Ո՞րն է եկեղեցու նպատակը:



Հարց. Ո՞րն է եկեղեցու նպատակը:

Պատասխան.
Գործք 2.42-ը կարելի է համարել եկեղեցու նպատակի սահմանումը. «Ու միշտ հետեւում էին առաքեալների ուսմունքին, հաղորդութեանը, հացը կտրելուն եւ աղօթքներին»: Ըստ այս համարի՝ եկեղեցու նպատակը եւ գործունէութիւնն է. 1) աստուածաշնչեան վարդապետութիւնն ուսուցանելը, 2) հաւատացեալների ընկերակցութեան համար տեղ ապահովելը, 3) Տէրունական ընթրիքը կատարելը և 4) աղօթելը:

Եկեղեցին պէտք է աստուածաշնչեան վարդապետութիւն սովորեցնի, որպէսզի մենք հիմնուած մնանք մեր հաւատքի մէջ: Եփեսացիս 4.14-ն ասում է. «Որպէսզի այլեւս երեխայ չլինենք՝ մարդկանց խաբեբայութեամբ վարդապետութեան ամէն քամուց երերուած ու տատանուած, որ մոլորեցնեն խաբեբայութեան խորամանկութեամբ»: Եկեղեցին պէտք ընկերակցութեան մի վայր լինի, ուր քրիստոնեաները կարողանան նուիրուել եւ պատուել մէկմէկու (Հռոմայեցիս 12.10), խրատել (Հռոմայեցիս 15.14), բարիք անել, կարկեկից լինել (Եփեսացիս 4.32), քաջալերել (Ա Թեսաղոնիկեցիս 5.11) եւ, ամենակարեւորը, սիրել միմեանց (Ա Յովհաննէս 3.11):

Եկեղեցին պէտք է լինի այն վայրը, որտեղ հաւատացեալները կատարեն Տէրունական ընթրիքը, յիշատակեն Քրիստոսի մահը եւ յանուն մեզ հեղած Նրա արիւնը (Ա Կորնթացիս 11.23-26): «Հաց կտրելու» (Գործք 2.42) հասկացութիւնը կրում է նաեւ միասին ուտելու գաղափարը. եւս մէկ օրինակ եկեղեցական եղբայրակցութեան: Եկեղեցու վերջնական նպատակը, ըստ Գործք 2.42-ի, աղօթքն է: Եկեղեցին պէտք է աղօթքի տուն լինի, մի վայր, ուր սովորում են աղօթել եւ գործում են աղօթքով: Փիլիպպեցիս 4.6-7 հատուածում կարդում ենք այս յորդորը. «Ոչինչ հոգ մի՛ արէք, այլ ամէն բանում աղօթքով, աղաչանքով եւ գոհութեամբ՝ ձեր խնդրանքները թող յայտնի լինեն Աստծուն: Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամէն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Յիսուսով կպահպանի»:

Եկեղեցուն տրուած մէկ այլ յանձնարարական է Յիսուս Քրիստոսով փրկութեան աւետարանը հռչակելը (Մատթէոս 28.18-20, Գործք 1.8): Եկեղեցին կոչուած է հաւատարիմ լինելու աւետարանը խօսքով ու գործով տարածելու: Եկեղեցին պիտի փարոս լինի ամէն համայնքում՝ ցոյց տալով մարդկանց մեր Տէր ու Փրկիչ Յիսուս Քրիստոսին: Եկեղեցին պիտի թէ՛ ջատագովի աւետարանը, թէ՛ իր անդամներին պատրաստի այն հռչակելու (Ա Պետրոս 3.15):

Եւ վերջում մի քանի այլ նպատակ, որ կարդում ենք Յակոբոս 1.27-ում. «Սուրբ եւ անարատ կրօնասիրութիւնն Աստուծոյ եւ Հօր առաջ այս է՝ որբերին եւ այրիներին նրանց նեղութեան ժամանակ այցելել եւ իր անձն աշխարհից անարատ պահել»: Եկեղեցին պէտք է հետամուտ լինի կարիքաւորներին ծառայելու գործին: Սա նշանակում է ոչ միայն քարոզել աւետարանը, այլեւ հոգալ կարօտեալների նիւթական կարիքները (սնունդ, հագուստ, կացարան) ըստ անհրաժեշտութեան եւ յաւուր պատշաճի: Եկեղեցին պէտք է նաեւ զինի հաւատացեալներին Քրիստոսում անհրաժեշտ ամէն զէնքով, որպէսզի յաղթահարեն մեղքը եւ անարատ մնան աշխարհի ապականութիւնից: Իսկ դա արւում է աստուածաշնչեան ուսուցմամբ եւ քրիստոնէական հաղորդակցութեամբ:

Արդ՝ ո՞րն է եկեղեցու նպատակը: Պօղոսը հրաշալի օրինակ է տալիս Կորնթոսի հաւատացեալներին: Եկեղեցին Աստուծոյ ձեռքերը, բերանը եւ ոտքերն է այս աշխարհում՝ Քրիստոսի մարմինը (Ա Կորնթացիս 12.12-27): Մենք պէտք անենք այն բաները, որ Յիսուս Քրիստոս կանէր, եթէ մարմնով երկրի վրայ լինէր: Եկեղեցին պէտք է լինի քրիստոնէական, քրիստոսակերպ եւ քրիստոսաւանդ:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ո՞րն է եկեղեցու նպատակը: