Հարց
Ինչպե՞ս և երբ է կազմվել Աստվածաշնչի կանոնը:
Պատասխան
«Կանոն» տերմինը օգտագործվում է նկարագրելու համար այն գրքերը, որոնք ունեն աստվածային ներշնչվածություն և, հետևաբար, Աստվածաշնչի մաս են կազմում։ Աստվածաշնչյան կանոնի սահմանման դժվարությունը նրանում է, որ Աստվածաշունչը չի տրամադրում այն գրքերի ցանկը, որոնք կանոնական են։ Կանոնը սահմանելը մի գործընթաց էր, որը սկսվեց հրեա րաբբիների կողմից և շարունակվեց վաղ քրիստոնեության աստվածաբանների կողմից։ Ի վերջո, Աստված էր, Ով որոշեց, թե ո՞ր գրքերն են ներառվելու աստվածաշնչյան կանոնի մեջ։ Աստվածաշնչի որևէ գիրք համարվում է կանոնական հենց այն պահից, երբ Աստված ներշնչեց դրա հեղինակին գրի առնելու այն։ Եվ խնդիրը կայանում էր նրանում, որ Աստված Իր հետևորդներին փոխանցեց այն համոզումը, թե որ գրքերը պետք է ներառվեն Աստվածաշնչի մեջ։
Նոր Կտակարանը կազմող գրքերի առումով բավականին քիչ տարաձայնություններ եղան, քան Հին Կտակարանը կազմող գրքերի դեպքում է։ Հրեա հավատացյալները ընդունում էին Աստծո ուղերձն իրենց փոխանցողներին և նրանց կողմից գրի առնված գրվածքները որպես Աստծո կողմից ներշնչված գրականություն։ Թեև Հին Կտակարանի կանոնի վերաբերյալ անհերքելի տարաձայնությունների կային, սակայն Ք․հ․ 250 թվականին գրեթե բոլորի կողմից ընդունելի համաձայնություն տեղի ունեցավ հրեական գրվածքների առումով։ Միակ խնդիրը Ապոկիրֆներն էին, որոնց շուրջ քննարկումները մինչ օրս էլ շարունակվում են։ Հրեա աստվածաբանների մեծամասնությունը Ապոկրիֆները կամ երկրորդականոն գրքերը ընդունում են որպես օգտակար կրոնական ու պատմական գրականություն, սակայն ոչ նույն հեղինակությունն ունեցող, ինչպիսին հրեական Սուրբ Գրվածքներն են։
Նոր Կտակարանի գրվածքների համախմբումը սկսվեց քրիստոնեական եկեղեցու վաղ շրջանում։ Սկզբում Նոր Կտակարանի որոշ գրքեր դարձան ընդունելի։ Պողոս առաքյալը Ղուկասի որոշ գրվածքներ Հին Կտակարանին համահավասար հեինակություն էր տալիս (Ա Տիմոթեոս 5․18, տե՛ս նաև Բ Օրինաց 25․4 և Ղուկաս 10․7)։ Պետրոսը Պողոսի գրվածքների հեղինակությունն էր ընդունում (Բ Պետրոս 3․15-16)։ Նոր Կտակարանի որոշ գրքեր շրջանառվում էին եկեղեցիներում (Կողոսացիս 4․16, Ա Թեսաղոնիկեցիս 5․27)։ Կղեմես Հռոմեացին նշում է առնվազն ութ նորկտակարանյան գրքեր (Ք․հ․ 95թ․)։ Իգնատիոս Անտիոքացին ընդունում էր յոթ գրքեր (Ք․հ. 115թ․)։ Հովհաննես առաքյալի աշակերտ Պողիկարպոսը 15 գիրք է նշում (Ք․հ. 108թ․)։ Ավելի ուշ, Իրենեոսը նշում է 21 գիրք (Ք․հ. 185թ․)։ Հիպողիտոսը ընդունում էր 22 գիրք (Ք․հ. 170-235թթ․)։ Նոր Կտակարանի ամենաշատ բանավեճերի առիթ տված գրքերն են՝ Երբայեցիս, Հակոբոս, Ա և Բ Պետրոս և Գ Հովհաննես թղթերը։
Առաջին «կանոնը» Մուրատորյան կանոնն էր, որը կազմվել է Ք․հ․ 170 թվականին։ Այն ներառում էր նորկտակարանյան բոլոր գրքերը, բացի Երբայեցիս, Հակոբոս, Ա և Բ Պետրոս, ինչպես նաև Գ Հովհաննես թղթերից։ Ք․հ․ 363 թվականին Լավոդիկեի տիեզերաժողովի ընթացքում հաստատվեց Հին Կտակարանը (երկրորդականոն գրքերի հետ միասին) և Նոր Կտակարանն իր 27 գրքերով, որոնք պետք է ընթերցվեին եկեղեցիներում։ Հիպպոնի (Ք․հ. 393թ․) և Կարթագենի տիեզերաժողովների ընթացքում (Ք․հ. 397թ․) կրկին հաստատվեց 27 գրքերի հեղինակությունը։
Հետագա տիեզերաժողովների հետևյալ սկզբունքները մշակվեցին, որոնցով որոշվում էր նորկտակարանյան գրքերի Սուրբ Հոգով ներշնչված լինելը՝ 1) Արդյոք տվյալ գրքի հեղինակը առաքյալներից մե՞կն է եղել կամ նրա անմիջական մերձավորներիից մեկը։ 2) Արդյոք տվյալ գիրքն, ընդհանուր առմամբ, ընդունելի՞ է Քրիստոսի մարմնի մյուս անդամների կողմից։ 3) Արդյոք գրքի բովանդակությունը խելամիտ վարդապետությո՞ւն է իր մեջ պարունակում և չի հակասում ճշմարիտ ուսմունքին։ 4) Արդյոք գիրքը կրո՞ւմ է բարձր բարոյականության ու հոգևորության արժեքներ, որոնք արտացոլում են Սուրբ Հոգու գործը։ Կրկին նշենք, որ կարևոր է հիշել, որ եկեղեցին չի որոշել կանոնը։ Աստված և միայն Աստված է որոշել, թե ո՞ր գրքերն են ներառվելու Աստվածաշնչի մեջ։ Աստված ներշնչեց ու ուղղորդեց Իր հետևորդներին կանոնի մեջ ներառել այն գրքերը, որոնք Ինքն էր որոշել։ Աստվածաշնչի գրքերի ամբողջականացման մարդկային գործընթացը անթերի չէր, սակայն Աստված Իր ինքնիշխանությամբ, անկախ մարդկային անկատարության ու թերի իմաստության, վաղ շրջանի եկեղեցուն պարգևեց Իր կողմից ներշնչված գրքերի ամբողջությունը։
English
Ինչպե՞ս և երբ է կազմվել Աստվածաշնչի կանոնը: