Ո՞րն է մեղքի սահմանումը:



Հարց. Ո՞րն է մեղքի սահմանումը:

Պատասխան.
Աստուածաշունչը մեղքը բնորոշում է որպէս անօրէնութիւն՝ Աստուծոյ օրէնքի խախտում (Ա Յովհաննէս 3.4) եւ ապստամբութիւն Աստուծոյ դէմ (Բ Օրինաց 9.7, Յեսու 1.18): Մեղքը սկիզբ է առել Արուսեակից՝ հրեշտակների մէջ թերեւս ամենագեղեցիկ եւ զօրաւոր հրեշտակից: Չբաւարարուելով իր դիրքով՝ նա ցանկաց Աստծուց վեր լինել, եւ դա հէնց իր անկումն էր՝ մեղքի ծագումը (Եսայիա 14.12-15): «Սատանա» վերանուանեալ՝ նա մեղքը բերեց մարդկային ցեղի մէջ Եդէմի պարտեզում, որտեղ նոյն խայծով գայթակղեց Ադամին ու Եւային՝ «Աստուծոյ պէս կլինէք»: Ծննդոց 3 գլխում պատմւում է Ադամի ու Եւայի անհնազանդութիւնն Աստծուն եւ Նրա պատուիրանին: Այդ ժամանակից ի վեր մեղքը փոխանցւում է մարդկութեան մէջ սերնդէսերունդ, եւ մենք՝ Ադամի յետնորդներս, ժառանգել ենք մեղքը նրանից: Հռոմայեցիս 5.12-ն ասում է, որ մեղքը Ադամով մտաւ աշխարհ, եւ այդպիսով մահը փոխանցուեց բոլոր մարդկանց, որովհետեւ «մեղքի վարձքը մահ է» (Հռոմ. 6.23):

Մեղանչելու ներյատուկ հակումը Ադամի միջոցով մուտք գործեց մարդկային ցեղի մէջ, եւ մարդ էակները դարձան ի բնէ մեղաուր: Երբ Ադամը մեղանչեց, նրա ներքին բնութիւնը կերպափոխուեց անհնազանդութեան իր մեղքով՝ հոգեւոր մահ եւ ապականութիւն բերելով նրան, որն այնուհետեւ փոխանցուելու էր իր բոլոր ժառանգներին: Մենք մեղաւոր ենք ոչ այն պատճառով, որ մեղանչում ենք, այլ մեղանչում ենք, որովհետեւ մեղաւոր ենք: Սերնդէսերունդ փոխանցուող այս ապականութիւնն անուանում են ժառանգական մեղք: Ինչպէս որ ֆիզիկական յատկանիշներն ենք ժառանգում մեր ծնողներից, այնպէս էլ մեր մեղաւոր բնութիւնը ժառանգում ենք Ադամից: Դաւիթ թագաւորն այսպէս էր ողբում անկեալ մարդկային բնութեան այս վիճակը Սաղմոս 51.5-ում. «Ես անօրէնութիւնով ծնուեցի, եւ մայրս մեղքով յղացաւ ինձ»:

Մեղքի մէկ այլ տեսակ յայտնի է իբրեւ վերագրեալ մեղք: Յունարեն այս բառը, որ գործածւում է դրամական եւ իրաւական շրջարկում, նշանակում է «մէկին պատկանող մի բան առնել եւ յատկացնել միւսին»: Նախքան մովսիսական օրէնքը մեղքը չէր վերագրւում մարդուն, թէպէտ մարդը տակաւին մեղսաւոր էր ժառանգական մեղքի պատճառով: Օրէնքը տրուելուց յետոյ օրինազանցութեան մեղքերը վերագրուեցին մարդկանց (Հռոմայեցիս 5.13): Նոյնիսկ մինչեւ մարդկանց օրինազանցութիւն մեղսագրելը մեղքի պատիժը՝ մահը, թագաւորում էր աշխարհում (Հռոմայեցիս 5.14): Բոլոր մարդիկ՝ Ադամից մինչեւ Մովսէս, ենթակայ էին մահուան ոչ թէ մովսիսական օրէնքի դէմ մեղանչելու համար (նրանք դեռ օրէնքը չունէին), այլ իրենց սեփական, ժառանգական մեղսալի բնութեան պատճառով: Մովսէսից յետոյ մարդիկ ենթակայ էին մահուան թէ՛ Ադամից ժառանգած մեղքի, թէ՛ Աստուծոյ օրէնքների խախտումից բխող վերագրեալ մեղքի պատճառով:

Աստուած մեղսագրման սկզբունքն օգտագործեց յօգուտ մարդկութեան, երբ հաւատացեալների մեղքը «գրեց» Յիսուս Քրիստոսի «հաշուին», ով հատուցեց այդ մեղքի պատիժը՝ մահը խաչի վրայ: Մեր մեղքը Յիսուսին վերագրելով՝ Աստուած Նրան համարեց իբրեւ մեղաւոր, թէեւ մեղաւոր չէր բնաւ, եւ մահու մատնեց Նրան ողջ աշխարհի մեղքերի ի գին (Ա Յովհաննէս 2.2): Կարեւոր է ճիշտ հասկանալ այս պահը. մեղքը վերագրուեց Նրան, բայց Նա այն չէր ժառանգել Ադամից: Նա կրեց մեղքի պատիժը, բայց երբեք չդարձաւ մեղաւոր: Նրա սուրբ ու կատարեալ բնութիւնը զերծ էր մեղքի հպումից իսկ: Նա պատժուեց այնպէս, կարծես ինքն էր յանցաւոր մարդկային ցեղի երբեւէ գործած մեղքերի համար, թէեւ ինքը ոչ մի մեղք չէր գործել: Փոխարէնը Աստուած Քրիստոսի արդարութիւնը վերագրեց հաւատացեալներիս եւ մեր «հաշուին գրեց» Նրա արդարութիւնը, ինչպէս որ մեր մեղքերը «գրել» էր Քրիստոսի «հաշուին» (Բ Կորնթացիս 5.21):

Մեղքի երրորդ տեսակը անձնական մեղքն է, որ իւրաքանչիւր մարդ էակ գործում է ամէն օր: Քանի որ մեղսալի բնութիւն ենք ժառանգել Ադամից, ապա գործում ենք անհատական, անձնական մեղքեր՝ ամէն տեսակ բան, սկսած թուացեալ անմեղ անճշտութիւնից մինչեւ մարդասպանութիւն: Նրանք, ովքեր չեն հաւատացել Յիսուս Քրիստոսին, պէտք է հատուցեն այս անձնական մեղքերի, ինչպէս նաեւ ժառանգական եւ վերագրեալ մեղքերի պատիժը: Մինչդեռ հաւատացեալները ազատուած են մեղքի յաւիտենական պատժից՝ դժոխքից եւ հոգեւոր մահից, բայց հիմա մենք նաեւ իշխանութիւն ունենք մեղսագործութեանը դիմադրելու: Մենք այժմ կարող ենք ընտրել՝ գործել անձնական մեղքեր, թէ ոչ, որովհետեւ Սուրբ Հոգով զօրութիւն ունենք մեղքին դիմադրելու, այն Սուրբ Հոգով, որ այլեւս բնակւում է մեր մէջ՝ սրբացնելով եւ յանդիմանելով մեզ, երբ մեղանչում ենք (Հռոմայեցիս 8.9-11): Երբ որ խոստովանում ենք Աստծուն մեր անձնական մեղքերը եւ թողութիւն ենք խնդրում դրանց համար, ապա վերականգնւում ենք Նրա հետ կատարեալ ընկերակցութեան եւ հաղորդակցութեան մէջ: «Եթէ խոստովանենք մեր մեղքերը, հաւատարիմ եւ արդար է Նա, որ մեր մեղքերը ների մեզ եւ մաքրի մեզ ամէն անիրաւութիւնից» (Ա Յովհ. 1.9):

Մենք ամենքս երիցս դատապարտուած ենք ժառանգական մեղքի, վերագրեալ մեղքի եւ անձնական մեղքի պատճառով: Այս մեղքի համար միակն արդար պատիժը մահն է (Հռոմայեցիս 6.23), ոչ սոսկ ֆիզիկական, հապա յաւիտենական մահը (Յայտնութիւն 20.11-15): Գոհութի՜ւն Աստուծոյ՝ ժառանգական մեղքը, վերագրեալ մեղքը եւ անձնական մեղքը՝ բոլորն էլ գամուել են Յիսուսի խաչին, եւ այժմ հաւատքով առ Փրկիչն Քրիստոս «փրկութիւն ունենք Նրա արիւնով՝ մեղքերի թողութիւնն իր շնորհի մեծութեան չափով» (Եփես. 1.7):



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ո՞րն է մեղքի սահմանումը: