settings icon
share icon
Հարց

Պե՞տք է արդյոք քրիստոնյա հավատացյալները մարզվեն։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը առողջության մասին։

Պատասխան


Ինչպես կյանքի շատ ոլորտներում, մարմնի խնամքի և մարզվելու հարցում նույնպես կարող են լինել ծայրահեղություններ։ Ոմանք ամբողջովին կենտրոնանում են հոգևոր ոլորտի վրա և անտեսում իրենց ֆիզիկական մարմինները։ Մյուսները այնքան են կենտրոնանում իրենց մարմնի ձևի ու կազմվածքի վրա, որ անտեսում են հոգևոր աճն ու հասունությունը։ Այս երկու մոտեցումներից ոչ մեկն էլ չի պահպանում աստվածաշնչյան հավասարակշռությունը։ Ա Տիմոթեոս 4․8 խոսքում կարդում ենք․ «․․․որովհետև մարմնամարզությունը քիչ բանի համար է օգտակար, իսկ աստվածապաշտությունն ամեն ինչի համար օգտակար է։ Այն ունի այժմյան ու գալիք կյանքի ավետիսը»։ Ուշադրություն դարձրեք, որ այս խոսքում չի ժխտվում մարմնամարզության օգտակարությունը։ Ավելի շուտ, այն ասում է, որ մարզվելն արժեքավոր բան է, սակայն որպես ավելի մեծ արժեք ներկայացնող առաջնայնություն է համարում աստվածապաշտությունը։

Պողոս առաքյալը ֆիզիկական մարզման մասին խոսում է նաև որպես հոգևոր ճշմարտություն ներկայացնող համեմատության (Ա Կորնթացիս 9․24-27): Նա քրիստոնեական կյանքը համեմատում է մրցավազքի հետ, որը մենք վազում ենք որպեսզի ստանանք մրցանակը։ Սակայն մեր մրցանակը հավիտենական պսակն է, որը չի թոշնում ու թառամում։ Բ Տիմոթեոս 2․5 խոսքում Պողոս առաքյալն ասում է․ «Նույնպես և մարզիկը դափնեպսակ չի ստանա, եթե օրենքի համաձայն չմրցի»։ Նա կրկին մարզիկի օրինակին է դիմում Բ Տիմոթեոս 4․7 խոսքում․ «Բարի պատերազմ մղեցի, ընթացքը ավարտեցի, հավատը պահեցի»։ Թեև այս հատվածների կենտրոնացումը ֆիզիկական մարզումը չէ, Պողոս առաքյալը մարզական տերմինոլոգիա է կիրառում մեզ հոգևոր ճշմարտություններ փոխանցելու համար, և սա խոսում է այն մասին, որ Պողոս առաքյալի համար մարզվելը և անգամ մրցելույթները դիտվում են դրական լույսի ներքո։ Մենք, միևնույն ժամանակ, թե՛ ֆիզիկական և թե՛ հոգևոր էակներ ենք։ Չնայած մեր էության հոգևոր կողմն, ըստ Աստվածաշնչի, ավելի կարևոր է, մենք չպետք է անտեսենք մեր առողջության ո՛չ հոգևոր և ո՛չ էլ ֆիզիկական կողմերը։

Այսպիսով, հստակ է, որ ոչ մի սխալ բան չկա, երբ հավատացյալ քրիստոնյաները մարզում են իրենց մարմինները։ Իրականում, Աստվածաշունչը հորդորում է, որպեսզի մենք խնամք տանենք մեր մարմինների համար (Ա Կորնթացիս 6․19-20)։ Միևնույն ժամանակ, Աստվածաշունչը զգուշացնում է մեզ գեղեցկությամբ հմայվելու դեմ (Ա Թագավորաց 16․7, Առակաց 31․30, Ա Պետրոս 3․3-4)։ Մարզվելու հարցում մեր նպատակը չպետք է լինի մեր մարմինների որակը բարձրացնելը, որպեսզի մյուսները նկատեն դա ու հմայվեն մեր մարմնով։ Ավելի շուտ, մեր նպատակը պետք է լինի մեր ֆիզիկական առողջությունը բարելավելը, որպեսզի ավելի շատ ֆիզիկական էներգիա ունենանք, որպեսզի ավելի մեծ նվիրումով նվիրվենք հոգևոր նպատակների իրագործմանը։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Պե՞տք է արդյոք քրիստոնյա հավատացյալները մարզվեն։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը առողջության մասին։
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries