settings icon
share icon
Հարց

Ինչո՞ւ է կարևոր քրիստոնեական մկրտությունը:

Պատասխան


Քրիստոնեական մկրտությունը երկու կարևորագույն հանձնարարություններից մեկն է, որը Տեր Հիսուս տվեց Իր Եկեղեցուն։ Համբարձվելուց առաջ Նա ասաց․ «Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը» (Մատթեոս 28․19–20)։ Այս հրահանգները բացահայտում են Եկեղեցու պատասխանատվությունը Տեր Հիսուսի խոսքերի ուսուցանման, աշակերտներ բարձրացնելու և այդ աշակերտներին մկրտելու գործում։ Նշված գործողությունները պետք է իրագործվեն ամենուր («բոլոր ազգերին») և «մինչև աշխարհի վերջը»։ Այսպիսով, եթե նույնիսկ այլ պատճառ չլիներ, ապա մկրտությունը մեծագույն կարևորություն կունենար հենց միայն նրա համար, որ Տեր Հիսուս է դա հանձնարարել Եկեղեցուն։

Մկրտությունը գոյություն ուներ մինչև Եկեղեցու ծնվելը։ Անտիկ աշխարհի հրեաները մկրտում էին այլազգի նորադարձներին որպես նրանց «մաքրագործված» էության խորհրդանիշ։ Հովհաննես Մկրտիչը մկրտությունն օգտագործում էր Տիրոջ ճանապարհը պատրաստելու համար՝ յուրաքանչյուրին մկրտության պահանջ ներկայացնելով, այլ ոչ թե միայն հեթանոսներից հրեության դարձածներին, որովհետև նրանք բոլորն ունեին ապաշխարության կարիք։ Սակայն Հովհաննես Մկրտչի ապաշխարության շեշտադրություն ունեցող մկրտությունը նույնը չէ, ինչ քրիստոնեական մկրտությունը։ Սա հստակ երևում է Գործք 18․24–26 և 19․1–7 հատվածներում։ Քրիստոնեական մկրտությունն ավելի խորը կարևորություն ունի։

Մկրտությունը պետք է տեղի ունենա Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։ Հենց սա է «քրիստոնեական» մկրտությունը։ Այս հրահանգի իրագործման արդյունքում է, որ անհատը մաս է կազմում Եկեղեցու հաղորդակցության։ Երբ փրկվում ենք, մենք Սուրբ Հոգու միջոցով մկրտվում ենք Քրիստոսի Մարմնի մեջ, որը Եկեղեցին է։ Ա Կորնթացիս 12․13 խոսքն ասում է, «Որովհետև մենք ամենքս էլ մեկ Հոգով մկրտվեցինք՝ մեկ մարմին լինելու համար. թե՛ հրեաներ, թե՛ հույներ, թե՛ ծառաներ, թե՛ ազատներ. ամենքս էլ մեկ Հոգուց խմեցինք»։ Ջրի մկրտությունը Հոգու այս մկրտության «վերահաստատումն» է։

Քրիստոնեական մկրտությունը միջոց է, որի շնորհիվ անհատը հրապարակային կերպով դավանում է իր հավատն ու աշակերտությունը։ Մկրտության ջրի մեջ մարդն առանց խոսքերի հայտարարում է․ «Ես դավանում եմ Քրիստոսի հանդեպ իմ հավատը․ Հիսուս իմ հոգին մաքրել է մեղքից, և ես այժմ նոր ու սրբագործված կյանք ունեմ»։

Քրիստոնեական մկրտությունը հրաշալի կերպով խորհրդանշում է Քրիստոսի մահը, թաղումն ու հարությունը։ Միևնույն ժամանակ, այն խոսում է մեղքի համար մահացած լինելու և Քրիստոսի համար կենդանի լինելու փաստի մասին։ Երբ մեղավոր մարդը դավանում է Տեր Հիսուսին, նա մահանում է մեղքի համար (Հռոմեացիս 6․11) և հարություն է առնում բացարձակապես նոր կյանքի համար (Կողոսացիս 2․12)։ Ջրի մեջ ընկղմվելը խորհրդանշում է մեղքի համար մահանալը, իսկ ջրից դուրս գալը՝ փրկությանը հետևող մաքրված ու սուրբ կյանքը։ Հռոմեացիս 6․4 խոսքն ասվածին հետևյալ ձևակերպումն է տալիս․ «Մկրտությամբ նրա հետ թաղվեցինք մահի մեջ, որպեսզի ինչպես Քրիստոսը մեռելներից Հոր փառքով հարություն առավ, այնպես էլ մենք նոր կյանքով ընթանանք»։

Եթե պարզ ասենք, ապա մկրտությունը հավատացյալի կյանքի ներքին փոփոխության արտաքին վկայությունն է։ Քրիստոնեական մկրտությունը փրկությունն ընդունելուց հետո Տեր Հիսուսի հանձնարարությանը հնազանդվելու գործողություն է։ Թեև մկրտությունը սերտորեն կապված է փրկության հետ, սակայն այն փրկվելու պայման չէ։ Աստվածաշունչը տարբեր հատվածներում ցույց է տալիս, որ իրադարձությունների հերթականությունը հետևյալն է՝ 1) մարդը հավատում է Տեր Հիսուսին և 2) հետո ընդունում մկրտությունը։ Այս հերթականությանն ենք հանդիպում նաև Գործք 2․41 խոսքում․ «Ովքեր նրա [Պետրոսի] խոսքը հոժարությամբ ընդունեցին, մկրտվեցին․․․» (տե՛ս նաև Գործք 16․14–15 հատվածը)։

Հիսուս Քրիստոսին ընդունած նորահավատը պետք է փափագի հնարավորինս շուտ ջրով մկրտվելուն։ Գործք 8-րդ գլխում Փիլիպպոսը եթովպացի ներքինուն «Հիսուսի մասին ավետարանեց», և երբ «ճանապարհով ընթանալիս մի ջրի մոտ հասան, և ներքինին ասաց. «Ահա ջուր. ի՞նչն է ինձ արգելում, որ մկրտվեմ․․․» (35–36 խոսքեր): Հենց այդտեղ նրանք կանգնեցրեցին կառքը, և Փիլիպպոսը մկրտեց նրան։

Մկրտությունը ներկայացնում է մարդու նույնացումը Քրիստոսի մահվան, թաղման ու հարության հետ։ Ցանկացած վայրում, որտեղ քարոզվում է Ավետարանը և մարդիկ հավատում են Քրիստոսին, տեղի են ունենում նաև մկրտություններ։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ինչո՞ւ է կարևոր քրիստոնեական մկրտությունը:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries