settings icon
share icon
Հարց

Ի՞նչ է նշանակում Աստվածաշնչի ներշնչվածությունը:

Պատասխան


Երբ մարդիկ ասում են, որ Աստվածաշունչը ներշնչված է, նրանք ի նկատի ունեն այն փաստը, որ Աստված այնպիսի աստվածային ազդեցություն է ունեցել Աստվածաշնչի մարդ հեղինակների վրա, որ նրանց գրի առածը հենց Աստծո Խոսքն է։ Աստվածաշնչի համատեքստում «ներշնչված» բառը կրում է «Աստծո շնչով գրված» իմաստը։ Ներշնչվածությունը նշանակում է, որ Աստվածաշունչը ճշմարտապես Աստծո Խոսքն է, ինչը այն առանձնահատուկ է դարձնում մյուս բոլոր գրքերի մեջ։

Թեև գոյություն ունեն Աստվածաշնչի ներշնչվածության մակարդակի վերաբերյալ տարբեր տեսակետներ, կասկածի տեղիք չի տալիս այն փաստը, որ Աստվածաշունչը պնդում է, որ դրանում տեղ գտած յուրաքանչյուր բառ բխել է Աստծուց (Ա Կորնթացիս 2․12-13, Բ Տիմոթեոս 3․16-17)։ Աստվածաշնչի հանդեպ այս տեսակետն անվանում են «բառացի ամբողջական» ներշնչվածություն։ Սա նշանակում է, որ ներշնչվածությունը տարածվում է յուրաքանչյուր բառի վրա (բառացի) և ոչ թե միայն գաղափարների ու հասկացությունների վրա, և որ այն տարածվում է Աստվածաշնչի բոլոր հատվածների ու թեմաների վրա (ամբողջական)։ Որոշ մարդիկ հավատում են, որ Աստվածաշնչի միայն որոշակի հատվածներն են ներշնչված կամ միայն կրոնական ուղղվածության մտքերն ու գաղափարները։Սակայն ներշնչվածության վերաբերյալ այս տեսակետները չեն համապատասխանում ներշնչվածության հանդեպ Աստվածաշնչի իսկ մոտեցմանը։ Բառացի ամբողջական ներշնչվածությունը Աստծո Խոսքի կարևորագույն հատկանիշն է։

Ներշնչվածության խորությունը հստակ արտահայտված է Բ Տիմոթեոս 3:16 խոսքում․ «Ամբողջ Գիրքն աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար»։ Այս խոսքը մեզ ասում է, որ ողջ Գիրքն է Աստծո ներշնչված և օգտակար է մեզ համար։ Ոչ միայն Աստվածաշնչի որոշակի հատվածներն են ներշնչված, որոնք կապ ունեն աստվածաբանական վարդապետությունների հետ, այլև ողջ Գիրքը՝ Ծննդոցից մինչև Հայտնություն։ Քանի որ Աստվածաշունչը ներշնչված է Աստծո կողմից, այն օժտված է անհրաժեշտ հեղինակությամբ, երբ հարցը վերաբերում է վարդապետությունների հաստատմանը, և բավարար հիմք է մարդկանց Աստծո հետ ճիշտ հարաբերություն ունենալու ուղիները ուսուցանելու համար։ Աստվածաշունչը ոչ միայն հայտարարում է, որ ներշնչված է Աստծուց, այլև գերբնական ունակություն ունի մեզ փոխելու և «ամբողջական» դարձնելու։ Ուրիշ ի՞նչ վկայության կարիք ենք մենք զգում։

Աստվածաշնչի ներշնչվածության մասին խոսող մեկ այլ հատված է Բ Պետրոս 1․21 հատվածը։ Այս խոսքն օգնում է հասկանալու, որ թեև Աստված մարդկանց է գործածել նրանց առանձնահատուկ անհատականություններով և գրելաոճով, այնուամենայնիվ, Աստված գերբնական կերպով ներշնչել է նրանց այն բառերը, որոնք նրանք շարադրել են։ Տեր Հիսուս Ինքն էր հաստատում Աստծո Խոսքի ներշնչվածությունը, երբ ասում էր․ «Մի՛ կարծեք, թե Ես եկա օրենքը կամ մարգարեներին ջնջելու. Ես չեկա ջնջելու, այլ իրականացնելու։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչև երկինքն ու երկիրը անցնեն, օրենքից մի կետ կամ մի փոքր նշանագիր անգամ չի անցնի, մինչև որ ամեն ինչ չիրականանա» (Մատթեոս 5․17-18)։ Այս հատվածում Տեր Հիսուս խոսում է Աստվածաշնչի անգամ ամենափոքր մանրուքների ու անգամ կետադրական նշանների մեջ ճշգրտության մասին, քանի որ այն հենց Աստծո Խոսքն է։

Քանի որ Աստվածաշունչն Աստծո ներշնչված Խոսքն է, մենք կարող ենք հետևություն անել, որ այն նաև անսխալական է և հեղինակավոր։ Աստծո հանդեպ ճիշտ տեսակետը կհանգեցնի Աստծո Խոսքի հանդեպ ճիշտ տեսակետին։ Քանի որ Աստված ամենակարող է, ամենագետ և կատարյալ, Նրա Խոսքը նույնպես իր բնույթի մեջ կրում է այդ նույն հատկանիշները։ Աստվածաշնչյան այն նույն հատվածները, որոնք խոսում են Աստծո Խոսքի ներշնչվածության մասին, խոսում են նաև դրա անսխալականության և հեղինակության մասին։ Անկասկած, Աստվածաշունչը հենց այնպիսին է, ինչպիսին գրված է դրանում՝ մարդկությանն ուղղված անհերքելի ու հեղինակավոր Աստծո Խոսք։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ի՞նչ է նշանակում Աստվածաշնչի ներշնչվածությունը:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries