Ո՞րն է ճիշտ կրօնը ինձ համար:



Հարց. Ո՞րն է ճիշտ կրօնը ինձ համար:

Պատասխան.
«Ֆասթ-ֆուդ» ռեստորանները յաճախորդներին գայթակղում են՝ թոյլ տալով, որ ինքներս ընտրենք կերակուրը մեր ուզած ձեւով: Շատ սրճարաններ պարծենում են իրենց սուրճի՝ հարիւրից աւելի տեսակներով ու բոյրով: Նոյնիսկ երբ տուն կամ մեքենայ ենք գնում, կարող ենք ընտրել մեր սրտի ուզած ամէն յարմարութիւնով: Աշխարհը վաղուց արդէն միօրինակ չէ: Ընտրութիւնն իշխում է աշխարհում: Ամէն բան կարող ես գտնել քո անձնական նախասիրութեան ու կարիքների համեմատ:

Իսկ ո՞րն է քեզ ամենայարմար, ամենաճիշտ կրօնը: Օրինակ, այնպիսի մի կրօն, որից մեղքի զգացում չունենաս, պահանջներ չդնի, չծանրաբեռնի քեզ բազմաթիւ ձանձրալի «կարելի – չի կարելի»-ներով: Այդպիսի կրօն՝ որքան ուզես: Բայց արդեօ՞ք կրօնը պաղպաղակի ուզածդ համի պէս ընտրելիք բան է:

Տարբեր ձայներ մէկը միւսին խլացնելով ջանում են գրաւել մեր ուշադրութիւնը: Էլ ինչո՞ւ պէտք Յիսուսին գերադասենք, օրինակ, Մուհամեդից, Կոնֆուցիոսից, Բուդդայից, Չարլզ Ռասըլից կամ Ջոզեֆ Սմիթից: Ի վերջոյ, մի՞թէ բոլոր ճանապարհներն էլ Երկինք չեն տանում: Մի՞թէ բոլոր կրօններն էլ իրենց հիմքում նոյնը չեն: Ճշմարտութիւնն էլ հէնց այն է, որ բոլոր կրօնները Երկինք չեն տանում, ինչպէս ոչ բոլոր ճանապարհներն են տաճար տանում:

Միայն Յիսուսն է, որ խօսում է Աստուծոյ հեղինակութեամբ, որովհետեւ Նա է յաղթել մահին: Մուհամեդը, Կոնֆուցիոսը եւ ուրիշներ մինչեւ օրս էլ փտում են իրենց գերեզմանում: Բայց Յիսուս Իր սեփական զօրութեամբ, հռոմէական դաժան խաչի վրայ մեռնելուց երեք օր անց դուրս ելաւ գերեզմանից: Նա, ով իշխանութիւն ունի մահուան վրայ, արժանի է մեր ուշադրութեանը: Նա, ով իշխանութիւն ունի մահուան վրայ, արժանի է, որ լսենք Իրեն:

Յիսուսի յարութիւնը հաստատող ապացոյցները շատ-շատ են: Նախ, հինգ հարիւր հոգի ականատես վկայ է եղել յարուցեալ Քրիստոսի: Սա հսկայական թիւ է: Հինգ հարիւրի վկայութիւնը չես կարող անտեսել: Այնուհետեւ՝ դատարկ գերեզմանի փաստը: Յիսուսի թշնամիները շատ հեշտ կարող էին վերջ տալ բոլոր խօսակցութիւններին՝ ի ցոյց հանելով Նրա մեռած, փտող մարմինը: Բայց բանն էլ հէնց այն է, որ մարմինը չկար, որ ցոյց տային: Գերեզմանը դատարկ էր: Միգուցէ աշակերտնե՞րն էին առեւանգել մարմինը: Հազիւ թէ: Նման հնարաւորութիւնը կանխելու համար Յիսուսի գերեզմանը զինեալ պահակախումբ էր հսկում: Եթէ հաշուի առնենք, որ Յիսուսի մերձաւոր հետեւորդները երկիւղած փախել էին Նրա ձերբակալութեան եւ խաչելութեան ժամանակ, գրեթէ անհնարին է, որ այս թշուառ ու շփոթահար ձկնորսները ճակատ-ճակատի ելնէին զինավարժ ու հմուտ ռազմիկների դէմ: Եւ ոչ էլ իրենց կեանքը կդնէին ու կնահատակուէին (ինչպէս գրեթէ բոլորը յետագայում) յանուն կեղծիքի: Պարզ իրողութիւնն այն է, որ Յիսուսի յարութիւնը հերքող գէթ մէկ ապացոյց չկայ:

Կրկնենք. ով որ իշխանութիւն ունի մահուան վրայ, արժանի է, որ Նրա ձայնը լսուի: Յիսուս ապացուցել է Իր իշխանութիւնը մահուան վրայ, ուստի պէտք է լսենք, թէ ինչ է ասում Նա: Յիսուս պնդում է, որ Ինքն է փրկութեան միակ ճանապարհը (Յովհ. 14.6): Ոչ թէ ճանապարհներից մէկը, այլ հէնց Ինքն է ճանապարհը:

Նոյն այս Յիսուսն ասում է. «Ինձ մօ՛տ եկէք, բոլո՛ր յոգնածներ ու բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթ. 11.28): Դաժան աշխարհ է, դժուարին կեանք: Կեանքի ցաւագին հարուածները, խոցերն ու սպիները կրում ենք մեր վրայ, այնպէս չէ՞: Ուրեմն ի՞նչ ես ուզում՝ վերականգնո՞ւմ, թէ սոսկ կրօն: Կենդանի Փրկի՞չ, թէ ոմն մեռած «մարգարէ»: Իմաստալից փոխյարաբերութի՞ւն, թէ՞ սին ծէսեր: Յիսուս սոսկ ընտրութիւն չէ: Յիսուս միակ ընտրութիւնն է:

Յիսուս է ճշմարիտ «կրօնը», եթէ թողութիւն ես փնտրում (Գործք 10.43): Յիսուս է ճշմարիտ «կրօնը», եթէ Աստուծոյ հետ իմաստալից յարաբերութիւն ես փնտրում (Յովհ. 10.10): Յիսուս է ճշմարիտ «կրօնը», եթէ յաւիտենական տուն ես փափագում Երկնքում (Յովհ. 3.16): Ընդունի՛ր Յիսուս Քրիստոսին որպէս քո Փրկիչը եւ չես զղջայ: Վստահի՛ր Նրան քո մեղքերի թողութիւնը, բնաւ չես հիասթափուի:

Եթէ ուզում ես «ճիշտ յարաբերութիւն» ունենալ Աստուծոյ հետ, ահա մի պարզ աղօթք քեզ համար: Յիշի՛ր. այս կամ մէկ այլ աղօթք արտասանելը չէ, որ փրկելու է քեզ: Յիսուս Քրիստոսին եւ խաչի վրայ կատարած Նրա գործին հաւատալով միայն կարող ես փրկուել: Այս աղօթքը սոսկ միջոց է, որ արտայայտես Աստծուն քո հաւատքը Նրա հանդէպ եւ շնորհակալութիւն յայտնես քո փրկութիւնը հոգալու համար: «Աստուա՛ծ իմ, գիտեմ, որ մեղանչել եմ Քո դէմ եւ արժանի եմ պատժի: Բայց Յիսուս Քրիստոս առաւ այն պատիժը, որ ես պիտի կրէի, որպէսզի Նրա հանդէպ իմ հաւատքով ներում լինի ինձ: Հաւատում եմ Քեզ փրկութեանս համար: Գոհանում եմ Քո սքանչելի շնորհի, ներումի եւ յաւիտենական կեանքի պարգեւի համար: Ամէն»:

Քրիստոսին դառնալու վճիռդ այս էջը կարդալու պատճառո՞վ է: Եթէ այո՝ սեղմիր «Այսօր ընդունեցի Քրիստոսին» կոճակը ստորեւ:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ո՞րն է ճիշտ կրօնը ինձ համար: