Ո՞վ է Սատանան:



Հարց. Ո՞վ է Սատանան:

Պատասխան.
Մարդկային հաւատալիքները Սատանայի վերաբերեալ տատանւում են անմտութիւնից մինչեւ վերացականը. փոքրակազմ, կոտոշաւոր, կարմրաւուն էակից, որ ուսիդ նստած դրդում է մեղսագործութեան, մինչեւ չարի անձնաւորում արտայայտող բառ: Մինչդեռ Աստուածաշունչը յստակ պատկերում է Սատանային եւ ասում, թէ ինչպէս է նա ներգործում մեր կեանքին: Պարզ ասած՝ Աստուածաշունչը Սատանային բնորոշում է իբրեւ հրեշտակային էակ, որ ընկել է իր երկնային դիրքից իր իսկ մեղքի պատճառով եւ այժմ բոլորովին հակառակ է Աստծուն՝ իւրովսանն ամէն ինչ անելով Աստուծոյ նպատակները խափանելու համար:

Սատանան ի սկզբանէ ստեղծուել էր որպէս սուրբ հրեշտակ: Եսայիա 14.12-ը տալիս է թերեւս նրա նախկին անունը՝ Արուսեակ: Ըստ Եզեկիէլ 28.12-14 հատուածի՝ Սատանան ստեղծուել է որպէս քերովբէ, ըստ էութեան բարձրագոյն արարեալ հրեշտակ: Նա հպարտացաւ իր գեղեցկութեամբ ու դիրքով եւ վճռեց, որ ուզում է բազմել Աստուծոյ գահից էլ բարձր (Եսայիա 14.13-14, Եզեկիէլ 28.15, Ա Տիմոթէոս 3.6): Սատանայի հպարտութիւնը յանգեցրեց նրա անկմանը: Ուշադրութիւն դարձնենք, թէ Եսայիա 14.12-15 հատուածում քանի անգամ է խօսում իր անձի մասին: Նրա այս մեղսագործութեան պատճառով Աստուած վայր գցեց նրան երկնքից:

Սատանան դարձաւ այս աշխարհի իշխանը, այս աշխարհի աստուածը, օդի իշխանութեան իշխանը (Յովհաննէս 12.31, Բ Կորնթացիս 4.4, Եփեսացիս 2.2): Նա չարախօս է (Յայտնութիւն 12.10), փորձիչ (Մատթէոս 4.3, Ա Թեսաղոնիկեցիս 3.5) եւ մոլորեցնող (Ծննդոց 3, Բ Կորնթացիս 4.4, Յայտնութիւն 20.3): Նրա «սատանա» անունն իսկ նշանակում է «հակառակորդ»: Իսկ յունարէնից ծագող նրա «դիաբոլոս» անունը նշանակում է «բանսարկու»:

Թէեւ ընկած է երկնքից, բայց Սատանան տակաւին ջանում է իր գահը բարձրացնել Աստծուց վեր: Նա կեղծում է այն ամենը, ինչ Աստուած անում է՝ յուսալով շահել աշխարհի երկրպագութիւնը, եւ խրախուսում է ամենայն հակառակութիւն Աստուծոյ թագաւորութեանը: Սատանան գլխաւոր աղբիւրն է ամէն կեղծ պաշտամունքի եւ համաշխարհային ամէն կրօնի: Նա իր զօրութեան ներքոյ ամէն բան կանի՝ հակառակուելու Աստծուն եւ Աստուծոյ հետեւորդներին: Այդուհանդերձ, նրա ճակատագիրը վճռուած է՝ յաւիտենութիւն կրակէ լճում (Յայտնութիւն 20.10):



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ո՞վ է Սատանան: