settings icon
share icon
Հարց

Ինչո՞ւ մենք պետք է ընթերցենք և ուսումնասիրենք Աստվածաշունչը:

Պատասխան


Մենք պետք է ընթերցենք և ուսումնասիրենք Աստվածաշունչը, քանի որ այն մեզ ուղղված Աստծո Խոսքն է։ Աստվածաշունչը բառացիորեն նշանակում է «Աստծուց ներշնչված» (Բ Տիմոթեոս 3․16)։ Այլ կերպ ասած, այն Աստծո Խոսքն է ուղղակիորեն ուղղված մեզ։ Այնքա՜ն շատ են փիլիսոփաների բարձրացրած հարցերը, որոնց պատասխանները կարելի է գտնել Աստվածաշնչում։ Ո՞րն է կյանքի իմաստը։ Ինչպե՞ս է մարդն առաջացել։ Կա՞ արդյոք կյանք մահից հետո։ Ինչո՞ւ է աշխարհը լի չարիքով։ Ինչո՞ւ է դժվար բարի լինելը։ Ի հավելումն այս «մեծ» հարցերի պատասխանների, Աստվածաշունչը բավականին գործնական խորհուրդներ է տալիս այնպիսի ոլորտների վերաբերյալ, ինչպիսիք են հետևյալ հարցերի ուղղվածությունները։ Ինչպե՞ս ընտրել կողակից։ Ինչպե՞ս կարող եմ հաջողված ամուսնություն ունենալ։ Ինչպե՞ս կարող եմ լավ ծնող լինել։ Ի՞նչ է հաջողությունը և ինչպես կարող եմ դրան հասնել։ Ինչպե՞ս կարող եմ ինքս ինձ փոխել։ Ինչպե՞ս ապրել, որ հետ նայելիս ափսոսանքի զգացում չունենամ։ Ինչպե՞ս կարող եմ հաղթական կերպով վերաբերվել կյանքի անարդար իրավիճակներին ու վատ իրադարձություններին։

Մենք պետք է ընթերցենք ու ուսումնասիրենք Աստվածաշունչը, քանի որ այն բացարձակապես վստահելի է ու անսխալական։ Աստվածաշունչը առանձնահատուկ է այսպես կոչված «սուրբ» գրքերի մեջ։ Այն ոչ միայն բարոյական ուսմունք է փոխանցում ու ասում․ «Պարզապես, վստահի՛ր ինձ», այլ մենք կարող ենք քննել այն՝ հարյուրավոր մարգարեությունների կատարված լինելը ստուգելով, դրանում նկարագրված պատմական իրադարձությունների հավաստության մեջ համոզվելով և դրանում տեղ գտած գիտական փաստերն ուսումնասիրելով։ Տեր Հիսուս մի առիթով հարցրեց․ «Ի՞նչն է ավելի հեշտ՝ ասել «քո մեղքերը ներված են քեզ», թե՞ «վե՛ր կաց և քայլի՛ր»։ Հետո Նա ապացուցեց, որ ունակ է մեղքեր ներելու (մի բան, որը չենք կարող տեսնել մեր աչքերով)՝ բժշկելով անդամալույծին (մի բան, որ ներկաները կարող էին համոզվել՝ տեսնելով կատարվածը)։ Նույն կերպ, մենք Աստծո Խոսքի հոգևոր ոլորտներում (որոնք չենք կարող տեսնել մեր աչքերով) ճշմարիտ լինելու վստահություն ենք ստանում, երբ այն սեփական ճշմարտացիությունն ապացուցում է այն ոլորտներում, որոնք կարող ենք քննության ենթարկել։ Դրանցից են պատմական, գիտական և մարգարեական ճշգրտությունները։

Մենք պետք է ընթերցենք և ուսումնասիրենք Աստվածաշունչը, քանի որ Աստված չի փոխվում և չի փոփոխվում նաև մարդու բնույթը։ Աստվածաշունչը նույնքան արդիական է այսօր, որքան արդիական էր այն ժամանակ, երբ գրի էր առնվում։ Տեխնոլոգիաները փոխվում են, սակայն մարդու բնույթն ու ցանկությունները մնում են անփոփոխ։ Աստվածաշնչյան պատմությունների էջերն ընթերցելիս մենք տեսնում ենք, որ թե՛ անհատների և թե հասարակությունների առումով «այս արեգակի տակ ոչ մի նոր բան չկա» (Ժողովող 1․9)։ Եվ թեև մարդկությունը շարունակում է սեր և բավարարվածություն որոնել բոլոր հնարավոր սխալ վայրերում, Աստված՝ մեր բարի և ողորմած Արարիչը, մեզ սովորեցնում է, թե ինչը կարող է հարատև ուրախություն բերել մեր կյանք։ Նրա հայտնության Խոսքը՝ Աստվածաշունչը, այնքա՜ն մեծ կարևորություն է ներկայացնում, որ Տեր Հիսուս ասաց․ «Գրված է. "Ոչ միայն հացով է մարդն ապրում, այլև այն ամեն խոսքով, որ Աստծու բերանից է ելնում» (Մատթեոս 4․4)։ Այլ կերպ ասած, եթե մարդն ուզում է ապրել լիառատ կյանքով, այնպես, ինչպես Աստված է որոշել նրա համար, ապա պետք է լսի և հնազանդվի Աստծո գրավոր Խոսքին։

Մենք պետք է կարդանք և ուսումնասիրենք Աստվածաշունչը, քանի որ բազմաթիվ կեղծ ուսմունքներ գոյություն ունեն։ Աստված մեզ չափորոշիչներ է փոխանցում, որոնց շնորհիվ կարող ենք զանազանել ճշմարտությունն ու կեղծիքը։ Աստվածաշունչը մեզ պատմում է, թե ինչպիսին է Աստված։ Աստծո վերաբերյալ սխալ պատկերացումը մարդուն կարող է տանել կռապաշտության կամ սխալ աստծո երկրպագության։ Այդ դեպքում մարդը պաշտում է ինչ-որ բան, որն իրական Աստված չէ։ Աստվածաշունչը մեզ ցույց է տալիս Երկինք հասնելու ճշմարիտ ուղին, և դա մկրտված լինելը, բարի մարդ լինելը և նման բաները չեն (Հովհաննես 14․6, Եփեսացիս 2․1-10, Եսայիա 53․6, Հռոմեացիս 3․10-18, 5․8, 6․23, 10․9-13)։ Այս ամենի հետ միասին Աստվածաշունչը մեզ սովորեցնում է նաև, թե որքա՜ն մեծ սիրով է Աստված սիրում մեզ (Հռոմեացիս 5․6-8, Հովհաննես 3․16)։ Եվ այս ամենին ծանոթանալու միջոցով է, որ մենք մղում ենք ունենում պատասխան սիրով սիրելու Նրան (Ա Հովհաննես 4․19)։

Աստվածաշունչը զինում է մեզ Աստծուն ծառայելու համար (Բ Տիմոթեոս 3․17, Եփեսացիս 6․17, Եբրայեցիս 4․12)։ Այն օգնում է ճանաչելու մեղքից և դրա հետևանքներից ազատվելու կերպը (Բ Տիմոթեոս 3․15)։ Աստծո Խոսքի շուրջ մտորելը և դրա ուսուցումներին հնազանդվելը կհանգեցի կյանքում հաջողվելուն (Հեսու 1․8, Հակոբոս 1․25)։ Աստծո Խոսքն օգնում է մեզ տեսնելու մեր կյանքում առկա մեղքը և օգնում է դրանից ազատվելու հարցում (Սաղմոս 119․9,11)։ Այն ուղղորդում է մեզ կյանքում և անգամ մեր ուսուցիչներից ավելի իմաստուն կարող է մեզ դարձնել (Սաղմոս 32․8, 119․99, Առակաց 1․6)։ Աստվածաշունչը մեզ զգուշացնում է, որպեսզի մեր կյանքի տարիները չվատնենք անիմաստ ու ոչ մնայուն բաների վրա (Մատթեոս 7․24-27)։

Աստվածաշունչը կարդալն ու ուսումնասիրելը օգնում են մեզ մեղքի գայթակղիչ «խայծի» և ցավոտ «կեռիկի» իրողություններից հեռուն տեսնելու հարցում, որպեսզի կարողանանք սովորել մյուսների սխալներից ու չանենք մեր սեփականները։ Փորձառությունը մեծ ուսուցիչ է, սակայն երբ հարցը վերաբերում է մեղքի փորձառությանը, ապա այն ամենավատ ու դաժան ուսուցիչն է։ Այս պարագայում շատ ավելի նախընտրելի է մյուսների սխալներից դասեր քաղելը։ Աստվածաշնչում բազմաթիվ կերպարներ կան, որոնցից կարող ենք դասեր քաղել։ Նրանցից որոշները թե՛ դրական և թե՛ բացասական դերակատարում են ունեցել իրենց կյանքի տարբեր ժամանակահատվածներում։ Օրինակ Դավիթը Գողիաթին հաղթելու իր պատմությամբ մեզ սովորեցնում է, որ Աստված ավելի զորեղ է, քան որևէ մեկը կամ ինչ-որ բան, որն Աստված թույլ է տալիս, որ գա մեր կյանք (Ա Թագավորաց 17)։ Իսկ նրա կողմից Բերսաբեի հետ շնության գայթակղությանը տրվելը, մեզ ուսուցանում է այն մասին, թե որքան երկարաժամկետ ու ցավալի կարող են լինել մեղավոր հաճույքին տրվելու դառը հետևանքները (Բ Թագավորաց 11)։

Աստվածաշունչը մի Գիրք է, որը նախատեսված չէ միայն ընթերցելու համար։ Այն նախատեսված է ուսումնասիրելու համար, որպեսզի մարդը կարողանա կիրառել իր ստացած գիտելիքը։ Հակառակ դեպքում, այդ ամենը կնմանվի սնունդ ընդունելուն, որը մարդը կուլ է տալիս առանց ծամելու, իսկ հետո փսխում այն՝ որևէ սնդարար օգուտ իր կերածից չստանալով։ Աստվածաշունչն Աստծո Խոսքն է։ Որպես այդպիսին այն նույնքան անհերքելի է, որքան բնության օրենքները։ Եթե մենք անտեսենք այն (իսկ դա անելը մեզ մեծապես կվնասի), մոտավորապես նույն արդյունքը կունենանք, երբ անտեսենք տիեզերական ձգողականության օրենը։ Աստվածաշնչի կարևորությունը այնքա՜ն մեծ է մարդկային կյանքի համար, որ դժվար է այն բառերով արտահայտելը։ Աստվածաշունչը ուսումնասիրեկը նման է ոսկու արդյունահանմանը։ Եթե ոսկու հանքում մենք միայն ինչ-որ ցանցով առվակի մեջ ոսկի ենք փնտրում, ապա քիչ ոսկի կգտնենք։ Իսկ եթե ավելի խորը փորենք ու մեր ունեցածը ճիշտ մշակման ենթարկենք, ապա մեր ջանքերը համապատասխան թանկարժեք արդյունքի կհանգեցնեն։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ինչո՞ւ մենք պետք է ընթերցենք և ուսումնասիրենք Աստվածաշունչը:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries