Ինչո՞ւ է կուսական ծնունդը կարեւոր:



Հարց. Ինչո՞ւ է կուսական ծնունդը կարեւոր:

Պատասխան.
Կուսական ծննդի վարդապետութիւնը խիստ կարեւոր է (Եսայիա 7.14, Մատթէոս 1.23, Ղուկաս 1.27, 34): Նախ տեսնենք, թէ Սուրբ Գիրքն ինչպէս է նկարագրում այս պարագան: Ի պատասխան Մարիամի հարցին՝ «Այդ ինչպէ՞ս կլինի» (Ղուկ. 1.34), Գաբրիէլն ասաց. «Սուրբ Հոգին կգայ քեզ վրայ, եւ Բարձրեալի զօրութիւնը քեզ հովանի կլինի» (Ղուկ. 1.35): Հրեշտակը յորդորում է Յովսէփին չվախենալ իր մօտ առնելու Մարիամին. «Նրա մէջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է» (Մատթ. 1.20): Մատթէոսն ասում է, որ կոյսը «դեռ մինչեւ նրանց իրար մօտ գալը Սուրբ Հոգուց յղիացած գտնուեց» (Մատթ. 1.18): Գաղատացիս 4.4-ը նոյնպէս վարդապետում է կուսական ծնունդը. «Աստուած Իր Որդուն ուղարկեց, որը կնոջից ծնուեց»:

Այս հատուածներից պարզ է, որ Յիսուսի ծնունդը Սուրբ Հոգու գործողութեան արդիւնքն էր Մարիամի մարմնում: Գործել է ե՛ւ աննիւթականը (Հոգին), ե՛ւ նիւթականը (Մարիամի արգանդը): Մարիամն իհարկէ ինքն իրեն յղիանալ չէր կարող, եւ այդ իմաստով նա սոսկ «անօթ» էր: Միայն Աստուած կարող էր իրագործել Մարմնացման հրաշքը:

Այդուհանդերձ, Մարիամի եւ Յիսուսի միջեւ մարմնական կապը ժխտելը կնշանակէր, որ Յիսուս կատարեալ մարդ չէր: Սուրբ Գիրքը վկայում է, որ Յիսուս լիարժէք մարդ էր, մեզ նման ֆիզիկական մարմնով: Այս մարմինը Նա առել էր Մարիամից: Յիսուս միեւնոյն ժամանակ լիարժէք Աստուած էր՝ յաւիտենական, մեղսազերծ բնութեամբ (Յովհաննէս 1.14, Ա Տիմոթէոս 3.16, Եբրայեցիս 2.14-17):

Յիսուս մեղքով եւ մեղքի մէջ չծնուեց: Նա զերծ էր մեղաւոր բնութիւնից (Եբրայեցիս 7.26): Մեղաւոր բնութիւնը, թւում է, սերնդէսերունդ փոխանցւում է հօրից որդի (Հռոմայեցիս 5.12, 17, 19): Կուսական ծնունդը շրջանցեց մեղսալի բնութեան փոխանցումը եւ յաւիտենական Աստծուն թոյլ տուեց կատարեալ մարդ դառնալու:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ինչո՞ւ է կուսական ծնունդը կարեւոր: