settings icon
share icon
Հարց

Ինչպիսի՞ն է ծխելու հանդեպ քրիստոնեական տեսակետը:

Պատասխան


Աստվածաշունչը ուղղակի կերպով չի անդրադառնում ծխելու թեմային։ Սակայն գոյություն ունեն սկզբունքներ, որոնք հստակ կիրառելի են նաև ծխելու խնդրի պարագայում։ Նախ, Աստվածաշունչը մեզ պատվիրում է, որպեսզի մեր մարմինները «ոչ մի բանի իշխանության տակ չլինեն»։ «Ինձ համար ամեն բան թույլատրելի է, բայց ամեն բան օգտակար չէ. ինձ համար ամեն բան թույլատրելի է, սակայն ես չպետք է որևէ բանի իշխանության տակ լինեմ» (Ա Կորնթացիս 6․12)։ Ծխելն, անկասկած, խիստ կախվածություն առաջ բերող երևույթ է։ Այդ նույն հատվածից մի քանի խոսք անց կարդում ենք․ «Կամ չգիտե՞ք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն Աստծուց ունեք, և դուք ձերը չեք։ Քանզի մեծ գնով եք գնվել, ուստի փառավորե՛ք Աստծուն ձեր մարմնի մեջ» (Ա Կորնթացիս 6․19-20)։ Ծխելը անհերքելիորեն վնասում է մարդու առողջությանը։ Ապացուցված փաստ է, որ ծխելը վնասում է թոքերն ու սիրտը։

Արդյոք ծխելը կարո՞ղ է որակվել որպես «օգտակար» (Ա Կորնթացիս 6․12)։ Կարո՞ղ ենք ասել, թե ծխելն իրապես փառավորում է Աստծուն մեր մարմիններում (Ա Կորնթացիս 6․20)։ Կարո՞ղ է մարդը ծխել «հանուն Աստծո փառքի» (Ա Կորնթացիս 10․31)։ Մենք հավատում ենք, որ այս երեք հարցի պատասխանն էլ բավականին հնչեղ ո՛չ է։ Արդյունքում, մենք հավատում ենք, որ ծխելը մեղք է և, հետևաբար, չպետք է տեղ ունենա Հիսուս Քրիստոսի հետևորդների կյանքում։

Ոմանք դեմ են այս մոտեցմանը՝ որպես փաստարկ ներկայացնելով այն, որ շատերը անառողջ սնունդ են ընդունում, ինչը նույնքան մեծ հակում կարող է առաջացնել դեպի կախվածությունը և նաև նույնքան վնասակար է մերմնի համար։ Որպես օրինակ շատերը բերում են կոֆեինի կախվածություն ունեցող մարդկանց, որոնք չեն կարող օրը նորմալ սկսել առանց իրենց առաջին գավաթ սուրճի։ Թեև ասվածը ճշմարտություն է, սակայն այն ոչ մի կերպ չի կարող արդարացում համարվել ծխելու համար։ Մենք համամիտ ենք, որ քրիստոնյաները պետք է ազատ լինեն որկրամոլությունից և անառողջ սնունդ ընդունելուց։ Այո՛, քրիստոնյաները հաճախ կեղծավոր են, երբ հանդիմանում են մի տեսակի մեղքը և արդարացնելով՝ մեկ ուրիշը։ Սակայն այս ամենը չի կարող ծխելը դարձնել Աստծուն փառք բերող երևույթ։

Եվս մեկ փաստարկ, որն ուղղված է ընդդեմ մեր ներկայացրած տեսակետի,կենտրոնանում է այն աստվածավախ մարդկանց վրա, որոնք ծխողներ են եղել, որոնցից է հայտնի բրիտանացի քարոզիչ Սպերջենը։ Նա սիգարներ էր ծխում։ Այստեղ ևս չենք հավատում, թե նման փաստարկը որևէ ծանրակշիռ բան ունի իր մեջ։ Մենք կարծում ենք, որ Սպերջենը սխալ էր անում, երբ ծխում էր։ Արդյոք նա աստվածապաշտ մարդ էր և Աստծո Խոսքի հրաշալի ուսուցի՞չ։ Միանշանա՛կ։ Արդյոք այդ փաստը նրան վարքագիծն ու սովորությունները դարձնո՞ւմ է Աստծուն ընդունելի։ Ո՛չ։

Հայտարարելով, որ ծխելը մեղք է, մենք չենք պնդում, թե բոլոր ծխողները չեն կարող փրկվել։ Կարող են լինել Հիսուսի Քրիստոսին իրապես հավատացող մարդիկ, որոնք դեռ ծխելու կապանքի մեջ են։ Ծխելը չի կարող մարդու համար փրկության խոչընդոտ լինել և ոչ էլ կարող է փրկությունը կորցնելու պատճառ դառնալ։ Ծխելը ավելի աններելի մեղք չէ, քան մյուս մեղքերը՝ լինի դա քրիստոնյա հավատացյալ դարձող մարդու պարագայում կամ երբ հավատացյալն է իր մեղքը խոստովանում Աստծուն (Ա Հովհաննես 1․9)։ Միևնույն ժամանակ, մենք խորապես հավատում ենք, որ ծխելը մեղք է, որից հավատացյալը պետք է ազատվի և որին Աստծո օգնությամբ պիտի հաղթի։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ինչպիսի՞ն է ծխելու հանդեպ քրիստոնեական տեսակետը:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries