուած նախասահմանում է՝ ով է փրկուելու, իսկ մենք պարտաւոր ենք Քրիստոսին ընտրել, որպէսզի փրկուենք: Երկու փաստն էլ հաւասարապէս ճշմարիտ է: Հռոմայեցիս 11.33-ը հռչակում է. «Ո՜վ Աստուծոյ մեծութեան, իմաստութեան եւ գիտութեան խորութիւն, ի՜նչ անքննելի են Նրա դատաստանները, եւ անիմանալի են Նրա ճանապարհները»:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է նախասահմանութիւնը: Արդեօ՞ք այն սուրբգրային է: