Ի՞նչ է հոգեւոր աճը:



Հարց. Ի՞նչ է հոգեւոր աճը:

Պատասխան.
Հոգեւոր աճը Յիսուս Քրիստոսին աւելի ու աւելի նմանուելու ընթացքն է: Երբ հաւատում ենք Յիսուսին, Սուրբ Հոգին սկսում է մեզ Յիսուսին նմանեցնելու գործընթացը՝ մեզ կերպարանակից անելով Նրան: Հոգեւոր աճի թերեւս լաւագոյն նկարագրութիւնը Բ Պետրոս 1:3-8-ն է, որտեղ ասւում է, որ աստուածային զօրութեամբ մեզ շնորհուած է այն ամենը, ինչի կարիքն ունենք աստուածապաշտ կեանք ապրելու համար, որը եւ հոգեւոր աճի նպատակն է: Նկատենք, որ մեզ անհրաժեշտ ամէն բան գալիս է Նրան ճանաչելուց, որը մեր ամէն կարիքը հոգալու բանալին է: Մեր աստուածճանաչողութիւնը բխում է Խօսքից, որ տրուած է մեզ մեր շինութեան եւ աճի համար:

Երկու ցանկ բաներ ենք տեսնում Գաղատացիս 5.19-23-ում: 19-21 հատուածում «մարմնի գործերն» են: Սրանք այն բաներն են, որոնք բնորոշ էին մեր կեանքին նախքան Քրիստոսին մեր գալն ի փրկութիւն: Մարմնի գործերը այն ամենն է, որ պիտի խոստովանենք, ապաշխարենք եւ Աստուծոյ օգնութեամբ յաղթահարենք: Որքան աւելի ենք աճում հոգեւորապէս, այնքան աւելի ու աւելի նուազ են արտայայտւում «մարմնի գործերը» մեր կեանքում: Երկրորդ ցանկը «Հոգու պտուղն» (5.22-23) է: Սա այն է, ինչը պէտք է բնորոշի մեր կեանքն այժմ, երբ Յիսուս Քրիստոսով փրկութիւն ունենք: Հոգեւոր աճը երեւում է հաւատացեալի կեանքում Հոգու պտղի յարաճունօրէն ակնյայտ դառնալով:

Հոգեւոր աճն սկսւում է փրկութեան բերած փոխակերպութեամբ: Սուրբ Հոգին բնակւում է մեր մէջ (Յովհաննէս 14.16-17): Մենք նոր արարած ենք Քրիստոսում (Բ Կորնթացիս 5.17): Հին, մեղսալի բնութիւնը նահանջում է նոր՝ քրիստոսակերպ բնութեան առջեւ (Հռոմայեցիս 6-7): Հոգեւոր աճը կենսատեւ ընթացք է եւ կախուած է Աստուծոյ Խօսքի մեր իմացութիւնից, կիրառումից (Բ Տիմոթէոս 3.16-17) եւ Հոգու մէջ մեր ընթացքից (Գաղատացիս 5.16-26): Հոգեւոր աճի ձգտելիս պէտք է աղօթենք Աստծուն եւ իմաստութիւն խնդրենք այն բաների վերաբերեալ, որտեղ Նա ցանկանում է մեր աճը: Խնդրենք Աստծուն, որ աճեցնի մեր հաւատը, մեր աստուածճանաչողութիւնը: Աստուած կամենում է մեր հոգեւոր աճը եւ անհրաժեշտ ամէն բան տուել է դրա համար: Սուրբ Հոգու օգնութեամբ կարող ենք յաղթահարել մեղքը եւ հաստատապէս աւելի նմանուել մեր Փրկչին՝ Տէր Յիսուս Քրիստոսին:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է հոգեւոր աճը: