settings icon
share icon
Հարց

Արդյոք Աստվածաշունչն Աստծո ճշմարիտ Խո՞սքն է:

Պատասխան


Այս հարցին մեր պատասխանը ոչ միայն արտահայտում է Աստվածաշնչի հանդեպ մեր վերաբերմունքն ու մեր կյանքերում դրա կարևորությունը, այլև արտացոլում է դրա կարևորությունը մեր կյանքերի վրա հավիտենական ազդեցություն թողնելու առումով։ Եթե Աստվածաշունչն Աստծո ճշմարիտ Խոսքն է, ապա մենք այն պետք է գնահատենք, ուսումնասիրենք, հնազանդվենք և լիովին վստահենք այդ Խոսքին։ Եթե Աստվածաշունչն Աստծո Խոսքն է, այն անտեսելը նշանակում է անտեսել Աստծուն։

Այն փաստը, որ Աստված մեզ Աստվածաշունչն է տվել, խոսում է մեր հանդեպ Նրա սիրո դրսևորման և ապացույցի մասին։ «Հայտնություն» տերմինը նշանակում է Աստծո հաղորդակցությունը մարդկանց հետ, որի արդյունքում Նա բացահայտում է Իր ինչպիսին լինելն ու այն ուղին, որով մենք կարող ենք Նրա հետ ճիշտ հարաբերություն ունենալ։ Սրանք բաներ են, որոնք մենք չէինք կարող իմանալ, եթե Աստվածաշունչը մեզ աստվածային հայտնություններ չփոխանցեր։ Թեև Աստծո կողմից սեփական Անձի մաիսն հայտնությունն Աստվածաշնչում աստիճանաբար է տրվել՝ մոտ 1500 տարվա ընթացքում, սակայն այն մշտապես պարունակել է այն ամենն, ինչ մարդը պետք է իմանար Աստծո մասին և Նրա հետ ճիշտ հարաբերության մեջ մտնելու վերաբերյալ։ Եթե Աստվածաշունչը ճշմարտապես Աստծո Խոսքն է, ապա այն բաձարձակ հեղինակություն է հավատի, կրոնական գործունեության և բարոյականության բոլոր դրսևորումների առումով։

Հարցը, որն ինքներս մեզ պետք է տանք, հետևյալն է՝ ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ Աստվածաշունչն Աստծո Խոսքն է և ոչ թե պարզապես մի սովորական լավ գիրք։ Ի՞նչն է Աստվածաշնչի յուրահատկությունը, որը դրան առանձնացնում է երբևէ գրված բոլոր կրոնական գրքերից։ Կա՞ արդյոք որևէ ապացույց, որ Աստվածաշունչն, իրոք, Աստծո Խոսքն է։ Նման հարցերը մանրամասն քննության կարիք ունեն, եթե մենք ուզում ենք հաստատել Աստվածաշնչի ներշնչվածության և հավատի, ինչպես նաև գործնական կիրառության բոլոր ոլորտների համար բավարար պատասխաններ պարունակող Աստծո Խոսք լինելու պնդումը։ Կասկած չկա, որ Աստվածաշունչն իր մեջ պարունակում է Աստծո Խոսք լինելու պնդումը։ Այն հստակ արտահայտված է Տիմոթեոսին ուղղված Պողոս առաքյալի հրահանգների մեջ․ «․․․որովհետև մանկուց գիտես Սուրբ Գիրքը, որոնք կարող են քեզ իմաստուն դարձնել փրկության համար այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսով է։ Ամբողջ Գիրքն աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լինի կատարյալ, պատրաստ ամեն բարի գործի» (Բ Տիմոթեոս 3․15-17)։

Աստվածաշնչի Աստծո ճշմարիտ Խոսքը լինելու հարցում գոյություն ունեն թե՛ ներքին և թե՛ արտաքին ապացույցներ։ Ներքին ապացույցները նրանք են, որոնք տեղ են գտել Աստվածաշնչի մեջ և հաստատում են դրա աստվածային ծագումը։ Աստվածաշնչի Աստծո ճշմարիտ Խոսքը լինելու առաջին ներքին ապացույցներից մեկը դրա ամբողջականությունն է։ Թեև այն բաղկացած է վաթսունվեց առանձին գրքերից, որոնք գրվել են երեք աշխարհամասերում, երեք տարբեր լեզուներով, ավելի քան 1500 տարի կազմող ժամանակահատվածում և 40 տարբեր հեղինակների կողմից, որոնք կյանքի տարբեր բնագավառների ներկայացուցիչներ են եղել, սակայն Աստվածաշունչն, այնուամենայնիվ, սկզբից մինչև մնում է որպես ամբողջական մի գիրք, որի մեջ չեք գտնի հակասություններ։ Այս մեկությունը առանձնացնում է Աստվածաշնչին մյուս գրքերից և խոսում դրանում շարադրված մտքերի աստվածային ծագման մասին, որոնք Աստված փոխանցել է մեզ մարդկանց կողմից գրի առնելու միջոցով։

Աստվածաշնչի ճշմարիտ Աստծո Խոսք լինելու մեկ այլ ներքին ապացույց է դրանում տեղ գտած մարգարեությունների փաստը։ Աստվածաշնչում հանդիպում ենք հարյուրավոր մանրամասն նկարագրված մարգարեությունների, որոնք վերաբերել են ազգերի ապագային՝ ներառյալ Իսրայելին, որոշ քաղաքների և ողջ մարդկությանը վերաբերող մարգարեությունները։ Կան նաև մարգարեություններ, որոնք խոսում են այն Մեկի մասին, որը պետք է դառնար Մեսիան՝ բոլոր Իրեն հավատացողների Փրկիչը։ Ի հակադրություն մյուս կրոնական գրքերում տեղ գտած կամ Նոստրադամուսի ու նրա նման անհատների գրի առած մարգարեությունների, աստվածաշնչյան մարգարեությունները ներկայացվում են շատ հստակ ու մանրամասնորեն։ Հին Կտակարանում Հիսուս Քրիստոսի մասին ավելի քան երեք հարյուր մարգարեություն կա։ Ոչ միայն Նրա ծնունդն ու ազգաբանությունն էր կանխասվել, այլև մարգարեությունները մանրամասնորեն նկարագրել են Նրա մահն ու հարությունը։ Պարզապես գոյություն չունի ոչ մի տրամաբանական բացատրություն Աստվածաշնչում տեղ գտած մարգարեությունների ճշգրիտ իրականացմանը, եթե միայն չհանգենք դրանց աստվածային ծագման ճշմարտությանը։ Գոյություն չունի որևէ այլ կրոնական գիրք, որում մարգարեությունների իրագործման նման կերպի ու ճշգրտության հանդիպեք։

Աստվածաշնչի աստվածային ծագման երրորդ ներքին ապացույցը դրա յուրահատուկ հեղինակությունն ու զորությունն է։ Թեև այս ապացույցն ավելի սուբյեկտիվ է, ի տարբերություն նախորդ երկուսի, այն Աստվածաշնչի աստվածային ծագման պակաս զորավոր վկայություն չէ։ Աստվածաշնչի հեղինակությունը տարբերվում է երբևէ գրված ցանկացած գրքի հեղինակությունից։ Այս հեղինակությունն ու զորությունը լավագույնս արտահայտվում են այն անթիվ-անհամար փոխակերպված կյանքերի վկայությունների մեջ, որոնք նորոգվել են Աստծո Խոսքի գերբնական զորության ազդեցության շնորհիվ։ Թմրամոլները ազատվել են իրենց կապանքներից, համասեռամոլներն իրենց ազատագրությունն են գտել, մոլորյալներ ու անուղղելիներ են վերականգնվել, քրեական ամենախիստ կյանքով ապրողներ են փոխել իրենց մոտեցումը կյանքին, մեղավորներն իրենց հանդիմանությունն են գտել և խորը ատելությունները սիրո են փոխակերպվել։ Աստվածաշունչն Իր մեջ մի զարգացող ու փոխակերպող զորություն է պարունակում, ինչը մեծապես Խոսում է դրա Աստծո ճշմարիտ Խոսք լինելու մասին։

Գոյություն ունեն նաև Աստվածաշնչի Աստծո ճշմարիտ Խոսք լինելու արտաքին ապացույցներ։ Դրանցից մեկը պատմական ճշգրտությունն ու ճշմարիտ լինելու փաստն է։ Աստվածաշունչը ճշգրտորեն ներկայացնում է պատմական իրադարձությունները, և այդ ներկայացման վստահելիությունն ու ճշգրտությունը դժվար չէ ստուգել, ինչպես ցանկացած այլ պատմական փաստաթղթի պարագայում։ Թե՛ հնաբանական ապացույցները և թե՛ այլ աղբյուրների վկայությունները խոսում են Աստվածաշնչի ներկայացրած պատմական տեղեկությունների ճշգրտության մասին, որոնք տարբեր ժամանակներում հաջողությամբ անցել և անցնում են ճշգրտության ու ճշմարտացիության քննությունը։ Իրականում, Աստվածաշնչի ճշմարտացիության հնաբանական և հնագույն գրվածքների ներկայացրած ապացույցները խոսում են այն մասին, որ Աստվածաշունչը հին աշխարհի լավագույնս փաստագրված գիրքն է։ Այն փաստը, որ Աստվածաշունչը ճշգրտորեն և վստահելի կերպով է գրանցել պատմականորեն փաստվող իրադարձությունները մեծապես խոսում է դրա ճշմարտացիության մասին, երբ խոսքը վերաբերում է նաև կրոնական թեմաներին և վարդապետություններին, ինչպես նաև աջակցում այն ճշմարիտ պնդմանը, որ այն հենց Աստծո Խոսքն է։

Աստվածաշնչի Աստծո ճշմարիտ Խոսքը լինելու մեկ այլ արտաքին ապացույց է դրա մարդ հեղինակների ազնվությունը։ Ինչպես վերը նշեցինք, Աստված կյանքի տարբեր բնագավառներ ներկայացնող մարդկանց է օգտագործել Իր Խոսքը գրի առնելու նպատակով։ Այս մարդկանց կյանքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանք անկեղծ ու ազնիվ մարդիկ են եղել։ Այն փաստը, որ նրանք պատրաստ են եղել մահանալ և ոմանք նաև մահացել են տանջալի մահով հանուն այն ամենի, ինչին հավատացել են, խոսում է այն մասին, որ այս սովորական ու անկեղծ մարդկիկ սրտանց հավատացել են, որ Աստված է խոսել իրենց հետ։ Նոր Կտակարանը գրած հեղինակները և հարյուրավոր այլ հավատացյալներ (Ա Կորնթացիս 15․6) համոզված էին իրենց ուղերձի ճշմարիտ լինելու հարցում, քանի որ տեսել ու հաղորդակցվել էին Հիսուս Քրիստոսի հետ մահացածների միջից Նրա հարություն առնելուց հետո։ Հարություն առած Քրիստոսին տեսնելու փաստը նրանց վրա աննկարագրելի ազդեցություն ունեցավ։ Նրանք վախից թաքնված վիճակից անցում կատարեցին Աստծո հայտնած ուղերձի համար իրենց կյանքը զոհելու պատրաստակամությանը։ Նրանց կյանքն ու մահը վկայությունն է այն բանի, որ Աստվածաշունչը իրապես Աստծո Խոսքն է։

Աստվածաշնչի Աստծո ճշմարիտ Խոսքը լինելու վերջին արտաքին ապացույցը, որին այստեղ կանդրադառնանք, Աստվածաշնչի կենսունակությունն է։ Քանի որ Աստվածաշունչը մշտապես մեծ կարևորություն է ներկայացրել և ինքն իր մասին պնդել, որ Աստծո ճշմարիտ Խոսքն է, այն ամենադաժան հարձակումների է ենթարկվել, քան որևէ այլ գիրք մարդկության ողջ պատմության ընթացքում, և շատերն են փորձել վերացնել այն երկրի երեսից։ Սկսած վաղ շրջանի Հռոմեական կայսր Դիոկղետիանոսից մինչև կոմունիստական բռնատերերն ու ժամանակակից աթեիստները և ագնոստիկները, շատերն են գրոհել Աստվածաշնչի վրա, սակայն այն մինչ օրս էլ շարունակում է մնալ աշխարհի ամենաշատ հրատարակվող գիրքը։

Ժամանակի ընթացքում թերահավատներն ու կասկածամիտները Աստվածաշունչը դասել են առասպելական գրականության շարքը, սակայն հնագիտությունը հաստատում է դրա պատմական ճշգրտությունը։ Ընդդիմադիրները գրոհել են դրանում տեղ գտած ուսուցումների վրա՝ դրանք որակելով որպես պարզամիտ ու հետամնաց, սակայն դրա բարոյական և օրենսդրական սկզբունքները դրական ներգործություն են ունեցել ամբողջական հասարակությունների ու մշակույթների վրա ողջ աշխարհով մեկ։ Աստվածաշունչը շարունակում է ենթարկվել հարձակումների պսևդոգիտության, հոգեբանության և քաղաքական շարժերի կողմից, սակայն այն այսօր էլ մնում է նույնքան ճշմարիտ ու արդիական, որքան այն ժամանակ, երբ նոր էր գրի առնվել։ Աստվածաշունչը մի գիրք է, որը բազմաթիվ կյանքեր ու մշակույթներ է փոխակերպել անցած 2000 տարիների ընթացքում։ Անկախ Աստվածաշնչի հակառակորդների հարձակման, այն կործանելու և վարկաբեկելու փորձերի, Աստվածաշնչի ճշգրտությունն ու մարդկային կյանքերի վրա թողած ազդեցությունը անհերքելի իրողություններ են։ Այն անարատությունը, որով Աստվածաշունչը պահպանվել է, չնայած այն խեղաթյուրելու, ոչնչացնելու ու վերացնելու փորձերին, հստակ վկայություն է այն փաստի, որ Աստվածաշունչը Աստծո ճշմարիտ Խոսքն է և Աստված գերբնական կերպով պաշտպանել է այն։ Մենք չպետք է զարմանանք, որ որքան էլ դաժան հարձակումների ենթարկված լինի Աստվածաշունչը, այն մնացել է անփոփոխ և անվնաս։ Ի վերջո, Տեր Հիսուս ասել է․ «Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Իմ խոսքերը չեն անցնի» (Մարկոս 13․31)։ Ապացույցները տեսնելուց հետո մենք առանց որևէ կասկածի պետք է ասենք՝ այո՛, Աստվածաշունչը ճշմարտապես Աստծո Խոսքն է։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Արդյոք Աստվածաշունչն Աստծո ճշմարիտ Խո՞սքն է:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries