Ի՞նչ է ասում Աստուածաշունչը հոգեւոր պատերազմի մասին:



Հարց. Ի՞նչ է ասում Աստուածաշունչը հոգեւոր պատերազմի մասին:

Պատասխան.
Երկու հիմնական սխալ է նկատելի հոգեւոր պատերազմի վերաբերեալ՝ գերագնահատում եւ թերագնահատում: Ոմանք ամէն մեղք, ամէն ընդհարում ու խնդիր բարդում են դեւերի վրա, որոնց հարկ է դուրս հանել: Այլք բոլորովին անտեսում են հոգեւոր տիրոյթը եւ այն փաստը, որ Աստուածաշունչն ասում է՝ մեր կռիւը հոգեւոր ուժերի դէմ է: Հոգեւոր յաղթական պատերազմի գաղտնիքը աստուածաշնչային հաւասարակշռութիւնը գտնելն է: Յիսուս երբեմն դեւեր էր հանում մարդկանց միջից, երբեմն էլ բժշկում էր առանց դիւային ուժի որեւէ ակնարկի: Պօղոս առաքեալը քրիստոնեաներին սովորեցնում է պատերազմ մղել իրենց մէջ բոյն դրած մեղքի դէմ (Հռոմայեցիս 6) եւ պատերազմ մղել չարի դէմ (Եփեսացիս 6.10-18):

Եփեսացիս 6.10-12-ը ասում է. «Այսուհետեւ, եղբայրնե՛րս, զօրացէ՛ք Տիրոջով ու Նրա զօրութեան կարողութեամբ: Եւ Աստուծոյ սպառազինութի՛ւնը հագէք, որպէսզի կարողանաք սատանայի հնարներին դիմադրել: Որովհետեւ մեր պատերազմն արեան եւ մարմնի դէմ չէ, այլ իշխանութիւնների եւ պետութիւնների դէմ, այս աշխարհի խաւարի աշխարհակալների դէմ, այն չար հոգիների դէմ, որ երկնաւորների մէջ են»: Այս հատուածը բախտորոշ ճշմարտութիւններ է սովորեցնում. մենք ուժեղ ենք միայն Տիրոջ զօրութեամբ, մեզ պաշտպանում է Աստուծոյ ապառազինութիւնը, եւ մեր կռիւը աշխարհում չարի հոգեւոր ուժերի դէմ է:

Տիրոջ զօրութեամբ ուժեղի հրաշալի օրինակ է Միքայէլը Յուդա 9-ում: Միքայէլը, հաւանաբար ամենազօրեղը Աստուծոյ բոլոր հրեշտակներից, իր սեփական իշխանութեամբ չյանդիմանեց Սատանային, այլ ասաց՝ «Տէրը քեզ յանդիմանի»: Յայտնութիւն 12.7-8-ն ասում է, որ վերջին օրերում Միքայէլը յաղթելու է Սատանային: Այդուհանդերձ, Սատանայի հետ իր կռւում Միքայէլը Սատանային յանդիմանեց Աստուծոյ անունով եւ իշխանութեամբ, այլ ոչ իր: Միայն Յիսուս Քրիստոսի հետ մեր յարաբերութեամբ է, որ քրիստոնեաներս որեւէ իշխանութիւն ունենք Սատանայի ու իր դեւերի վրայ: Միայն Նրա անունով է, որ մեր յանդիմանութիւնը որեւիցէ ուժ ունի:

Եփեսացիս 6.13-18 հատուածը նկարագրում է Աստուծոյ տուած մեր հոգեւոր սպառազինութիւնը: Մենք պէտք է հաստատ կանգնենք՝ ճշմարտութեամբ գոտեւորուած ու արդարութեան զրահը, խաղաղութեան աւետարանը հագած, հաւատի վահանն առած, փրկութեան սաղաւարտը դրած, Հոգու սուրը մեր ձեռքին եւ Հոգով աղօթքը մեր շուրթերին: Ի՞նչ է նշանակում հոգեւոր այս սպառազինութիւնը հոգեւոր պատերազմում: Մենք կոչուած ենք ճշմարտութիւնը խօսելու Սատանայի ստերի դէմ: Մենք պէտք է վստահ լինենք այն իրողութեան մէջ, որ արդար ենք հռչակուած մեզ համար արուած Քրիստոսի զոհով: Պէտք է աւետարանը հռչակենք ի հեճուկս ամէն դիմադրութեան եւ հակառակութեան: Չպէտք է երերանք մեր հաւատքում, որքան էլ դաժան յարձակման ենթարկուենք: Մեր գերագոյն պաշտպանութիւնը փրկութեան մեր վստահութիւնն է, հաւատիքը, որ հոգեւոր ոչ մի ուժ չի կարող առնել մեզնից: Մեր յարձակողական զէնքը Աստուծոյ Խօսքն է, ոչ մեր սեփական կարծիքներն ու զգացումները: Մենք պէտք է հետեւենք Յիսուսի օրինակին՝ գիտակցելով, որ հոգեւոր որոշ յաղթանակներ հնարաւոր են միայն աղօթքով:

Յիսուս հոգեւոր պատերազմի մեր լաւագոյն օրինակն է: Տեսէ՛ք, թէ ինչպէս է Նա դիմագրաւում Սատանայի ուղղակի յարձակումներին, երբ փորձւում էր անապատում (Մատթէոս 4.1-11): Իւրաքանչիւր փորձութեան պատասխանում է նոյն կերպ՝ «Գրուած է...»: Յիսուս գիտէր, որ կենդանի Աստուծոյ Խօսքը ամենազօրեղ զէնքն է սատանայի փորձութիւնների դէմ: Եթէ Յիսուս ինքը Խօսքը գործադրեց չարի դէմ պայքարելու, մի՞թէ մենք կարող ենք աւելի նուազ բան գործածել:

Իսկ լաւագոյն օրինակը, թէ ինչպէս չպէտք է հոգեւոր պատերազմի մէջ մտնել, Սկեւայի եօթ որդիներն են: «Թափառական հրեաներից ոմանք, որ երդմնեցուցիչ էին, համարձակուեցին Տէր Յիսուսի անունը կանչել չար ոգիներ ունեցողների վրայ՝ ասելով. “Ձեզ երդումով հրամայում ենք այն Յիսուսով, որին Պօղոսն է քարոզում”: Այս անում էին հրեայ քահանայապետ Սկեւայի եօթ որդիները: Բայց չար ոգին պատասխանեց ու ասաց. “Յիսուսին գիտեմ, Պօղոսին էլ ճանաչում եմ, բայց դո՞ւք ով էք”: Եւ այն մարդը, ում մէջ չար ոգի կար, նրանց վրայ յարձակուելով բռնեց, յաղթեց նրանց, այնպէս որ փախան այն տնից մերկ ու վիրաւոր» (Գործք 19.13-16): Սկեւայի եօթ որդիներն օգտագործում էին Յիսուսի անունը: Բայց դա բաւարար չէ: Նրանք յարաբերութիւն չունէին Յիսուսի հետ, հետեւաբար նրանց բառերը զուրկ էին որեւէ իշխանութիւնից կամ հեղինակութիւնից: Սկեւայի եօթ որդիներն ապաւինում էին մեթոդաբանութեանը, ոչ թէ Յիսուսին՝ որպէս իրենց Տէր եւ Փրկիչ, եւ Աստուծոյ Խօսքը չէին գործադրում իրենց հոգեւոր պատերազմում: Եւ ահա արդիւնքը՝ ջախջախիչ եւ ստորացուցիչ պարտութիւն: Սովորե՛նք նրանց վատ օրինակից եւ հոգեւոր պատերազմը մղենք ինչպէս Աստուածաշունչն է սովորեցնում:

Ամփոփենք. ո՞րն է հոգեւոր պատերազմում յաջողութեան գաղտնիքը: Առաջին՝ ապաւինել Աստուծոյ իշխանութեանը, ոչ թէ մեր: Երկրորդ՝ յանդիմանել Յիսուսի անունով, ոչ թէ մեր: Երրորդ՝ պաշտպանուել Աստուծոյ լրիւ սպառազինութեամբ: Չորրորդ՝ պատերազմը մղել Հոգու սրով՝ Աստուծոյ Խօսքով: Վերջապէս՝ յիշել, որ Սատանայի ու իր դեւերի դէմ հոգեւոր պատերազմ մղելով հանդերձ ոչ ամէն մեղքի կամ խնդրի յետեւում են դիւային ուժեր, որոնց պէտք է յանդիմանել:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է ասում Աստուածաշունչը հոգեւոր պատերազմի մասին: