settings icon
share icon
Հարց

Որո՞նք են վերջին օրերի նշանները:

Պատասխան


Մատթեոս 24․5-8 հատվածը որոշ կարևոր տեղեկություններ է մեզ փոխանցում, որոնց շնորհիվ կարող ենք պատկերացում կազմել վերջին օրերի մասին․ «որովհետև շատերն իմ անունով կգան ու կասեն. «Ես եմ Քրիստոսը», և շատերին կմոլորեցնեն։ Լսելու եք պատերազմների ձայներ ու պատերազմների լուրեր։ Տեսե՛ք, որ չսարսափեք, որովհետև այդ ամենը պետք է լինի, սակայն դա դեռ վերջը չէ։ Ազգն ազգի դեմ վեր կկենա, և թագավորությունը՝ թագավորության դեմ. լինելու են սով և տեղ առ տեղ երկրաշարժեր»: Սուտ քրստոսների թվի աճը, պատերազմների ու սովի, համաճարակների ու բնական աղետների շատանալը վերջին ժամանակների նշաններից են։ Թեև այս հատվածում մեզ զգուշացում է տրվում, որպեսզի չխաբվենք, քանի որ այդ ամենը երկունքի սկիզբն է միայն, այնուամենայնիվ, վերջը մի օր պիտի գա։

Որոշ աստվածաբաններ նշում են, որ յուրաքանչյուր երկրաշարժ, քաղաքական յուրաքանչյուր հեղաշրջում և Իսրայելի վրա յուրաքանչյուր գրոհ վերջին օրերի արագ մոտենալու նշաններ են։ Թեև իրադարձությունները կարող են խոսել վերջին օրերի մոտենալու մասին, դրանք պարտադիր չէ, որ նշանակեն, թե վերջին օրերն արդեն իսկ վրա են հասել։ Պողոս առաքյալը զգուշացնում էր, որ վերջին օրերի նշաններից մեկը մոլորեցնող ուսմունքների թվի աճն է լինելու։ «Հոգին հայտնապես ասում է, որ վերջին ժամանակներում ոմանք հավատից կհեռանան և ուշադրություն կդարձնեն մոլորեցուցիչ ոգիների ու դևերի վարդապետություններին» (Ա Տիմոթեոս 4․1)։ Վերջին օրերը նկարագրվում են որպես «չար ժամանակներ», քանի որ չար բնավորությամբ մարդկանց թվի աճ կգրանցվի, որոնք «ընդդիմանալու են ճշմարտությանը» (Բ Տիմոթեոս 3․1-9, տե՛ս նաև Բ Թեսաղոնիկեցիս 2․3)։

Մյուս հնարավոր նշաններից են հրեական Տաճարի վերականգնումը Երուսաղեմում, Իսրայելի հանդեպ թշնամանքի աճը և համաշխարհային կառավարության ձևավորումը։ Սակայն վերջին ժամանակների ամենաակնառու նշանը Իսրայելին է վերաբերում։ Ք․հ․ 70 թվականից հետո առաջին անգամ 1948 թվականին Իսրայելը ճանաչվեց որպես ինքնիշխան պետություն։ Աստված Աբրահամին Քանանի երկիրը խոստացել էր որպես «հավիտենական ժառանգություն (Ծննդոց 17․8), իսկ Եզեկիելը մարգարեանում էր Իսրայելի հոգևոր ու ֆիզիկական վերակենդանացման մասին (Եզեկիել 37-րդ գլուխ)։ Իսրայելի պետականության վերականգնումը իր հողերի վրա կարևոր է վերջին օրերի մասին մարգարեությունների լույսի ներքո վախճանաբանության հարցում Իսրայելի կարևոր դերակատարման պատճառով (Դանիել 10․14, 11․41, Հայտնություն 11․8)։

Այս նշանները մտապահելով՝ կարող ենք իմաստություն ու զանազանություն ստանալ վերջին օրերի ակնկալիքների առումով։ Սակայն մենք որոշակի առանձին իրադարձություններ չպետք է մեկնաբանենք որպես վերջին օրերի արդեն իսկ սկսած լինելու հստակ նշան։ Աստված մեզ տվել է անհրաժեշտ տեղեկատվություն, որը մեզ կօգնի նախապատրաստվել և լինել հենց այնպիսին, ինչպիսին Նա է մեզնից ակնկալում։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Որո՞նք են վերջին օրերի նշանները:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries