Ինչպէ՞ս ճանաչեմ Աստուծոյ ձայնը:



Հարց. Ինչպէ՞ս ճանաչեմ Աստուծոյ ձայնը:

Պատասխան.
Այս հարցը բազմիցս տրուել է անթիւ մարդկանց կողմից դարեր շարունակ: Սամուէլը լսեց Աստուծոյ ձայնը, բայց չճանաչեց, մինչեւ որ Հեղին չբացատրեց նրան (Ա Թագաւորաց 3.1–10): Գեդէօնը ֆիզիկապէս յայտնութիւն ունեցաւ Աստծուց, բայց տակաւին կասկածում էր այնքան, որ նշան խնդրեց Աստծուց, եւ այն էլ ոչ թէ մէկ, այլ երեք անգամ (Դատաւորաց 6.17–22, 36–40): Երբ փնտրում ենք Աստուծոյ ձայնը, ինչպէ՞ս իմանանք, որ խօսողը Նա է: Նախ եւ առաջ, մենք մի բան ունենք, որ Գեդէօնն ու Սամուէլը չունէին. մենք ունենք ամբողջ Աստուածաշունչ գիրքը՝ Աստուծոյ ներշնչեալ Խօսքը՝ կարդալու, սերտելու եւ խորհրդածելու համար: «Ամբողջ Գիրքն աստուածաշունչ է եւ օգտակար՝ սովորեցնելու եւ յանդիմանութեան, ուղղելու եւ արդարութեան մէջ խրատելու համար: Որպէսզի Աստուծոյ մարդը կատարեալ լինի, ամէն բարի գործի համար պատրաստուած» (Բ Տիմ. 3.16–17): Երբ հարց ունենք որեւէ խնդրով կամ վճիռ պիտի կայացնենք մեր կեանքում, պէտք է դիմենք Աստուածաշնչին, տեսնենք՝ Աստուծոյ Խօսքն ինչ է ասում: Աստուած երբեք հակառակ բան չի ասի մեզ, ինչ որ սովորեցնում է իր Խօսքում (Տիտոս 1.2):

Աստուծոյ ձայնը լսելու համար մենք պէտք է Աստծուն պատկանենք: «Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, ու ես նրանց ճանաչում եմ, եւ իմ յետեւից գալիս են» (Յովհ. 10.27): Ովքեր լսում են Աստուծոյ ձայնը, այդ նրանք են, որ պատկանում են Աստծուն, նրանք, որ փրկուել են Նրա շնորհով, Տէր Յիսուսի հաւատքով: Սրանք այն ոչխարներն են, որ լսում եւ ճանաչում են Նրա ձայնը, որովհետեւ ճանաչում են Նրան որպէս իրենց Հովիվը: Աստուծոյ ձայնը ճանաչելու համար Աստծուն պիտի պատկանենք:

Նրա ձայնը լսում ենք, երբ ժամանակ ենք տրամադրում Սուրբ Գիրքը սերտելու եւ Նրա Խօսքի շուրջ հանդարտ հորհրդածելու: Որքան շատ մտերմիկ ժամանակ անցկացնենք Աստուծոյ եւ իր Խօսքի հետ, այնքան դիւրաւ ճանաչելի կլինի Նրա ձայնը եւ Նրա առաջնորդումը մեր կեանքում: Բանկի աշխատակիցներին կեղծ դրամը ճանաչելու մէջ վարժում են իսկական դրամանիշներն այնքան սերտ զննելով, որ կեղծիքը յայտնաբերելը դառնում է դիւրին: Այնքան քաջածանօթ պիտի լինենք Աստուծոյ Խօսքին, որ եթէ կեղծիք լսենք, հասկանանք, որ դա Աստծուց չէ:

Աստուած այսօր էլ կարող էր լսելի ձայնով խօսել իր ժողովրդի հետ, բայց գլխաւորապէս խօսում է իր գրաւոր Խօսքով: Աստուծոյ առաջնորդումը երբեմն գալիս է Սուրբ Հոգուց, մեր խղճմտանքով, այլեւայլ հանգամանքերով եւ այլ մարդկանց յորդորներով: Համեմատելով մեր լսածը սուրբգրային ճշմարտութեանը՝ կարող ենք սովորել ճանաչել Աստուծոյ ձայնը:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ինչպէ՞ս ճանաչեմ Աստուծոյ ձայնը: