Ի՞նչ է Յիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը:



Հարց. Ի՞նչ է Յիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը:

Պատասխան.
Յիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը հաւատացեալների յոյսն է առ այն, որ Աստուած հսկում է ամէն բան եւ հաւատարիմ է Իր Խօսքում տրուած խոստումներին եւ մարգարէութիւններին: Իր առաջին գալստին Յիսուս Քրիստոս աշխարհ եկաւ իբրեւ մանուկ՝ Բեթլէհէմի մի մսուրում, ինչպէս որ կանխասուած էր: Յիսուս իր ծննդով, կեանքով, գործունէութեամբ, մահով եւ յարութեամբ կատարեց Մեսիայի վերաբերեալ բազմաթիվ մարգարէութիւնները: Բայց Մեսիայի վերաբերեալ կան մի քանի մարգարէութիւններ, որոնք Յիսուս դեռ չի կատարել: Քրիստոսի երկրորդ գալուստը լինելու է Նրա վերադարձը մնացեալ մարգարէութիւնները կատարելու: Իր առաջին գալստին Յիսուս տառապեալ Ծառան էր: Իր երկրորդ գալստին Յիսուս լինելու է յաղթական Թագաւորը: Իր առաջին գալստին Յիսուս եկաւ ամենախոնարհ հանգամանքներում: Իր երկրորդ գալստին Յիսուս գալու է երկնային զօրութիւններով:

Հին Կտակարանի մարգարէները յստակ չէին տարբերում այս զոյգ գալուստը, ինչպէս տեսնում ենք Եսայիա 7.14; 9.6-7 եւ Զաքարիա 14.4 հատուածներում: Թուացեալ երկու անձի մասին այս մարգարէութիւնների արդիւնքում հրեայ շատ մատենագէտներ համոզուած են, որ լինելու է ե՛ւ տառապեալ Մեսիա, ե՛ւ յաղթական Մեսիա: Բայց նրանք թերեւս չեն հասկանում, որ միայն մէկ Մեսիա կայ, եւ Նա կատարելու է այդ զոյգ դերը: Յիսուս տառապեալ ծառայի դերը կատարեց իր առաջին գալստին (Եսայիա 53): Յիսուս Իսրայէլի ազատարարի եւ Թագաւորի դերը կատարելու է իր երկրորդ գալստին: Զաքարիա 12.10 եւ Յայտնութիւն 1.7 հատուածները, որ նկարագրում են Նրա երկրորդ գալուստը, յետադարձ հայեացքով պատկերում են խոցուող Յիսուսին: Իսրայէլը եւ բովանդակ աշխարհը պիտի ողբան Մեսիային իր առաջին գալստին չընդունելու համար:

Յիսուսի՝ երկինք համբարձուելուց յետոյ հրեշտակներն ասացին առաքեալներին. «Ո՛վ գալիլեացի մարդիկ, ի՞նչ էք կանգնել ու երկինք էք նայում. այս Յիսուսը, որ ձեր միջից երկինք համբարձուեց, նոյն ձեւով կգայ, ինչպէս որ Նրան տեսաք երկինք գնալիս» (Գործք 1.11): Զաքարիա 14.4-ը երկրորդ գալստի վայրը համարում է Ձիթենեաց լեռը: Մատթէոս 24.30-ում կարդում ենք. «Այն ժամանակ երկնքում կերեւայ Մարդու Որդու նշանը, եւ այն ժամանակ կոծ կանեն երկրի բոլոր ազգերը եւ Մարդու Որդուն կտեսնեն երկնքի ամպերի վրայ, զօրութեամբ ու մեծ փառքով գալիս»: Տիտոս 2.13-ը երկրորդ գալուստը պատկերում է որպէս «փառքի յայտնութիւն»:

Երկրորդ գալստի վերաբերեալ մանրամասն խօսւում է Յայտնութիւն 19.11-16-ում. «Եւ երկինքը բացուած տեսայ, եւ ահա մի սպիտակ ձի, եւ Նա, որ վրան նստած էր, կոչւում էր «Հաւատարիմ» ու «Ճշմարիտ» եւ արդարութեամբ է դատաստան անում ու պատերազմում: Նրա աչքերը՝ կրակի բոցի պէս, ու Նրա գլխի վրայ՝ շատ պսակներ, եւ անուն ունէր գրուած, որ ոչ ոք չգիտէր, բացի Իրենից: Եւ Իր վրայ արիւնով ներկուած հանդերձ էր հագել. Նրա անունն էր «Բանն Աստուծոյ»: Եւ երկնքի զօրքերը, ճերմակ եւ մաքուր բեհեզ հագած, սպիտակ ձիերի վրայ գնում էին Նրա յետեւից: Նրա բերանից սրած սուր էր ելնում, որպէսզի նրանով ազգերին զարկի. եւ Ինքը նրանց հովւում է երկաթէ գաւազանով. եւ Ինքը տրորում է Ամենակալ Աստուծոյ ահեղ բարկութեան գինու հնձանը: Նրա հանդերձի վրայ եւ Նրա ազդրի վրայ անունն էր գրուած՝ ԹԱԳԱՒՈՐՆԵՐԻ ԹԱԳԱՒՈՐ ԵՒ ՏԷՐԵՐԻ ՏԷՐ»:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է Յիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը: